Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին           

Սկիզբը նախորդ համարներում


1994 թվի մայիսին կնքվեց զինադադար: Պատերազմը հանդարտվեց, թեեւ չավարտվեց: Եթե նժարին էինք դնում ձեռքբերումներն ու կորուստները, ակնհայտ էր, որ առաջինն ավելի մեծ էր: Նախ Հայաստանից մեկնեցին ազերիները՝ ի պատասխան Ադրբեջանում բնակվող 4 հարյուր հազար հայերի տեղահանման: Պատմության մեջ թերեւս առաջին անգամ հայոց պետության բնակչությունը դարձավ միատարր: Արցախահայությունն ազատ ապրելու հնարավորություն ստացավ սեփական հողի վրա՝ ի տարբերություն նախիջեւանաբնակների, ովքեր ենթարկվեցին սպիտակ եղեռնի՝ խաղաղ օրերում ծանր պայմանների պատճառով ստիպված լինելով լքել հայրենի օջախները: Արցախի շուրջ ձեւավորվեց անվտանգության գոտի, որը բանակցություններում դառնալու էր մեր դիվանագիտական խաղաքարտը:

Հաղթանակի աղբյուրներն էին արցախահայության վճռականությունը, հայության բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնականությունը, աշխարհաքաղաքական միջավայրում երկրի ղեկավարության ճիշտ կողմնորոշումը, հայ զինվորականության բարձրակարգությունը, խորհրդային ժամանակներից հայրենասիրական ոգով դաստիարակված երիտասարդ սերնդի ու տարիք չհարցնող կամավորական խմբերի առկայությունը, ռազմաճակատի ու թիկունքի միջեւ ստեղծված ամուր կապը: Գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ շարքային պաշտպան, այդ թվում եւ Արցախի ղեկավարներն ու մարտական հրամանատարները, բռունցքվեցին մեկ նպատակի շուրջ: Հարգա՛նք եւ խոնարհո՛ւմ հաղթանակը կերտած քաջորդիներին:

Չստվերելով որեւէ այլ հայորդու ծառայություն, իսկ նրանք քիչ չեն, այդուհանդերձ, Արցախյան ազատամարտի ամենավառ ու խորհրդանշական կերպարը դո՛ւ ես, Վազգեն: Դա շատ ցայտուն երեւաց, երբ պատերազմի դժվար մի պահի հեռուստատեսային քո  կոչից հետո երկրի տարբեր անկյուններից հավաքվեցին նվիրյալ տղաները. ձեւավորվեց մահապարտների նշանավոր գունդը: Պատերազմի տարբեր փուլերում դրսեւորվեցին կազմակերպչի քո փայլուն ունակությունները: Վերջնարդյունքում հենց քե՛զ հաջողվեց դառնալ գլխավոր ոգեւորողն ու համակարգողը ձեռք բերված պատմական հաղթանակում: Դա քո այն վաստակն է, որի համար  արժանացար Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման, իսկ հայ ժողովուրդը վավերացրեց զինակիցներիդ կողմից քեզ փառագրված «սպարապետ» անունը:

Հայաստանում բոլոր առումներով առաջ ընթացավ  բանակաշինությունը: Այս ոլորտում ներդրած քո ջանքերը նույնպես անուրանալի են: Ու եթե հարցնեն՝ մարտական ջոկատները մեկ հրամանատարության ներքո համախմբելուց զատ ո՞րն է քո հաջորդ ծառայությունը սեփական ժողովրդի առջեւ, դա միանշանակ հայոց բանակի կազմավորումն ավարտին հասցնելու գործում քո ունեցած հետեւողական դերակատարությունն է: Այս հարցում եւս մենք առաջ էինք անցել մեր հարեւանից: Հայոց բանակի ստեղծումը երկրի ղեկավարների դրսեւորած վճռականության, Հայաստանում առկա եւ հրավիրված պրոֆեսիոնալ զինվորականության տաղանդի, մտավորականության քաջալերանքի ու ողջ ժողովրդի պատրաստակամության արդյունք էր: Ուստի մեր բանակն էությամբ, անկասկած, ժողովրդական բանակ է: Մեր անկախ պետականության կերտման պատմության մեջ դա անկյունաքարային իրադարձություն էր, որը երբեք չպետք է մոռանանք: 

Պատերազմական դադարը հնարավորություն տվեց նոր թափով շարունակելու պետականաշինության գործընթացը: Երկրին պետք էին նոր օրենքներ ու սահմանադրություն: 1995 թվի մայիսին տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ: Վերջիններս ընթանալու էին թե՛ համամասնական եւ թե՛ մեծամասնական սկզբունքներով: Դա ոչ պրոֆեսիոնալ Ազգային ժողով էր լինելու, ուստի կարող էին ընտրվել առանց աշխատանքից կտրվելու: Շրջանից ընտրվեց չորս  պատգամավոր, որոնց թվում՝ եւ ես:

Քննարկման դրվեց նաեւ նոր սահմանադրության նախագիծը: Այդ սահմանադրությամբ երկրում հաստատվում էր կառավարման հանրապետական համակարգ կիսանախագահական կառավարչաձեւով:

