Մենք չգիտենք, թե քաղաքապետն ինչ է ուզում անել

Մենք չգիտենք, թե քաղաքապետն ինչ է ուզում անել

«Սանիթեք» ընկերության ղեկավարները մեզ հետ զրույցում ներկայացրին ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը եւ քաղաքապետարանի հետ ունեցած խնդիրները։ Մեր զրուցակիցներն են ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Նիկոլա Էլ Թավիլը եւ ընկերության բաժնետեր Սարրի Հադդադը։ «Սանիթեքը» Երեւանում աղբահանություն իրկանացնում է 2 փոխակապակցված կազմակերպությունների միջոցով՝ «Սանիթեք Արմենիա» եւ «Սանիթեք ինտերնեյշնլ», որոնք երկուսն էլ պատկանում են «Սանիթեքին»։

- Նախ խնդրում եմ ասել՝ ի՞նչ խնդիր ունեք Երեւանի քաղաքապետարանի հետ, արդյոք բանակցություններ վարո՞ւմ եք, եւ ինչո՞ւ չի ստացվում գալ հանգուցալուծման։

Նիկոլա էլ Թավիլ - Խնդիրներն այս պահին չեն ծագել, եղել են պայմանագրի կնքման օրվանից, որովհետեւ Հայաստանը որոշակի առումով չի համապատասխանում մեր պահանջներին։ Մենք խնդիրներ ունենք թե՛ ճանապարհների առումով, թե՛ աղբամանների հետ կապված, թե՛ Նուբարաշենի աղբավայրի։ Եվ, ինչպես Դուք գիտեք, Հայկ Մարությանն էլ երբ դարձել է քաղաքապետ, ինքն էլ առաջինն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Եվ մենք, երբ սկսել ենք աշխատել, բոլոր այդ խնդիրները բարձրացրել ենք։ Ես կուզեմ մի կարեւոր շեշտադրում անել՝ «Սանիթեքը» միջազգային ներդրող է, որը ոչ մեկի անվան հետ կապ չունի։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում բոլորին, լինի դա Տարոն Մարգարյանը, Հայկ Մարությանը, թե մեկ ուրիշը։ Մենք քաղաքապետարանին որպես կառույցի ենք վերաբերվում, որպես ինստիտուտի։ 2014 թվականից սկսած՝ շատ նամակներ ենք ուղարկել քաղաքապետարան ու հիմա էլ ուղարկում ենք։ Պարոն քաղաքապետն ասել է, որ խնդիրներից մեկը, որ «Սանիթեքն» առաջացրել է, այն է, որ աղբամանները չեն ապահովագրվել։ Բայց Հայաստանում չկա ոչ մի ապահովագրական ընկերություն, որը կապահովագրի մեր աղբամանները։ EBRD-ն եւ EIB-ն Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ իրականացրած իրենց հետազոտության մեջ արձանագրել են, որ Նուբարաշենի աղբավայրն աղետալի վիճակում է։ Պարոն քաղաքապետը նաեւ նշել է, թե «Սանիթեքը» չի իրականացրել իր պայմանագրային պարտավորությունները՝ ասելով, թե փոխանակ ունենալու 8 հազար աղբաման, ունենք 5 հազար։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ մաքսային մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա «Սանիթեքը» 2014-ից ի վեր ներկրել է ավելի քան 9 հազար 700 աղբաման։ Մենք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նամակների միջոցով տեղեկացրել ենք քաղաքապետարանին, որ մոտ 4 ամսից, եթե հիմնարար լուծում չգտնվի, կրիզիսային իրավիճակում կհայտնվենք։ Ամեն ինչ փաստաթղթավորված է, ողջ նամակագրությունն առկա է։ 

