Ինձ համար միևնույն է՝ կդատվի Քոչարյանը, թե չէ․ իմ որդին հետ չի գա․ «Մարտի մեկի» զոհվածի մայրն արտասվեց դատարանում

Ինձ համար միևնույն է՝ կդատվի Քոչարյանը, թե չէ․ իմ որդին հետ չի գա․ «Մարտի մեկի» զոհվածի մայրն արտասվեց դատարանում

Այսօր դատարանում ելույթով հանդես եկավ Մարտի մեկի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը դատարանում պնդեց, որ Մարտի մեկի անկարգությունների համար սադրիչներ են գործի դրվել․ «Ես զանգել եմ իմ որդուն, պատասխանող չկար, վերցրել է մի աղջիկ ու ասել է, որ տղաս գտնվում է վերակենդանցման բաժանմունքում։ Ես տեսա արյան լճակ, որը ինձ քաշեց, հետագայում իմացա, որ դա որդուս արյունն է»։ 

Նա նշեց, որ գիտի որդուն սպանողի անունը, այդ մասին բազմիցս հայտնել է վարույթն իրականացնող մարմնին։ Սարգիս Քլոյանն ասաց՝ ընդդիմության ձեռքին զենք չի եղել․ «Փաստաբանները հակառակ պնդումներն են անում, ֆիլմեր են ցույց տալիս, բայց չկա նման բան ընդդիմության ձեռքին մեկ զենք անգամ չի եղել»։ 

Սարգիս Քլոյանը հարցադրում կատարեց․ «Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա, ասեր՝ ի՞նչ ուզում եք արեք, ժողովրդի վրա չկրակեք։ Նման մի հրաման արձակելուց հետո մենք ստեղ նստած չէինք լինի, ինքն էլ երևի չէր դատապարվի»։
Դատարանը խոսք տվեց նաեւ «Մարտի մեկի» զոհերից Տիգրան Աբգարյանի մորը՝ Ռուզաննա Հարությունյանին։

Նա նշեց, որ Սամվել Նիկոյանն իրեն ասել է՝ քոռ գյուլա է եղել, կպել ա քո էրեխուն․ «Թուրքն եկա՞վ խփեց քո զինվորին, չիմացա՞ր։ Ինչի՞ համար խփեցին, ո՞ր ապացուցեին զորքի կողմից էլ կար, արտակարգ դրություն մտցնեին։ Ես համոզված եմ, որ եղել ա կամ գեներալ Գրիգոր Գրիգորյանը, կամ, վերջում պարզվեց, հատուկ ջոկատ է եղել։ Իմ որդին հետ չի գա, նա երկրորդ կուրսի  ուսանող էր, կարո՞ղ էր ձեր նման մեկի փոխարեն ինքը նստած լիներ, ինչի՞ զոհ գնաց իմ որդին, իմ ամուսինը չդիմացավ, մահացավ, գնաց։ Իմանամ որ շուն-շանորդին արեց։ Ինձ համար միևնույն է կդատվի՞ Քոչարյանը, չի դատվի, իմ որդին հետ չի գա։ Իմ որդին իրավաբան էր դառնալու, զինվոր էր։ Ես ի՞նչ անեմ հիմա, ո՞վ կարա պատասխան տա, ինչի՞ համար զոհվեց իմ որդին, անկարգություն էր արե՞լ, թալանե՞լ էր, որ խփեցին էրեխուս»։

Ռուզաննա Հարությունյանը իր ելույթի ընթացքում արտասվում էր, դատավորն հորդորեց նստած շարունակել իր խոսքը։