Իշխանությունների սխալ հաշվարկը

Իշխանությունների սխալ հաշվարկը

Մինչ  վարչապետը կհայտարարեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի կեսերից արդեն սկսել էր հանդիպումների շարք զանազան կուսակցությունների ղեկավարների հետ։ Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների գաղափարն իշխանությունը հղացել էր ավելի վաղ, քան դրա մասին կհայտարարվեր «առաջին» բերանով։ 

Սակայն ազդարարելով խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժերից բացի նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու մտադրության մասին՝ իշխանությունն ակնհայտորեն սխալվել է։ Որովհետև հայ  քաղաքական դաշտում չկան գործող քիչ թե շատ հայտնի, ծանրակշիռ քաղաքական ուժեր, որոնք դուրս են 17+ ընդդիմադիր ձևաչափից, բայց պատրաստ են «խորհրդակցել» Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Ընդհանուր քաղաքական մթնոլորտն այնպիսին է, որ ցանկացած այդպիսի «խորհրդակցություն» կմատնի դրան մասնակից քաղաքական կուսակցությանն իբրև լուսանցքային-գրպանային ուժի, որի «կենդանացման» համար իշխանության հետ խորհրդակցելն ամենևին էլ լավագույն սցենարը չէ։ 
Սխալ է նաև իշխանական թևի այն հաշվարկը, թե 17+ ձևաչափում չընդգրկված արտախորհրդարանական ուժերը կարող են միավորվել իբրև 17+-ի այլընտրանք․ հայ քաղաքական դաշտն այդ ռեսուրսը պարզապես չունի։

Եթե վերհիշենք, թե ԱԺ նախագահն ի՛նչ ուժերի հետ է «խորհրդակցել» վերջին շրջանում, ակնհայտ կդառնա, որ այդ ամենն իսկապես այնքան էլ լուրջ չէ։ Ավելին՝ մատնում է իշխանության՝ բուն ընդդիմության լրջությանն իր անհամարժեք լինելու մասին, երբ վերջինս կտրականապես հերքել է արտահերթ ընտրությունների գաղափարը և պահանջում է գործող իշխանության հրաժարականը։
Աժ նախագահը, հիշեցնենք, հանդիպել է «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահի հետ, որի ով լինելը Հայաստանի Հանրապետության 100 քաղաքացուց 1-ն էլ չգիտի։ Իսկ դա հայտնի քաղաքագետ Լևոն Շիրինյանն է, բայց՝ կատարելապես անհայտ մի կուսակցության «առաջնորդ»։

ԱԺ նախագահի հետ հանդիպման պատվին արժանացել են նաև Գագիկ Մարգարյանն ու Նարինե Դիլբարյանը։ Սրանք նույնպես անհայտ քաղաքական դեմքեր են, որոնք «հայտնի» են դառնում միայն այն ժամանակ, երբ նշվում է, թե որ  կուսակցության ղեկավարությունն են ներկայացնում՝ «Ժառանգություն»։ 

Արարատ Միրզոյանին հանդիպածների թվում է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որի ներկայացուցիչներից Սուրեն Սահակյանն ու Գարեգին Միսկարյանն առավել հայտնի են որպես ֆեյսբուքյան քաղաքական-երգիծական ստատուսագիրներ, ընդ որում վերջինը՝ բավականաչափ շնորհալի, քան քաղաքական գործիչներ։ 

Թվարկված քաղաքական ուժերի առաջին դեմքերի անհուսալի անհայտությունը վկայում է նրանց կուսակցությունների առավել անհայտության, հետևաբար նաև քաղաքական դաշտում տասներորդական կարգի խաղացող լինելու իրողության մասին։ 

Անկասկած է, որ եթե Ն․ Փաշինյանին հաջողվի մնալ իշխանության գլուխ, շուտով ականատես կլինենք տասնյակ այլ մանր-մունր կուսակցությունների «հանդիպումային» հարությանը, որով, սակայն, իշխանությունն առավել ակնհայտորեն ի ցույց կդնի իր քաղաքական մեկուսացվածությունը։ Քանզի ցանկացած իշխող քաղաքական ուժ ուժ է դիտարկվում ընդդիմության համատեքստում, իսկ 17+-ի համատեքստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպես քաղաքական ուժ գոյություն չունի․ այն արմատապես մերժված է։