Ընդհանրապես, խորհրդային նախկին հանրապետությունները բոլորն էլ կանգնած էին փոփոխությունների շեմին, եւ անցումային ինչ-որ փուլի համար գուցե դա վատ սահմանադրություն չէր: Բայց ամեն ինչ արվեց դարձյալ հապճեպ, առանց բացատրելու, առանց նախապատրաստելու մարդկանց: Այդ օրերին հանդիպեցինք ձեր տանը: Ասացիր, որ շատ զարմացած ես. կարծել էիր, որ մարդկանց համար կարեւորը նոր սահմանադրություն ունենալու փաստը պիտի լիներ եւ ոչ այնքան՝ բովանդակությունը, մինչդեռ նրանք հետաքրքրվում էին, թե երբ է նախագիծը  հրապարակվելու, որ կարդան ու կողմնորոշվեն: Այդ սահմանադրությունը քվեարկության դրվեց առանց իրական ու բազմակողմանի քննարկման: Չարվեցին ու չներդրվեցին անհրաժեշտ քայլեր ու ջանքեր նոր գաղափարները ժողովրդին մատուցելու ուղղությամբ: Ժողովուրդը չմարսեց այն: Ուստի դրսեւորեց օտարոտի մոտեցում: Ընտրությունից հետո կատարվեց մի բան, որը դանդաղ գործողության ռումբի դեր կատարեց մեր երկրի ընտրական  համակարգում: ՀՀՇ խողովակով հանձնարարվեց տեղերին՝ քվեաթերթիկներ ավելացնելով՝ արհեստականորեն բարձրացնել Սահմանադրությանը տրված ձայների թիվը: Նրանք ընկան թյուրիմացության մեջ: Նրանց թվաց, թե այդուհետ ընտրությունների համար առանձնապես նախապատրաստական մեծ աշխատանքների կարիք չկա:

Բավական է ընտրական հանձնաժողովներին տրվի հրահանգ ընտրության արդյունքները ցանկալի ձեւով ներկայացնելու համար, ամեն ինչ կգնա սահուն ճանապարհով:  Իշխանակիր կուսակցությունը քաղաքական պարապուրդի ենթարկվեց: Ոչ մի պատասխանատվություն, ոչ մի գործնական ջանք չդրսեւորեց  սեփական գաղափարները մարդկանց սրտերին հասցնելու համար: Ժամանակն ամբողջությամբ հաստատեց նման դիրքորոշման սնանկությունը: 1996 թվականի նախագահական ընտրությունների ձախողման արմատներից մեկը հենց այս անգործությունը պետք է համարել: Դրան զուգահեռ, իշխանությունը վրա-վրա թույլ տվեց մի շարք սխալներ, որոնք խարխլեցին նրա հենարանը: Քաղաքական մեթոդները մղվեցին ետին պլան:

Ներքաղաքական կյանքում կամայականությունը գնալով դառնում էր նորմա:  Այդպիսի մթնոլորտն ավելի էին խտացնում չբացահայտված սպանությունները, առավել եւս, որ դրանք կապվում էին իշխանության հետ: Դրանց գումարվում էր ցրտի ու խավարի տարիների մասին հիշողությունը, որոնց մեջ մարդիկ նույնպես տեսնում էին արհեստածին պատճառներ:  Հասարակությունն արդեն բռնել էր շերտավորման ուղին: Բիրտ ու կոպիտ եղանակով գնում էր կապիտալի նախասկզբնական կուտակում: Ճարպիկների ու զոռբաների գործողությունները ճնշող մեծամասնությունը, ովքեր դեռ կրում էին սոցիալիստական հավասարության գաղափարի ազդեցությունը եւ   ուղղակի սովոր չէին ապրել այլ սկզբունքներով, գտնվում էին շփոթված ու հիասթափված վիճակում:

Գյուղացիական տասնյակ  հազարավոր տնտեսություններ այդպես էլ չկայացան իբրեւ մենատնտեսական կառույցներ:  Արդարության եւ օրինականության վերաբերյալ մարդկանց երազանքները փշուր-փշուր էին եղել: Այս ամենի մեջ, իհարկե կային նաեւ խեղաթյուրված, կեղծ ու չափազանցված տարրեր: Բայց փաստը մնում է փաստ, որ իշխանությունները ոչ միայն չէին աշխատում լայն մասսաների հետ, այլեւ ինչ-որ առումով արհամարհում էին քարոզչական աշխատանքը, թերագնահատում դրա նշանակությունը, որի արդյունքում նրանք ավելի ու ավելի էին կտրվում ժողովրդից: 1996 թվի գարնանը օրենսդիր մարմինը հաստատեց ՀՀ վարչական բաժանման մասին նոր օրենքը, որով վերացվեցին նախկին շրջաններն ու կենտրոնի հենարանը հանդիսացող գործադիր մարմինները: Այդպիսի 45 օղակների փոխարեն ստեղծվեց 10 մարզ: Մայրաքաղաքին նույնպես տրվեց մարզի կարգավիճակ: Նրանք դեռեւս չէին տիրապետում իրավիճակին: Տարբեր շրջանների միացումը մեկ մարզի մեջ բացասաբար ընդունվեց ժողովրդի կողմից: Այսպիսի պայմաններում ընտրությունների գնալու դեպքում գործող նախագահը, որի անվան հետ էին կապվում բոլոր իրական ու մտացածին մեղքերը, դատապարտված էր պարտության:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ
Շարունակելի