Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այդքան էլ թափանցիկ և իրավաչափ չէ

Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այդքան էլ թափանցիկ և իրավաչափ չէ

Արդեն 20 տարուց ավելի մեր երկրում գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը, որն առավել հայտնի է «Սորոսի հիմնադրամ» անվանմամբ: Իրականացված է մեծ ծավալի աշխատանք, ծախսված են հսկայական գումարներ, սակայն որեւէ մեկին հայտնի չէ այն ձեւաչափը, որով առաջնորդվում է հիմնադրամը դրամաշնորհ տրամադրելիս: Տրամաբանությունը հուշում է, որ հիմնադրամը պետք է բաց, թափանցիկ գործի: Համենայնդեպս, այդօրինակ եզրակացության կարող է հանգեցնել անգամ հիմնադրամի անվանումը եւ, հետեւաբար, որդեգրված նպատակը: 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի անունից դրամաշնորհային ծրագիր ներկայացրեցի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ին: Ներկայացրածս թեման, այն է՝ «Լյուստրացիան եւ դեկոմունիզացիան՝ որպես ժողովրդական բարեփոխումների խթան», համահունչ էր հիմնադրամի ծրագրերին, քանզի դժվար է բաց անվանել այն հասարակությանը, որտեղ իրականացված չէ լյուստրացիան: Ծրագիրը ներկայացնելոց հետո անցավ ավելի քան մեկ ամիս: Այդ ժամանակահատվածում հիմնադրամից որեւէ արձագանք, հրավեր եւ որեւէ լուր չկար: Եվ միայն մի քանի օր առաջ ստացա էլեկտրոնային նամակ: Հիմնադրամից ինձ տեղեկացնում էին, որ «Մրցույթում ներկայացվել էին մեծ թվով որակյալ հայտեր, ներառյալ՝ նաեւ Ձերը: Ընտրության գործընթացը խիստ մրցակցային էր: Ցավոք, Ձեր կողմից ներկայացված հայտը չի ընդգրկվել մրցույթում ընտրված դիմումների կազմում»: Այնուհետեւ ինձ հաջողություն էին մաղթում, ինչպես նաեւ խրախուսում էին հետագա մրցույթներին մասնակցելու համար:

Որեւէ մեկը չի կասկածում, որ մրցույթում ներկայացված էին մեծ թվով որակյալ հայտեր, եւ, հետեւաբար, մրցույթը խիստ մրցակցային է եղել: Խոսքն անգամ իմ կողմից ներկայացված ծրագրի մասին չէ, քանի որ եթե ես ներկայացրել էի աշխատություն «սովորական» լյուստրացիայի վերաբերյալ, ապա հավանական եմ համարում, որ հաղթող աշխատությունը «տոտալ» լյուստրացիայի մասին լինի: Խնդիրն այլ է: Ովքե՞ր են «որակյալ հայտեր» ներկայացնողները, քանի՞սն են նրանք, ինչքանո՞վ է խիստ եղել մրցակցային գործընթացը, ե՞րբ է այն սկսվել եւ ավարտվել, ի՞նչ գործողությունների համալիրից է բաղկացած այդ գործընթացը: Բացի այդ, պարզ չէ, թե ով կամ ովքեր են ընդգրկված մրցութային հանձնաժողովի կազմում, եւ արդյոք կա՞ այդպիսին, ե՞րբ է կայացվել որոշումը, քանի՞ հոգի են եղել կողմ, դեմ եւ ձեռնպահ, ովքե՞ր են հաղթողները, եւ, ի վերջո, որտե՞ղ է անցկացվել մրցույթը: Հարցերը շատ են: Պատասխաններ չկան: Դա նշանակում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործունեության մեջ բացակայում է թափանցիկությունը՝ այն այդքան էլ բաց չէ:

Սորոսի հիմնադրամը Հայաստանում գործող հանրային նշանակության կազմակերպություններից մեկն է, եւ, հետեւաբար, այն պետք է գործի մեր երկրի իրավական դաշտում գործող օրենքներին համահունչ: Հիմնադրամի պատասխանատուները պետք է հասկանան, որ իրենք քաղաքացիներին իրավունք են տրամադրում կամ մերժում են դրա տրամադրումը, ինչը պետք է կարգավորվի բացառապես ՀՀ-ում գործող օրենքներով: Կցանկանայի հիշեցնել նաեւ, որ հիմնադրամի հիմնական գործառույթը մրցույթ կազմակերպելն է, ինչը նույնպես իրավակարգավորումներ ունի: Մի խոսքով, հիմնադրամը պետք է առաջնորդվի օրենքներով, որ, համենայնդեպս ինձ մոտ, հարցեր չառաջանան:
Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ մինչ այսօր որեւէ մեկը չի բարձրաձայնել Հայաստանում գործող՝ դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունների գործունեության թափանցիկության եւ իրավաչափության մասին կարծիքը: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի օրինակով փորձեցի բարձրաձայնել, որ հայաստանյան դոնոր կազմակերպություններն այդքան էլ թափանցիկ եւ իրավաչափ չեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