Համեմատությունը հօգուտ հայերի չէ
Երկու օրվա տարբերությամբ Հայաստանն ու Վրաստանը նշում էին անկախության տոնը։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Իսկ մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս, եւ մայիսի 29-ին ՀՅԴ արեւմտյան եւ արեւելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, Հայաստանի մայրաքաղաք հռչակվեց Երեւանը, ՀՀ տարածքը հանրապետության հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:
Մայիսի 28-ը մեր պատմության մեջ մնաց որպես Առաջին հանրապետության հիմնադրման օր, եւ 1991 թվականին այն հռչակվեց որպես տոն։ Բայց Վրաստանում այս օրերին գտնվող ՀՀ քաղաքացիներն ականատես եղան, թե ինչ փառահեղ են նշում վրացիներն իրենց ազգային տոնը։ Իսկական տոն՝ բազմերանգ ու լուսավոր։ Թբիլիսին եռում էր գույներից, լույսերից, երաժշտությունից, հանդիսավորությունից։ Ռուսթավելի փողոցը փակ էր տրանսպորտի համար, ամեն քայլափոխի ուրախություն էր, երգ-երաժշտություն, ցուցահանդես-վաճառք, լուսանկարչական տաղավար, ծաղրածուներ եւ լարախաղացներ, սպորտային միջոցառումներ եւ կարուսելներ։
Նախանձելի տոնականություն էր տիրում Վրաստանի մայրաքաղաքում, որը լեփ-լեցուն էր տուրիստներով, որոնք զմայլված՝ այս տաղավարից մյուսն էին վազում, գինի խմում, պարում։ Մարդիկ ընտանիքներով դուրս էին եկել ազգային տոնը նշելու։ Ոչ մեկը, իհարկե, Ռուսթավելի փողոցում խորոված չէր անում, բայց գինու դեգուստացիաներ էին կազմակերպել, սրճարաններում ասեղ գցելու տեղ չկար։ Թբիլիսին տոնական էր, եւ անգամ երեկոյան տեղացած անձրեւը տոնը չմթագնեց։
Կարծիքներ