Սարրի Հադդադ - Դուք հարցրիք, թե որն է մեր խնդիրը քաղաքապետարանի հետ։ Հարցը պետք է մի փոքր այլ կերպ ձեւակերպել՝ ի՞նչ է ուզում քաղաքապետարանը, որո՞նք են նպատակները, որովհետեւ խնդիրը հայտնի է, լուծումը՝ նույնպես։ Ինչպես Նիկոլան նշեց, մենք որոշակի ստանդարտների համապատասխանող շարժակազմ ենք բերել, որին Երեւանը չի համապատասխանում որոշ պատճառներով։ Այլ կերպ ասած՝ մեր մեքենաներն ավելի բարձր դասի են, քան Երեւանը կարող է իրեն թույլ տալ։ Երբ մենք սկսեցինք, այդ հնարավորությունը չունեինք՝ Երեւանին համապատասխան շարժակազմ բերել։ Մենք պետք է բերեինք ավելի բարդ մեխանիզմներով մեքենաներ, որ ավելի ուժեղ ազդեցություն ունենայինք քաղաքի վրա, այդ ոլորտում։ Երեւանում այս տիպի եվրոպական մեքենաների տեխսպասարկման հնարավորություն չկա։ Մենք այս պահին խոսում ենք կոմպակտերների մասին ու դեռ չենք խոսում փոշեկուլների մասին, որոնք ավելի բարդ մեխանիզմ են, ու եթե պետք է դրանք վերանորոգել, մենք դրսից ենք մասնագետ հրավիրում։ Սա՝ տեխսպասարկման մասով։ Իսկ բուն խնդիրը, որի հետեւանքով մեքենաները փչանում են, Նուբարաշենի աղբավայրն է։ Ինչ տեխնիկա էլ որ բերվի, եթե Նուբարաշենի աղբավայրի հարցը չլուծվի, ոչ մի բան տեղից չի շարժվի։ Ճանապարհները, որոնք տանում են դեպի Նուբարաշեն, եւ Նուբարաշենն ինքնին վատ վիճակում է՝ մեքենաներն աղբը թափում են հենց աղբի վրայով անցնելով։ Մենք նամակներ ունենք մեր ապահովագրական ընկերությունից, որ եթե մեր մեքենաները փչանում են աղբավայրում եւ աղբի հետեւանքով, նրանք չեն փոխհատուցում։ Մենք նկարներ ու տեսանյութեր ունենք, թե ինչպես է աղբը յուղի, վառելիքի համակարգի միջոցով մտնում մեր մեքենաների ագրեգատների մեջ՝ հասնելով ընդհուպ շարժիչին ու խափանում այն։

- Իսկ երբ պայմանագիրը կնքում էիք 2014 -ին, այս բոլոր խնդիրների մասին չգիտեի՞ք, այդ ամենը հաշվի չէի՞ք առել, որ նման տեխնիկա բերեցիք։

Նիկոլա էլ Թավիլ - Երբ մենք ստորագրում էինք պայմանագիրը, այդ ժամանակ քննարկել ենք այս հարցը, եւ մեզ խոստացել էին, որ Նուբարաշենի աղբավայրի խնդիրն ամբողջովին լուծվելու է։ Դա գաղտնիք չէ, EBRD-ն, EIB-ն ու քաղաքապետարանն արդեն 4 տարի է՝ նախապատրաստում են նոր աղբավայրի կառուցման տենդերի փաստաթղթերը։ Դեռ 3 տարի առաջ պիտի հայտարարվեր տենդերը, այս տարի հունվարի 18-ին վերջնաժակետն էր, բայց ամեն ամիս հետաձգվում է։

- Ի վերջո, ի՞նչ է ուզում քաղաքապետարանը «Սանիթեքից», ուզում են «Սանիթեքը» շուկայից դո՞ւրս մղվի։

Սարրի Հադդադ - Մենք չենք ուզում գնալ այդ պրոպագանդայի հետեւից եւ մտնել մեդիա-պատերազմի մեջ՝ ով ինչ ասաց, ով ինչպես պատասխանեց։ Մենք ուղղակի նշում ենք, թե որոնք են խնդիրները, ու քննարկենք դրա օբյեկտիվ կողմերը։ Ուզում եմ նշել, որ երբեմն կարող են քո սպասելիքները, երբ դու բիզնես ես սկսում, 100 տոկոսով չարդարանալ։ Օրինակ՝ մենք հանդիպել ենք որեւէ տեխսպասարկման կենտրոնի հետ, եւ մեզ ասել են՝ այո, կանենք, բայց ամբողջովին չեն կարողացել մատուցել այդ ծառայությունը։ Մեր՝ բոլորիս հիմնական խնդիրը մաքուր շրջապատում, առանց աղբի ապրելն է։ Երբ 2018 թվականին նոր թիմ եկավ իշխանության, այդ ժամանակվանից սկսած՝ մենք նորից սկսեցինք իրենց հետ խոսել մեր խնդիրներից։

