Ժամանակն է, որ մեզ հենց ճիշտ հասկանան

Ժամանակն է, որ մեզ հենց ճիշտ հասկանան

Արդեն հոգնել եմ ասելուց, որ քաղաքական մեկնաբանը պետք է լինի քաղաքական մեկնաբան եւ ոչ թե քաղաքական դաշտում խաղեր տվող բոմժ, որ համառորեն փորձում է իրեն մատուցել օրվա իշխանություններին: Մեկնաբանը կարող է, իհարկե, երկրի շահերից բխող տեսակետներ առաջ մղել, բայց նա դա պարտավոր է անել մարդկային հասարակ տրամաբանության շրջանակներում, որպեսզի արվող գործը չանցնի արկածային գրականության սահմանները: Այսինքն, պետք է ծանոթ լինել փաստերը համադրելու եւ եզրակացություն անելու նուրբ արվեստին, որպեսզի ամեն տող գրելիս չմտածես`«յարաբ» Նիկոլը կամ Պողոսը ինչ կասի:

Թույլ տվեք անուն ու լրատվամիջոց չնշել, որովհետեւ նշելու դեպքում մեր վայ-մեկնաբաններն ավելի են կատաղում` հետեւություն անելու փոխարեն: Կխոսենք մեր արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած «աշխարհացունց» մի շրջադարձի մասին, որը հայկական լրատվամիջոցներում, իհարկե՝ մեր քաղաքական մեկնաբանների շնորհիվ, լղոզվեց այնպես, որ արդեն չես հասկանում` ով ում բարեկամն է:

Խոսքը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության մասին է, որով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ նոր տոնայնություն է մտցվել: «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» խեղճուկրակ ձեւակերպման փոխարեն ՀՀ Պնախարարն առաջարկել է նոր ձեւակերպում` «Նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց»: Տոնոյանի այս հայտարարությանը, եթե ճիշտ ենք նկատել, արձագանքել են միայն Ադրբեջանի արտգործնախարարությունը եւ այդ երկրի նախագահ Ալիեւը, որն իր ասքյարների առաջ հայտարարել է, թե ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը: Ադրբեջանի արտգործնախարարությունից ԵԱՀԿ ՄԽ-ին շտապել էին տեղեկացնել, թե՝ հարայ, Հայաստանն ագրեսոր է, խոսում է նոր տարածքների մասին, իսկ պաշտպանության նախարարն էլ հայկական զորքին հարձակման հրաման է տվել:

ԵԱՀԿ ՄԽ-ն, իհարկե, հրաշալի է հասկացել Տոնոյանի հայտարարության իմաստը, որով ընդամենը ասվել է` Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանին պատերազմով սպառնալ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը: Հակառակ պարագայում, եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, փորձի նոր պատերազմ սկսել, ապա դա նրա վրա թանկ կնստի, ընդհուպ նոր տարածքներ զիջելու աստիճան: Ճիշտն ասած` մենք նույնիսկ դժվարանում ենք հասկանալ, թե ինչու են Տոնոյանի այս խաղաղասիրական հայտարարության պատճառով  աղմկում Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ «խաղաղասեր» Ալիեւը: Բայց մյուս կողմից էլ չենք հասկանում այն հայ մեկնաբաններին, որոնք, դեմքներին լուրջ արտահայտություն տված եւ, միեւնույն ժամանակ, տակները լցրած, հոդվածներ են թխում, թե բա Տոնոյանն այդ բանը պիտի չասեր, որովհետեւ դա կարող է վատ անդրադառնալ հայ-ամերիկյան, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ ու չգիտեմ էլ ինչ հարաբերությունների վրա:

Այդ նույն մարդիկ, ի դեպ, ցավ են ապրում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ստանձնել է Տոնոյանի հայտարարության քաղաքական պատասխանատվությունը: Բա որ Բոլթոնն անցյալ տարվա հոկտեմբերին եկել էր Հայաստան եւ մեզ հետ հույսեր էր կապում, հիմա չի՞ նեղանա՝ գրում են մեր մեկնաբանները: Իսկ ինչո՞ւ պետք է նեղանա Բոլթոնը, որին ԱՄՆ-ում մի քանի օր շարունակ Տոնոյանը հեռակա կարգով լսեցրել է, որ այսպես չի լինի, Բոլթոն ջան, Հայաստանը ձեր ամենատարբեր առաքելություններում ամեն ինչ անում է աշխարհում խաղաղություն հաստատելու համար, բայց մեր սահմանների մոտ մեզ պատերազմով են սպառնում: Բոլթոնը սա լսում ու հասկանում է, պարոն մեկնաբաններ, եւ նա, ի տարբերություն ձեզ, այս ամենին լուրջ է վերաբերվում, որովհետեւ, այո, Հայաստանը պետություն է, որտեղ, այո, Պնախարարը չի կարող մի այնպիսի բան ասել, որ վարչապետը չստանձնի դրա քաղաքական պատասխանատվությունը:

