Ժամանակն է ՏԻՄ ընտրությունները զերծել հեղափոխական դոպինգից

Ժամանակն է ՏԻՄ ընտրությունները զերծել հեղափոխական դոպինգից

Եվ այսպես՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հովանավորյալ Վահագն Գեւորգյանը։ 
ԿԸՀ տվյալներով՝ Գեւորգյանը ստացել է 8 հազար 453, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8 հազար 58 ձայն՝ 395-ով պակաս հաղթանակած թեկնածուին տրված քվեներից։ 

Ի՞նչ հետեւություններ կարելի է անել այս իրադարձությունից՝ չսպասելով հետընտրական խմորումներին, թեեւ այդպիսիք, ըստ ամենայնի, չեն ակնկալվում։ Նախ արձանագրենք, որ իշխող ՔՊ-ի աջակցությունը վալելող թեկնածուն պարտվեց։ Միեւնույն ժամանակ նկատենք՝ ընտրություններն ընթանում էին ավանդաբար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրեթե լիակատար ազդեցության տիրույթը համարվող Աբովյանում, որտեղ նախկինում տեղի ունեցած համանման ընտրություններին նրա թեկնածուների հետ այլ ուժերի ներկայացուցիչները կա՛մ մեծ դժկամությամբ  ու դժվարությամբ էին մրցում, կա՛մ էլ մրցակցությունը կրում էր ձեւական բնույթ։ Բավական է հիշել նախորդ՝ 2015-ին Աբովյանում  կայացած ընտրությունները, որոնց արդյունքով Վահագն Գեւորգյանը ստացել էր 11 հազար 227, իսկ նրա հիմնական մրցակից Արթուր Հարությունյանը՝ 5 հազար 459 ձայն՝  5 հազար 768-ով պակաս։

Այժմ Ծառուկյանի թեկնածուն թեեւ վերընտրվեց, սակայն քվեների բավականին փոքր տարբերությամբ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ, այսպես կոչված, թավշյա հեղախությունից հետո ԲՀԿ առաջնորդի ազդեցությունն իր «արքունական կալվածքներում» նկատելիորեն նվազել է։ Այդ ազդեցությունը, այդուհանդերձ, դեռ որոշակիորեն պահպանվում է, թեեւ պակաս էական չեն պնդումները, որ Գեւորգյանի հաղթանակում նշանակալից են եղել նաեւ հենց իր՝ գործող քաղաքապետի անձնական արժանիքները։

Մյուս հետեւությունն այն է, որ ներկայանում է եւս մեկ՝ բավականաչափ հիմնավոր առիթ՝ պնդելու, որ հեղափոխական ՔՊ-ի թեկնածուների անպարտելիության մասին համոզմունքն առասպել է․ նրանք արդեն հասցրել են պարտություններ կրել նաեւ այլ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում։ 

Սա, անշուշտ, դրական երեւույթ է, ինչը, բնականաբար, որոշ ՔՊ-ականներ փորձում են ու կփորձեն շահարկել՝ ասելով, թե իշխող կուսակցության ներկայացուցչի պարտությունը ՏԻՄ ընտրություններում առաջին հերթին ժողովրդավարության հաղթանակն է, ինչն էլ հեղափոխության, հետեւաբար եւ՝ իրենց հաղթանակն է։ Չբացառելով նման պնդումներում ճշարտության որոշ տարրերի առկայությունը, այդուհանդերձ, հարկ է դրանց հակադարձել։ Նախ՝ հեղափոխության հաջողությունն ամենեւին պայմանավորված չէ մի խումբ ՔՊ-ականների ջանքերով, երկրորդ՝ հարկ է այդ նույն հեղափոխության ենթադրած տրամաբանության տիրույթում վերջապես գիտակցել՝ ընդամենը իշխող կուսակցության ներկայացուցիչ հանդիսանալը բոլորովին չի նշանակում լինել լավ թեկնածու ու առհասարակ՝ քաղաքացի։ Կոնկրետ այս՝ Աբովյանում տեղի ունեցած վերջին ընտրություններում, որոշ դիտարկումներով ՔՊ-ի՝ շատերի համար անհայտ թեկնածուին տրված քվեները հիմնականում «ավանսային» են՝ պայմանավորված առավելապես վարչապետի անձով։

Ընդհանրապես, հարկ է, որ աստիճանաբար գերիշխող դառնա մտայնությունը, որ ՏԻՄ ընտրությունները բավականին սպեցիֆիկ են ու բովանդակային առումով էապես տարբերվում են համապետական ընտրություններից։ Այստեղ շատ ավելի որոշիչ պետք է լինի ՏԻՄ խնդիրներին լավ ծանոթ ու իրեն աշխատանքներում արդեն իսկ դրականորեն դրսեւորած թեկնածուի առկայության հանգամանքը, անկախ նրա ունեցած կամ չունեցած «հեղափոխական արժանիքներից»։
Հակառակ դեպքում միշտ էլ կարելի է բախվել մի քանի տարի առաջ Երեւանի Նոր Նորք համայնքում տեղի ունեցած մի հետաքրքրաշարժ պատգամավորական ընտրության ֆենոմենին, երբ բավականաչափ հայտնի ու հնչեղ ընտրարշավ ծավալած թեկնածուի հանդեպ հաղթանակ տարավ «պլակատը»՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին։ Զուգահեռն այս դեպքում գուցե այնքան էլ տեղին չէ, բայց գոյության իրավունք, այնուամենայնիվ, ունի։ 

Աբովյանում տեղի ունեցած վերջին ընտրությունները թեկուզ ոչ մեծ, բայց որոշակի հույս են ներշնչում ենթադրելու, որ առաջիկայում հենց այդպես էլ կլինի, սակայն ո՞վ գիտե։ Ինչպես ասում են՝ անիմանալի են գործերը տվյալ դեպքում իրենց Աստված երեւակայողների․․․

Դավիթ ԶԱՎՅԱՆ