«Շոֆեռն ու իրա աֆտոբուզը»

«Շոֆեռն ու իրա աֆտոբուզը»

Հայտնագործություն չեմ անում, գիտեմ, գիտեք եւ դուք, որ Երեւանի աքիլեսյան գարշապարը եղել ու մնում է հասարակական տրանսպորտը: Նույնիսկ «Սանիթեքն» ի զորու չէ ոտք մեկնելու, մրցակցելու: Ցավոք, մենք վարժվել ենք փնթի ու թափթփված, ամբարտավան ու կոպիտ վարորդների գոյությանը: Կքած-ճկված-ծալված-քառատված-նվաստացած երթեւեկելը մեր մարմնակրթության միակ բաղադրիչն է: Սովորական է, որ տրանսպորտային միջոցների սրահներն ամիսներով չեն մաքրվում, որ ապակիները ճենճապատ են՝ անթափանց լինելու աստիճան: Մենք հաշտվել ենք անասելի վատ սպասարկման, իսկ ավելի ճիշտ՝ սպասարկման չգոյության հետ: Խոհեմաբար լռում ենք, քանզի գիտենք՝ ոլորտը տնօրինող այրերը ցանկացած բողոքի մեկ պատասխան ունեն՝ բարձրորակ սպասարկման համար բարձր գին պետք է վճարեք: 100 դրամ ուղեվարձի պայմաններում մենք կրում ենք վերը նկարագրված անհարմարությունները, գումարած եւս մեկը, ամենաանտանելին՝ գրեթե ամենուր հնչող, ականջ ծակող անճաշակ երաժշտությունը…

Բայց այն, ինչ կատարվեց օրերս, աննախադեպ էր, սահմռկեցուցիչ: Առավոտվա խճողումը բարձրակետին էր հասել, զմռսված էինք Խանջյան փողոցում: Հիմնավորապես: Անշարժ: Ու հանկարծ… վարորդն անասելի բարձր միացնում է… թուրքերեն երգ: Ապշեցնող անակնկալից զարմացած՝ շուրջս եմ նայում: Սֆինքսներ են: Անարձագանք: Անկենդան: Տղամարդիկ լուռ են: Մի քանի երիտասարդ աղջիկներ թուլացել ու անգամ հաճույք են ստանում: Կանայք օրվա առեւտրի ու խնայողությունների հաշվարկների մեջ են խճճված: Մնացի ես: Մեն-մենակ:

- Անջատեք դա,- հանդարտ, բայց անկասելի պահանջում եմ ես:

Հիմա ապշելու հերթը վարորդինն է: Լավ է մեքենան ընթացքի մեջ չէր, թե չէ պատահարի զոհ էինք դառնալու: Հանկարծ բոլորն ուշքի եկան: Նրանք էլ զարմացան: Հանդիմանանքով լի, սպանող հայացքներ եմ զգում բոլոր կողմերից: «Մեծ կին ես, բա չե՞ս ամաչում»,- կարդում եմ նրանց հայացքներում:
Կենցաղային հոգսերից սթափված ու ինքնագիտակցության եկած, ինձ հասակակից մի կին-պասաժիռ չդիմացավ, աչքերն իլիկի պես ակնաբնում տենդագին պտտելով՝ ուղղակի բացականչեց. «Այ քեզ բան: Քո ի՞նչ գործն ա՝ շոֆեռն ու իրա աֆտոբուզը, ինչ ուզի, էն էլ կանի…»:
…Եվ անում են մեզ հետ ինչ ուզում են…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
մշակութաբան