- Եվ ի՞նչ են ասում իրենք, պատրաստակա՞մ են լուծել այդ խնդիրները։

Սարրի Հադդադ - Մենք հանդիպել ենք իրենց հետ, խոսել ենք «Սանիթեքի» խնդիրների մասին եւ առաջարկել ենք, թե ինչպես կարելի է լուծել դրանք։ Բանակցություններն ու քննարկումները մոտ 2 ամիս տեւել են, եւ մենք համաձայնության եկանք, որ քաղաքապետարանը մի քանի մեքենա կբերի, մեզ վարձակալությամբ կտա այդ մեքենաները, եւ մենք դրանք կօգտագործենք՝ ի բարօրություն քաղաքի։ Տենդերը հայտարարվել էր, որ մեքենաներն իրենք պիտի բերեն՝ «ԿամԱԶ» ների մասին է խոսքը։ Ուզում եմ հատուկ ընդգծել՝ մեզ այսօր մեղադրում են նրանում, թե մենք ծառայությունը չենք կարողանում լավ մատուցել կամ թերանում ենք մեր պարտականություններում, որ քաղաքին պետք է երկրորդ օպերատոր, բայց իրենք նոր մեքենաների գնման հարցում մեզ են հարցրել, թե ինչ տեսակի մեքենաներ են պետք, ինչ չափերի, ինչ տեխնիկական տվյալներով, քանզի քաղաքում կան լայն փողոցներ, նեղ փողոցներ, այսինքն՝ մեզնից են իմացել, մեր խորհուրդներով են առաջնորդվել։ Եկեք չմոռանանք, որ 2016 թվականին, երբ «Սանիթեքը» միակ օպերատորն էր, ինչ բարձր մակարդակի ծառայություն է մատուցել, եւ որքան բարձր է եղել բնակիչների գոհունակությունը։ Եկեք չմոռանանք նաեւ, թե ինչպես է աշխատում «Սանիթեքը» հատուկ միջոցառումների ժամանակ՝ դա կլինի ապրիլի 24-ը,  Քաղաքացու օրը, Երեւանի օրը եւ այլն։

- Հիմա այդ «ԿամԱԶ»-ները բերում են, որ «Սանիթե՞քը» շահագործի, թե՞ որ համայնքն օգտագործի։ Եվ ինչպե՞ս եք վերաբերվում Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային նոր հիմնարկի ստեղծմանը։

Նիկոլա էլ Թավիլ - Սարրին արդեն նշեց, որ սկզբում մենք բանակցություններ էինք վարում այս ուղղությամբ, եւ մեզ պարզ չէ, թե ինչու դադարեցին բանակցությունները։ «Սանիթեքը» միջազգային ներդրող է, 200-ից ավելի մատակարար ունեցող ընկերություն՝ մեծ ներդրումներով եւ մոտ 1000 աշխատակցով։ Եվ մենք մինչ օրս էլ չգիտենք, թե քաղաքապետն ինչ է ուզում անել, եւ մենք շոկի մեջ ենք, որ քաղաքապետարանի հետ ունենք գործընկերային համաձայնություն, բայց իրենք իրենց գործընկերոջ հետ չեն քննարկում, թե ինչ պետք է անել։ Դժբախտաբար, մենք ամեն ինչի մասին իմանում ենք լուրերից։ Մենք վարչապետին նամակ ենք հղել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։

- Եթե չեմ սխալվում, Արդշինբանկը պետք է ձեզ վարկ տրամադրեր՝ ներդրում կատարելու համար, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, կարծեմ՝ քաղաքապետարանը պետք է ինչ-որ երաշխիք տրամադրեր՝ չի արել։ Ի՞նչ վարկ է, եւ ի՞նչ երաշխիքներ պետք է տար քաղաքապետարանը, որ չի տվել։

Նիկոլա էլ Թավիլ - Մենք խոսում ենք մոտ 15 աղբատար մեքենայի գնման մասին, որոնք մեր ունեցածի հետ միասին ամբողջովին կհերիքեին պատշաճ ծառայություն մատոուցելուն։ Եվ մինչեւ հիմա էլ մեզ ֆինանսավորող ընկերությունները պատրաստակամ են տրամադրել գումար, բայց ասում են՝ ինչո՞ւ պետք է ֆինանսավորենք, եթե երաշխիք չկա։ Մենք մինչ այս պահը տասնյակ միլիոնների ներդրում ենք արել։ Բայց ներդրում անելը պետք է արդարացված լինի։ Եթե մենք հիմա էլի բերենք մեքենաներ, եւ իրավիճակ չփոխվի՝ Նուբարաշենի աղբավայրը եւ մյուս խնդրները չլուծվեն, 1 տարի հետո մենք նորից նույն խնդրի առաջ կկանգնենք։ Նույնիսկ եթե քաղաքապետարանը սկսի զբաղվել դրանով, իրենք ունենալու են նույն խնդիրները, ինչ մենք ունենք։ Բայց եթե հանկարծ պարզվի, որ Նուբարաշենի աղբավայրի խնդիրը լուծվում է, նշանակում է՝ վատ նպատակներ կային մեր մասով։ Եվ չպետք է մոռանանք, որ մեր պայմանագրով մենք չենք կարող ռուսական արտադրության մեքենաներ գնել, դրա համար մենք պետք է քաղաքապետարանի թույլտվությունն ունենանք, քանի որ, համաձայն պայմանագրի, այդ մեքենաները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին։ Եվ պետք է նշեմ, որ մինչեւ հիմա մենք այդ ձեռք բերվող ռուսական մեքենաների տեսակի, տեխնիկական տվյալների մասին ինֆորմացիա չունենք։ Նորից շեշտեմ՝ մեր բանակցությունները քաղաքապետարանի հետ ամբողջովին դադարեցված են՝ հայտնի չէ, թե ինչու, ինչը շատ տարօրինակ է։

- Քաղաքապետարանը ձեզ առաջարկել է ձեր 2 ընկերություններից մեկի մասով դադարեցնել պայմանագիրն ու նոր մրցույթ անցկացնել, եւ եթե դուք նորից կհաղթեք, էլի շարունակեք աշխատել, բայց դուք չեք համաձայնել։

Նիկոլա էլ Թավիլ - Նախեւառաջ ուզում եմ ընդգծել, որ այս պայմանագրերն իրար հետ փոխկապակցված են։ Իրենք ուզում են առանձնացնել, բայց դրանք կապված են։ Քաղաքապետը, որ նշել է, թե մեզ հետ քննարկել է, եւ մենք ասել ենք՝ ոչ, ինքը մտքի կեսն է արտահայտել, չի նշել, թե ինչու ենք ասել՝ ոչ։

Սարրի Հադդադ - Ես ասեմ, թե ինչու են դրանք իրար հետ կապված։ Մենք ներդրումներ ենք արել, վարկեր ենք վերցրել, եւ այդ առումով մեր շահույթը մի տեղ է հաշվարկված, դրա համար են իրար հետ կապված։ Եվ այս խոսակցությունը բացվել է այն ժամանակ, երբ մենք ասել ենք՝ եկեք պայմանագրի արժեքը, որը 5 մլրդ 200 մլն դրամ է, ավելացնենք։ Մենք ի վիճակի ենք ավելին ներդնել, բայց մեզ այդ հավելյալ գումարն անհրաժեշտ է, որովհետեւ այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել այս տարիներին քաղաքում՝ տուրիզմի հոսքն է ավելացել 20-25 տոկոսով, շենքերն են ավելացել, ռեստորաններ, հյուրանոցներ։ Հետեւաբար, այն ժամանակվա մեր մատուցած ծառայության չափն ու այսօր կատարած աշխատանքի ծավալները լրիվ տարբեր են։ Մենք ամեն ինչ ունենք փաստագրված, թե երբ, որքան ներդրում ու ծախս ենք արել, բայց այս ընթացքում երբեւէ չի եղել, որ պրոֆեսիոնալ մեկը գա ասի՝ եկեք ձեր ֆինանսական վիճակը քննարկենք։ Եվ այդ ընթացքում, որ պայմանագիրը դադարեցվեր, եւ նոր մրցույթ հայտարարվեր, ո՞վ էր այդ ընթացքում կազմակերպելու աղբահանությունը կամ ո՞վ ում էր վճարելու։ Եվ այստեղ խոսքերից բացի, կա նաեւ գործնական ճանապարհ՝ հարցը լուծելու։ Եթե մեզ ասեին, որ եկեք պայմանագրերից մեկը դադարեցնենք եւ նոր մրցույթ հայտարարենք, եւ այդ ընթացքում դուք կշարունակեք ձեր պարտականությունները կատարել եւ վճարվել դրա համար, մենք հաստատ կհամաձայնեինք։