Հնդիկների արկածները Գյումրիում

Հնդիկների արկածները Գյումրիում

Կար ժամանակ, որ Գյումրին կրիմինալ քաղաք էր համարվում,սակայն վերջին տարիներին քաղաքը կարծես թոթափել էր կրիմինալի պիտակավորումը վրայից:Բայց եթե նախկինում կրիմինալի հեղինակները ավելի շատ տեղացիներն էին, այսօր արդեն գյումրեցիներին մտահոգում է օտարերկրացիների պահվածքը:

«Ռուսական ռազմաբազան մեզ քիչ է, ռուսների արկածները չենք մարսել, որ գիշերային ակումբներում հարբում, գլխներիս աղետ են բերում, հիմա էլ հնդիկների ձեռը կրակն ընկանք»,-դժգոհում է Գյումրու Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակիչը, որը տարածքում առևտուր է իրականացնում, եւ գրեթե ամեն օր տեսել է այն հնդիկ երիտասարդներին, ովքեր իրենց թաղամասում բնակարան են վարձակալել եւ, ինչպես պարզվում է, մութ գործերվ են զբաղվել:

Նշենք, որ մի քանի օր առաջ Գյումրիում բերման են ենթարկվել ազգությամբ հնդիկ երկու երիտասարդ: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Արևիկ Խաչատրյանը hraparak.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեց, որ նրանց մոտ հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ և թմրանյութի նմանվող առարկաներ, նշանակավել է փորձաքննություն:

Ոստիկանության Կումայրի բաժնում փաստի աթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Գյումրեցիների պատմելով՝ հնդիկ երիտասարդները նախընտրել են հաճախ ազգությունը թաքցնել եւ տարբեր տեղերում ներկայացել են որպես տարբեր ազգեր, նրանք հանդես են եկել մականուններով: Ըստ շրջանառվող լուրերի՝ Գյումրիում կեղծ հայկական թղթադրամներ շրջանառության մեջ չեն հայտնաբերվել, հիմնականում կեղծվել է դոլարը: Կեղծ դոլարի առկայությունն էլ օգնել է իրավապահներին դուրս գալ հետքի վրա:

Ավելացնենք, որ ըստ միգրացիոն ծառայության տվյալների, այս տարի Հնդկաստանից Հայաստան է եկել 29.539 քաղաքացի, Հայաստանից մեկնել է 26.000-ը: Հայաստանում մնացել է 3000-ից ավել հնդիկ: