Քաղաքաշինական գաճաճ միտքը թաղեց Գյումրին ասֆալտի տակ

Քաղաքաշինական գաճաճ միտքը թաղեց Գյումրին ասֆալտի տակ

Ոչ միայն 23.5 մլն եվրո վարկը, այլ նաեւ տեղական բյուջեի գումարները ծախսվում են աննպատակ եւ անգրագետ: Հատկապես՝ անգրագետ, որի մեղավորները Քաղաքաշինության կոմիտեն ու այն նախագծային կառույցն են, որոնց թեթեւ ձեռքով Գյումրու վերանորոգվող փողոցներն ու մայթերն արհեստականորեն բարձրացել են առնվազն 70 սմ-ով: Վերջին երեք տասնամյակներում ով եկավ իշխանության, նախաձեռնեց փողոցաշինության, ավելի ճիշտ՝ «ասֆալտի» եկամտաբեր գործը եւ Գյումրվա ժողովրդական ճարտարապետության կեսը թաղեց ասֆալտների բազմաշերտի տակ: Կումայրի արգելոց-թանգարանի պատմաճարտարապետական արժեք ունեցող շենք-շինությունների հիմքերը 70-80 սմ մնացին ասֆալտների բազմաշերտերի տակ՝ նույնչափ գաճաճ դարձնելով այդ բացառիկ կառույցները: 

Ինչպիսի՞ն են եղել Գյումրվա փողոցները. յոթից ավելի շերտեր, որոնցից մեր քաղաքին հարիրը սեւ ու կարմիր տուֆի շերտն է։ Դրան հաջորդում է կավահողային հիմքով գլաքարի շերտը, հաջորդաբար գալիս են սովետական շրջանի 30 սմ-անոց ասֆալտի եւ ապա 10-ական սմ հաստություն ունեցող ժամանակակից անորակ ասֆալտաշերտերը։ Մտահոգությունը գուցե ժամանակավրեպ է, քանի որ Ռուսթավելի, Շիրազ եւ հարակից փողոցներն այլեւս խճապատվել եւ բազալտապատվել են: Մեր պապերը, բազալտի տեղն իմանալով, մայթերը տուֆով սալահատակ են արել մեկ պարզ պատճառով․ Գյումրու՝ տեկտոնական ճաքի վրա գտնվելու եւ արտեզյան ջրերի բարձր մակարդակի առկայության պարագայում նախընտրելի է ՏՈՒՖ շինանյութը: Սա իմանալու համար անհրաժեշտ չէ ո՛չ նախարարի պաշտոն, ո՛չ ճարտարապետի…

ՀԳ. Հուսով եմ՝ նախագծային ինստիտուտ հորջորջված կառույցը եթե ոչ այսօր, մոտ ժամանակներում կգիտակցի, երբ Գյումրվա խիստ ձմեռը, դեռ մասնակի գործող փակված քահրիզների ջրերը, ինչպես նաեւ Գյումրի գետակն ու կեղտոտ չայը կպայթեցնեն բազալտի շերտերը՝ խափանելով կոմունիկացիոն մալուխները: Ասածներս ամենեւին էլ չարագուշակ մտքեր չեն, այլ վտանգի իրական զգացողություն:

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ  
Գյումրի