Աղավնի Գրիգորյան. Կարմիր ծառեր

Աղավնի Գրիգորյան. Կարմիր ծառեր

***
Երկինքը հուր է:
Երկինքը մուր է, անթիթեռ:
Կապույտի սով է:
Կարմիր մշուշ է ու… մգվում է դեռ:

***
Ոռնում են արկերը, 
Պայթում են՝ նորերն են հերթի:
Փլվում են մայրերը՝
ծնկել են մայրերն աղոթքի:

***
Աստղերի տեղում, 
Աստղերից արագ ծնվող Անուններ:
Աստղածնունդ է՝
Մեկն անմահացավ… երեխա էր դեռ:

***
Ցավը սսկվել է, 
Ցավն է´լ լացելու արցունքներ չունի:
ԿԱՐՄԻՐ ԾԱՌԵՐ են  
Ծիլ տվել հողում անմահ քաջերի:

***
Երազն` իր տունն է.
Արեւ է, 
կողքին սիրելին…
- Նանի՜կ, -
թռչում է
վե՜ր, վեր՜… հասնում սարերին:

Երազն իր տունն է:
- Կրա´կ, - 
ոռնում է քամին:
Ցուրտ է, 
մրսում է…
Կարմիր է մաղում սարերին:

Երազ էր…  Տունն էր…

***
Բառը համրացել, վազում է բոբիկ,
Պատերազմ է…
Զինվորը տնքաց, հողն` արյունլվիկ…
Պատերազմ է…
Ծլեց բողբոջած բարուրն առանց հոր՝
Պատերազմ է:
Աստվա´ծ, չանտեսես աղոթքները մոր՝
ՊԱՏԵՐԱԶՄ Է…

***
Այս աշնան նման ծաղկառատ աշուն 
Չէր եղել վաղո՜ւց:
Ժայռ ու ծերպերին քարերն են ծաղկել՝ 
Ցավի՞ց, թե՞… սիրուց…

Ալ կակաչներ են սրտերում բացվել
Պուտ-պուտ վերքերից,
Վիրավոր արծիվն հպարտ սլացքով
Թեւում է նորից:

Աշունը կիսվեց, էլ չվել չկա´, 
Կռո´ւնկ, դարձիր տուն:
Կռո՜ւնկ… հնչում է իբրեւ ռազմակոչ 
Խոցված մատուռում:

Այս աշնան նման ծաղկառատ աշուն 
Չէր եղել վաղո՜ւց:
Ժայռ ու ծերպերին քարերն են ծաղկել. 
Ծաղկել են սիրուց:

***
Տուն հասիր, 
Զինվո´ր,
նկար 
չդառնաս…

***
Խրամատներից ծուխ է բարձրանում,
Ու սեւով գրում կարմիր անուններ.
ԿԱՐՄԻՐ ԾԱՌԵՐՆ են հողին ամրանում,
Որ տուն ու օրոցք չմնան անտեր:

***
«Չկա´ս…»:
Լռությունն
Է´լ հասցե չունի՝
Ճիչ է խորտակված,
Խելագարվել է,
Ցավով պայթում է 
Երակներում բաց…

«Չկա´ս…»:
Բացակադ  
Երկարեց անդարձ՝
Պտույտ է անվերջ:
«Սպասի´ր, գալու եմ…»
Հալվե՜ց ու մնաց 
Անցնող աշնան մեջ:

«Չկա´ս…»:
Մասրենին
կոտրած թեւերին
Կարմիր է հագել,
Ու մի աղջնակ՝ 
վարդե աչքերով, 
Ո՜նց է ճերմակել…

***
Բյուրավոր դատարկ մահիճ,
Բյուրավոր թելահան բարուր…
Երկնքում իրար գտան,
Երկնքով գնում են… ո՞ւր…

***
Անուն, ազգանուն… եղբա՜յր…
Անուն, ազգանուն… սիրելի՜…
Անուն, ազգանուն… ախր ո՜նց… ինչո՜ւ…
Անուն, ազգանուն… սուտ լիներ, երանի՜…
Անուն, ազգանուն՝ բժիշկ…                                                                                                                                    
Անուն, ազգանուն՝ դերասա´ն…
Անուն, ազգանուն՝ երաժի´շտ…
Անուն, ազգանուն… հայր դարձավ, չիմացա՜վ…
Անուն, ազգանուն… ԶԻՆՎՈՐ էր մանկուց…
Անուն, ազգանուն՝ երազող…
Անուն, ազգանուն… հավատում էր, որ աշխարհը փոխելու է մի օր…
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս…

***
Ուրիշ անձրեւ էր…
Քառասուն գիշեր
Երկնքից մահ էր
Թափվում անխնա:
Հետո գուժեցին.
«Արե՛ւն է վիժել»,
Ու ստորագրեցին.
«Լուսաբաց չկա´…»:

***
Երկինքը լուռ է:
Երկինքը ցուրտ է՝ անթիթեռ:
Կապույտի սով է:
ԿԱՐՄԻՐ ԾԱՌԵՐ են, ու գիշեր է դեռ…

***
Անսպասելի 
ձյուն կգա նոյեմբերին. 
մեծ-մեծ փաթիլներով,
սպիտա՜կ, երազի պես,
հեքիաթի պես՝ 
անժպիտ գուցե,
ճմռթված կնճիռներով,
բայց անհերքելի:

Ձյուն կգա,
ասես հաշտվել է երկինքն անուններին բյուր,
անուններին նոր,
ասես չկա կուրությունը դարի
եւ իրական չեն անձրեւները, որ  
հոսեցին հողն ի վեր, աշունն ի վար… 
քանզի բոլո´րը տեսան,
եւ բոլո´րը լռեցին, որ 
ԿԱՐՄԻՐ էին…

Ձյուն կգա… 
որ աշխարհի մեջ՝ 
աշխարհից դուրս մի մանուկ 
հավատա խաղաղությանը ճերմակ,
որ գտնի թիթեռներին 
ռումբերից խռոված մանկության…
Ու երբ զրնգա ավետիս-զարթոնքն օրորոցի,
մի փոքրիկ մեծսիրտ մայր «ա՜խ» կդառնա, 
մի փոքրիկ լուսե մայր ձյուն կդառնա՝ 
սպիտակ, մե՜ծ, մե՜ծ փաթիլներով,
Ու կիջնի՜… կիջնի՜ սարերին…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