Այս ամբողջ գյալաջիի փոխարեն կարելի էր, թերեւս, փորձել հասկանալ, թե ինչու Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդեց Տոնոյանի այդ հայտարարությունը: Սա հետաքրքիր է այն առումով, որ մինչ այս ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին, սովորաբար, որպես գլխավոր իրադարձություն` հաջորդում էր ՄԽ համանախագահների հայտարարությունը միայն: Ի դեպ, Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ալիեւը հրաժարվել է խոսել` լրագրողներին խորհուրդ տալով սպասել համանախագահների հայտարարությանը: Եվ, ահա, ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարն իր հայտարարությամբ, փաստորեն, ստեղծում է մի իրավիճակ, որ քննարկումից դուրս է մնում ՄԽ համանախագահների հերթական հոգնեցնող հայտարարությունը:

Այս քայլով, անկախ այն բանից, որ ՀՀ արտգործնախարարը Վիեննա էր մեկնել Մոսկվայից, իսկ Փաշինյանն ու Ալիեւն իրենց հանդիպման մանրամասները հերթով «պատմել» էին Պուտինին, Հայաստանը նաեւ ցույց տվեց, որ չի սպառել բանակցային գործընթացի վրա ուժեղ ազդեցություն ունենալու իր բոլոր հնարավորությունները: Մենք իսկապես չենք դադարում զարմացնել ՄԽ համանախագահներին` հրաժարվում ենք բանակցել Արցախի փոխարեն, հիմա էլ հայտարարում ենք, որ նոր պատերազմից հետո Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել նոր շրջանների շուրջ… Սա վատ չէ, եթե մենք ներքուստ մեզ չտրամադրենք այն մտքին, որ Վաշինգտոնում կամ Մոսկվայում կարող են մեզ սխալ հասկանալ: Իսկ ժամանակը չէ՞, որ նրանք փորձեն մեզ հենց ճիշտ հասկանալ, ըմբռնել, որ արդեն 30 տարի Արցախն անկախ երկիր է, պետություն` իր նախագահով, իր կառավարությամբ, իր օրենսդիր մարմնով, իր բանակով եւ ժողովրդավարության իր մյուս ինստիտուտներով:

Մինչ Ադրբեջանում իշխանությունը հորից որդուն է անցնում, Արցախում երեք նախագահ է փոխվել. Վաշինգտոնում ու Բրյուսելում սա չե՞ն հասկանում, որ դեռ մտածում են, հանուն խաղաղության, Արցախին Ադրբեջանի կազմում «ստատուս» տալու մասին:
Շատ կուզենայինք հասկանալ նաեւ, թե ինչ կապ ունի Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունը հայ-ամերիկյան լավ հարաբերությունների հետ: Սա այնպիսի վախեր է ծնել հայաստանյան որոշակի շրջանակներում, որ չգիտենք նույնիսկ ինչպես փարատել նրանց անհանգստությունը: Սա մեր նոր անկախության պատմության մեջ թերեւս առաջին դեպքն է, որ մայր հայրենիքը ոչ միայն հայտարարություններով ու սնունդով, այլեւ իր անմիջական ներկայությամբ է զորավիգ կանգնում իր զավակներին: Մյուս կողմից էլ` մարդասիրությունը տարբեր տեսակի չի լինում: Ի՞նչ է, Սիրիայում գտնվող մեր սակրավորները կհրաժարվե՞ն Բոլթոնի հայրենակիցների խնդրանքով ինչ-որ տարածք ականազերծել:

Ավարտեմ` գալով հոդվածի սկզբին: Հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ այս ելույթով էլ մենք փորձեցինք հաճոյանալ ՀՀ իշխանություններին: Արցախի հարցն այն հարցը չէ, որին կարելի է վերաբերվել քաղաքական կամ մեկ այլ շահ հետապնդելով: Ըստ այդմ` ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, հարգում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե դա կապ ունի արցախյան բանակցային գործընթացում առաջացած որեւէ դժվարության հետ, կհարգեմ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե դա է Արցախի հարցում զիջումներ թույլ չտալու միակ ելքը: