Ես չգիտեմ, թե պատգամավորը իր ֆանտազիային ինչպիսի ազատություն է տվել, բայց դա անընդունելի է․ Գևորգ Պետրոսյան

Ես չգիտեմ, թե պատգամավորը իր ֆանտազիային ինչպիսի ազատություն է տվել, բայց դա անընդունելի է․ Գևորգ Պետրոսյան

«Պատգամավորը իրավունք չունի միջամտել արդարադատությանը՝ և՛ դատարանի դահլիճում, և՛ դատարանի դահլիճից դուրս»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե օրինաչա՞փ է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա կազմակերպելը, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը․

«Ես չգիտեմ, թե պատգամավորը իր ֆանտազիային ինչպիսի ազատություն է տվել, բայց դա անընդունելի է։ Պատգամավորի և ընդհանրապես հանրային հեղինակություն ունեցող անձանց համար քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է արարողակարգ, և նրանք իրավունք ունեն ոչ թե միջամտելու, այլ միջնորդություն ներկայացնելու, որ, ասենք, կալանքը փոխարինվի անձնական երաշխավորությամբ, բայց օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն պետք է իրավական գնահատականի արժանանա»,- հավելեց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքի էջում գրել էր․

«Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:

Չի կարելի թույլ տալ, որ Երեւանը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր՝ ժամը 13:00-ին, բոլորս դեպի Նոր Նորքի դատարան»։

Պետրոսյանին հարցրինք նաև, թե ինչ կարծիք ունի Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կողմից դատարանին միջնորդագիր ներկայացնելու հանգամանքի վերաբերյալ, կարծիքներ կան, որ նրանք Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ են, և դատարանը չպետք է այդ միջնորդագիրը հաշվի առնի․

«Գործող օրենսդրությունը չի նշում, թե որ երկրի, ասում է՝ հեղինակություն ունեցող մարդիկ, դատարանը դա պետք է գնահատի, թե միջնորդություն ներկայացրած անձինք ունե՞ն այդպիսի հեղինակություն, թե՞ ոչ։ Ես անձամբ մեծ հարգանքով եմ վերաբերվում միջնորդությունը ներկայացրած անձանց, բայց մնացածը դատարանի գնահատման խնդիր է»,- պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Մի քանի օր է Քոչարյանի գործով դատավարությունը ուղեկցվում է աղմկահարույց իրադարձություններով՝ 2 ճամբարների բաժանված քաղաքացիներ, փոխադարձ վիրավորանքներ ու ծեծկռտուք։ Պետրոսյանին հարցրինք, թե սա կարո՞ղ է պառակտել հասարակությանը․

«Չեմ կարող ասել, որ սա նշանակում է պառակտում, բայց պառակտման վտանգ կարող է լինել, և ընդհանրապես փողոցը պետք է ձեռնպահ մնա արդարադատությանը միջամտելուց՝ և՛ այս կողմում, և՛ այն կողմում, և այդպես մարդկանց միջև թշնամություն հարուցելով միմյանց հարցերը լուծել փորձելը անընդունելի է։ Ես կոչ եմ անում դատարաններին չտրվել այդ սադրանքներին և հիշել, որ ՀՀ-ում արդարադատությունը իրականացվում է ոչ թե փողոցային կոչերի ու հորդորների, սպառնալիքների միջոցով, այլ Սահմանադրությամբ և օրենքներով»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը: