Անավարտ Զրույցներ

Անավարտ Զրույցներ
Վազգեն Սարգսյան

 Նվիրվում է Վազգեն Սարգսյանի
  ծննդյան 60-րդ տարեդարձին

1994 թվի հունվարին կազմակերպվեց առաջին եռամսյա հավաքը: Դու մի անգամ ասել էիր, որ նվիրյալների խմբերը գնալով նոսրանում են: Պետք է համալրողներ պատրաստվեն: Չգիտես ինչու, դա արվում էր փողոցից, բակերից, ավտոբուսներից երիտասարդներին հավաքելով ու ճակատային գիծ ուղարկելով: Այս հարցը մեկն է նրանցից, որ միշտ հուզել է ինձ: Ուրիշ ազգեր, հատկապես ռուսները, կարողացել են իրենց համար կարեւորագույն պատերազմները դարձնել «հայրենական»: Այդ նպատակով քաղաքական ու քարոզչական բոլոր միջոցներով մարդկանց սրտերում ու հոգում վառել են Հայրենիքը պաշտպանելու հզոր կրակը, կռվելու պատրաստակամությունն ու ցասումը դարձրել իրապես ժողովրդական: Եթե չհաշվենք արցախահայությանը, ապա մեր պատերազմն ինչ-որ առումով կաստայական բնույթ էր կրում: Ասես, այդ պատերազմը ազատամարտիկների «խավի» պարտքն ու գործն էր միայն: Հենց նրանց խնայելու համար ծագեց եռամսյա հավաքների գաղափարը: Սակայն համընդհանուր պայքարի մթնոլորտ ձեւավորելու փոխարեն, նախապատվությունը տրվեց երիտասարդությանը բռնությամբ զինվորագրելուն: Ոչ մի հոգեբանական նախապատրաստություն: Թե ինչպիսին կլիներ նրանց տված արդյունքը, դժվար չէր կռահել: Առաջին իսկ փորձությանը նրանք հաճախ չէին դիմանում: Շրջանի առաջին նմանատիպ ջոկատը տալով մեկ զոհ՝ թողել էր ճակատային գիծը: 

Այդ օրերին տեղի ունեցավ տիպական մի դեպք Այգավան գյուղում: Ռազմական ոստիկանության աշխատողները մտել էին մի բակ եւ փորձել բռնել այդ տան երիտասարդին, ով եղանը ձեռքին փորձել էր պաշտպանվել՝ ապավինելով սեփական շանը: Ոստիկանները սպանել էին շանը, երիտասարդն էլ իր հերթին եղանը շպրտել էր զինվորի ուղղությամբ, ու դիպել էր նրա գլխին: Ավտոմատի կրակոցով վիրավորել էին երիտասարդին, որին հարազատները հասցրել էին Վեդու հիվանդանոց: Իսկ ծանր վիրավոր զինվորին ընկերները հասցրել էին Երեւանի հիվանդանոց: Ռազմական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունու հանձնարարությամբ զինվորները մի քանի ժամ անց Վեդու հիվանդանոցից բառացիորեն առեւանգեցին վիրավոր երիտասարդին՝ հայտարարելով, որ եթե զինվորը մահանա, նրան կդատեն ամենախիստ ձեւով: Գյուղը խառնվեց իրար: Մթնոլորտը գնալով շիկանում էր: Բարեբախտաբար, զինվորի վիրահատությունն անցավ հաջող եւ նրա կյանքին այլեւս վտանգ չէր սպառնում: Ես փորձեցի բանակցել. զանգեցի քեզ եւ խնդրեցի Խորխոռունուն հանձնարարել, որ գոնե իմ միջոցով լսի գյուղացիների ձայնը. նրանք ունեին դրությունը շտկելու առաջարկություն: Խորխոռունուն դուր եկավ այդ առաջարկությունը. այգավանցիները պատրաստ էին մի խումբ կազմել եւ երեք ամսով գնալ Արցախ, միայն թե չդատեին իրենց ազգականին:

Խորխոռունու պահանջածը 30 մարդ էր, բայց կամավոր խումբը ձեւավորվեց 15 հոգուց: Ես այդ խումբը ուղարկեցի Երեւան, պայմանով, որ երիտասարդին նույն ավտոբուսով ուղարկեն իր տուն: Չեմ թաքցնում, ինչ-որ հեռավոր մտավախություն ունեի, որ ռազմական ոստիկանության պետը կարող է դրժել պայմանը, ու այդ մարդկանց մոտ սուտ դուրս կգայի: Մինչդեռ իրենց հարազատի համար հավաքագրվածների արարքի մեջ ասպետական բան կար:  Բայց մեծ եղավ զարմանքս, երբ Խորխոռունին նրան ուղարկեց իր ծառայական մեքենայով՝ նախապես ինձ ասելով, թե ինքն էլ իր «ռիցարսկի» քայլը կանի:

Եռամսյա նոր հավաք կազմակերպելու համար քո հանձնարարությամբ շրջան այցելած բարձրաստիճան զինվորականներն ինձ մեղադրեցին ռազմական ոստիկանությանը  խոչընդոտելու մեջ: Խոսակցությունը վերաճեց վեճի: Ես չթաքցրի իմ կարծիքը, ասացի, որ դեմ եմ բռնի մեթոդներին: Զարմանալի զուգադիպությամբ, հենց այդ պահին զանգահարեց հայրդ ու ասաց, որ եկել է տուն՝ մի կտոր հաց ուտելու, բայց գյուղացիներից մեկը գոռուն-գոչյունով մտել է բակ ու հարամ արել «պերերիվը»՝ ասելով, որ որդուն գյուղամիջից ձերբակալել ու տարել են: «Չե՛մ հասկանում, հնարավոր չի՞ խաթրով անել այդ ամենը»,- նեղսրտած ավարտեց խոսքը: Հայրդ ասում էր այն, ինչ մտածում էր ժողովրդի մեծամասնությունը: Դա ինձ համար կողմնորոշիչ դիրքորոշում էր, ուստի զինվորականներին ասացի, որ կա՛մ ինձ չխառնեն այդ գործին, կա՛մ որպես շրջանի ղեկավարի՝ վստահեն ամբողջությամբ: Վերջին հաշվով, դա քո շրջանն էր, Վազգեն, ով ինչ սխալ աներ, վերագրում էին քեզ:

Ուստի ես պարտավոր էի հաշվի առնել թե՛ այդ հանգամանքը եւ թե՛ շրջանի մարդկանց կարծիքը: Երեկոյան իրավիճակի մասին զեկուցել էին քեզ: Դու համաձայնել էիր, որ պատասխանատվությունը վերցնեմ ինձ վրա: Հաջորդ օրը ես հրավիրեցի գյուղխորհրդի նախագահների խորհրդակցություն. բացատրեցի, որ 60 հոգանոց ջոկատը պիտի կազմավորվի խիստ կամավորական հիմունքներով, եւ որպեսզի մարեն շրջանում ծայր առած այն խոսակցությունները, թե ճակատ են տանում միայն աղքատների զավակներին, պետք է եռամսյա հավաքին առաջինն անդամագրվեն հենց իրենք՝ գյուղխորհրդի նախագահները: Առաջնորդվեցինք հետեւյալ սկզբունքով. բացի երեք եւ ավելի երեխա ունեցողներից ու երեսունհինգ տարին լրացածներից, մնացյալը ցուցակագրվում են: 15 հոգանոց այդ կորիզին միացան այլ կամավորներ. Դաշտաքարից՝ յոթ հոգի, իսկ Ուրցաձորի նախագահ Վարդանի հետ եկան քսանչորս կամավորներ:

Մի խոսքով, հաջորդ օրն իսկ ջոկատը համալրված էր: Այն ժամանակավորապես, որպես ռեզերվային, տեղակայվեց Նախիջեւանի սահմանին՝ Գյունութի հատվածում: Նրանց գլխավորելու էր իմ տեղակալը՝ Մանվել Մանուկյանը, իսկ Արցախ ուղարկվելու դեպքում՝ ես: Սակայն դրա կարիքը չզգացվեց: Քո հանձնարարությամբ ոստիկաններից ձեւավորված մյուս ջոկատը մեկնեց Հորադիզ: Անցել են տարիներ: Մնում եմ նույն համոզման, որ կամայական մոտեցումների փոխարեն մենք կարող էինք ավելի շատ ու ոգով ավելի ուժեղ տղաների հավաքագրել, եթե համապատասխան քարոզչական ու բացատրական աշխատանք տանեինք: Իհարկե, տարիների հետ ինձ մոտ նվազել է հակադրվելու ձգտումը: Այդ օրերի մասին մի անգամ ասել էիր, թե թշնամին Օմարում քիչ էր մնում ճեղքեր մեր պաշտպանական գիծը, իսկ ոմանք դեռ քննարկում են՝ ճի՞շտ է տղաներին բռնել-ճակատ տանելը: «Պատմությունը կգնահատի հաղթանակը, իսկ թե ինչպես է այն ձեռք բերվել, մոռացության կմատնվի»:

Քո խոսքերն են: Վստահ չեմ, որ այս հարցում կարող եմ քեզ հետ հաջող բանավիճել: Առավել եւս, որ բռնությամբ ճակատ գնացածներից շատերը հետագայում, իրենց դժգոհություններով հանդերձ, այնպես էին պատմում իրենց զգացումների մասին, ասես հենց իրենք էին կերտել հաղթանակը: Տարիների ընթացքում նրանք խտացրին հաղթանակի տերերի շարքերը:
Անկեղծանալով ասեմ, որ ինքս էլ առանձին դեպքերում զերծ չեմ մնացել կամայական քայլերից: Եղել են պահեր, երբ իրավիճակի թելադրանքով ռազմաճակատի հոգսերը հոգալու համար օգտագործվել են ոչ միայն պետական ձեռնարկությունների, այլեւ մասնավոր անձանց գույքն ու միջոցները: Գիտեմ, որ առաջացրել եմ ուրիշների զայրույթը: Եվ ո՛չ անտեղի: Պարզապես մարդկանց հարկ չենք համարել պատշաճորեն բացատրել: Հիմա հասկանում եմ, որ դու դա արել ես մեծ մասշտաբով, իսկ ես՝ փոքր: Քեզ քննադատել են մեծ մասշտաբով, իմ կարգավիճակում գտնվողներին՝ փոքր: Թեեւ որեւէ քայլ գործադրելիս ներքին զայրույթ ենք ապրել, թե ինչու եւ ինչպես չեն հասկանում մարդիկ, որ դա արվել է հաղթանակի համար: Այդուհանդերձ, տարիների հեռվից ուզում եմ հայցել շատերի ներողամտությունը: Ընդ որում, ավելի լայն իմաստով:

Մեր հաղթանակի բազմաթիվ պատճառներից մեկն էլ եղել է այն, որ մենք մեզ պարտադրված պատերազմում ստիպված էինք լինել թուրքից ավելի խորամանկ, թույլ եմ տալիս օգտագործելու այլ բառեր՝ գուցե երբեմն ավելի նենգ ու դաժան՝  հաղթանակի համար ներդնելով ամեն բան, կանգ չառնելով անգամ նյութական ու մարդկային ծանր կորուստների առջեւ: Թշնամուն գերազանցելու անկոտրում կամքը, ցանկացած գնով հաղթելու հոգեբանությունը չէին կարող չազդել մարդկային որակների վրա եւ ներքին կյանքում չբերել անցանկալի երեւույթների, այդ թվում եւ՝ իրավական շեղումների: Ուստի պատմական ճշմարտությունը շեշտադրելով, քննադատության խոսքեր հնչեցնելով հանդերձ, ժողովուրդը մի պահ պետք է կանգ առնի հաղթանակը կերտած սերնդի սխալներն ու վրիպումները գնահատելիս: Մանավանդ, որ պատերազմներն ունեն իրենց կանոնները, յուրաքանչյուր պատերազմ՝ իր մութ էջերը: Ոչ ոք երաշխավորված չէ սխալներից ու վրիպումներից: Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կհաշվարկեն, որ այս կամ այն հաղթական ճակատամարտը կարելի կլիներ ձեռք բերել ավելի քիչ կորուստներով:

Բայց հասկանալի է, որ արդյունքը ծրագրածից տարբերող բազմաթիվ գործոններ կան: Իսկ ժամանակների սկզբից ի վեր մեկ անգամ արդեն կարճ ու հիմնավոր ասված է՝ հաղթողներին չեն դատում: Տարիների ընթացքում իմ ներսում տեղի ունեցած փոփոխություններն ինձ մղում են բացականչելու՝ հաղթանակած սերնդի նկատմամբ ներողամի՛տ եղեք, մարդիկ:


Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Շարունակելի