Հուրգադայից ևս 109 քաղաքացի այսօր կտեղափոխվի Երևան

Հուրգադայից ևս 109 քաղաքացի այսօր կտեղափոխվի Երևան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հուրգադա-Երևան չվերթի հետ կապված խնդրին:

«Մենք կարողացանք կազմակերպել երկու թռիչք ու առաջին օդանավով Հայաստան տեղափոխվեց 132 քաղաքացի, երկրորդ թռիչքով՝ 183 քաղաքացի, որից 8-ը՝ մանկահասակ, հետագայում պարզվեց, որ դեռևս 109 քաղաքացի մնացել է այնտեղ, նրանք այսօր ժամը 14:25-ին  կտեղափոխվեն Երևան «Տարոն-ավիա» ընկերության օդանավով»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով ընկերությանը այս տեղափոխումը կազմակերպելու համար։ 

Փոխվարչապետը նաև նկատեց, որ իրենք պետք է քննարկեն պատճառներն ու հասկանան, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու խնդիրը կանխելու և պատասխանատուներին պատժելու համար։

Կառավարությունը որոշեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին 2019 թվականի պետական բյուջեից հատկացնել 12.000 ԱՄՆ դոլար` 5 մլն 838 հազ դրամ՝ Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու համար: