1998-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրգործի հարուցումը մերժվել է

1998-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրգործի հարուցումը մերժվել է

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։ 

«Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի ընթացքում վերջինս բացատրություն է տվել նաև ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասին: 
Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով. ընտրությունների արդյունքները կեղծելու մասով մերժվել է քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու, իսկ ԱՎՎ-ից կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասով` անձի նկատմամբ նույն մեղադրանքից հրաժարվելու մասին դեռևս 2000 թ.-ին կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով»,- փոխանցեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք․ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․ «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»: