Բոլորս հավասար ենք

Բոլորս հավասար ենք

Որոշ ֆատալիստներ կարծում են, որ այս վարակը պատահական մի դիպված չէ մարդկության ճակատագրում, այն ի վերուստ մեզ ուղարկված է, որ վերարժեւորենք-վերագնահատենք մեր կյանքը։ Նախ սթափվենք ու հիշենք, որ կյանքն անցողիկ է եւ ամեն րոպե կարող է խզվել՝ մեր կամքից անկախ պատճառներով ու հանգամանքներում, ուստի չարժե ապրել կենցաղային արժեքներով ու կրքերով, հակամարտել միմյանց հետ, չարություն տարածել, նախանձել ու վատաբանել միմյանց։ Մեծ դասականն ասում էր, չէ՞․ «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»։ Այս աղետը նաեւ եկավ մեզ ասելու, որ չարժե գլխովին տրվել փող աշխատելու մոլուցքին, քանզի, պարզվեց, նման աղետների ժամանակ բոլորս հավասար ենք՝ հարուստներն ու աղքատները, գիտուններն ու հիմարները, պաշտոնյաներն ու բոմժերը նույնկերպ ենթակա են վարակվելու վտանգին։ Բոլորս այսօր հայտնվել ենք նույն կարգավիճակում, եւ ոչ մեկին չի կարողանալու փրկել ո՛չ կուտակած ահռելի հարստությունը, ո՛չ գիտելիքների հզոր պաշարը, ո՛չ մեծամեծ լծակներն ու բազմաքանակ թիկնազորը։ Այս վարակի մեջ ոչ միայն սոցիալական հավասարության, այլեւ ինչ-որ արդարության տարր կա՝ այն «տանում» է տարեցներին, խնայելով երեխաներին ու երիտասարդներին։ Այս հիվանդության համար առավել խոցելի են հիվանդ մարդիկ, իսկ առողջները, որպես կանոն, հաղթահարում են այն։ Այսինքն, բնական սելեկցիա է գնում, որքան էլ դա անբարո հնչի։ Մեր տատիկ-պապիկներն ասում էին, չէ՞․ «ինչ լինում է, թող մեզ՝ տարեցներիս լինի», երիտասարդները թող շարունակեն նաեւ մեր փոխարեն ապրել։ Իսկ ԱՅԳ-ի հոգեբաններն ասում են․ կորոնավիրուսի հանդեպ վախերը շատ են, քանի որ այլ հիվանդությունների պատճառները, ախտանիշները, հետեւանքներն ու ընթացքը հայտնի են, իսկ այս պարագայում անհայտությունը մեծ է։