ՊՎԾ-ն ես եմ՝ կամ նորելուկ

ՊՎԾ-ն ես եմ՝ կամ նորելուկ

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հանրային կիսահաշվետվություններն արդեն ձանձրացնում են: Հերթականը ԵՊՀ-ում «2 ամիս» տևած ստուգումների արդյունքների մասին է: Մարդը չի համբերել ու հանրությանն «ուրախ» լուր է հաղորդել՝ բա չեք ասի, ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկեցի դատախազություն: Իրեն թվում է՝ մարդիկ սրտատրոփ սպասում են իր այդ գրառումներին, որ իմանան թե այս անգամ ինչ հաստատություն, հիմնադրամ կամ ձեռնարկություն է քանդել Սանասարյանը:

«Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»,- գրել է Սանասարյանն ու մի հատ էլ մատ թափ տվել, թե «ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»: Բնականաբար, Սանասարյանը վերջին ճշմարտախոսը չէ և, չի բացառվում՝ սխալված լինի իր ստուգումներում ու հաշվարկներում: Մեզ ամենից շատ մտահոգում է այն, որ խոսքը մի այնպիսի արժեքի մասին է, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է՝ Հայաստանի մայր բուհը: Հարգանքի ոչ մի նշույլ, Սանասարյանն, ասես, խոսում է Հայաստանի էլեկտրացանցերում կամ Կովկասյան երկաթուղում հայտնաբերված վնասների մասին:

Անձամբ ես մի քիչ կքաշվեի, որովհետև ներքին պատկառանք ունեմ 100-ամյա հաստատությունների նկատմամբ, որոնց շնորհիվ է նաև, որ Հայաստանը Հայաստան է դարձել՝ վերածնվելով, կարելի է ասել, մոխիրներից ու անէությունից: «Սիրում եմ բոլորիդ»,- վերջում գրել է Սանասարյանը: Ուզում ես ասել՝ գլխիդ կպնի քո սիրելը, փորդ կցավե՞ր, եթե ՖԲ-ում չգրեիր այդ մասին: Ենթադրենք կային խախտումներ, թեև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «մեյիդդ փռել է ասֆալտին, ու հայտարարել, որ ստախոս ես: Կարելի՞ էր այդ խախտումները սուսուփուս ուղարկել դատախազություն կամ, պարզապես, համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Այսինքն, որ անունդ «պետական վերահսկողություն է», պետական մտածողություն չպե՞տք է ունենաս, պարոն Սանասարյան: Կես տարի է մետել են Համալսարան ստուգումների ու գրում են՝ 2 ամսում ենք հայտնաբերել խախտումները:

Իսկ հաշվե՞լ են, թե այդ ամիսների ընթացքում որքան վնաս են հասցրել համալսարանական կյանքին՝ դասապրոցես, ասպիրանտուրա, գիտահետազոտական աշխատանքներ, միջազգային ծրագրեր և այլն: Իսկ որքա՞ն պետական միջոցներ է վատնել ՊՎԾ-ն այս ամիսներին իր «պատժիչ ջոկատների» հետույքները քաղաքով տանել-բերելու վրա: Պարոն Սանասարյան, ի դեպ, ինչո՞ւ չեք ստուգում սփյուռքի ու մշակույթի ձեր նախարարներին: Այդ մարդիկ մի քանի ամսում «սատկացրեցին» իրենց վստահված նախարարությունները: Ամբողջ աշխարհում ամենակոռումպացված կառույցներից մեկը առողջապահության նախարարությունն է: Գնացեք՝ ստուգեք, ո՞ւմ եք սպասում:

Մեկ-երկու ԲԿ-ի ղեկավար եք փոխել, ու ձեզ թվում է՝ գործ եք արել, կոռուպցիա եք վերացրել եք: Արամ Սիմոնյանը հստակ ասել է, որ ՊՎԾ-ի ստուգումների արդյունքների հետ համաձայն չէ, դրանք չեն համապատասխանում իրականությանը, իսկ ՊՎԾ ղեկավարը պետք է պատասխան տա մայր բուհի բարի համբավը արատավորելու համար: Սիմոնյանի խոսքով՝ օգոստոսին համալսարանից ՊՎԾ-ն ստացել է փաստաթղթերի պատճենները կրիչներով․ «Երեւանի պետական համալսարանը չի իրականացրել մի գործարք, մի գործունեություն ցույց տված փաստատղթերով կամ գնումների միջոցով, որը չի իրականացվել։ Ոչ ոք չի կարող ապացուցել, որ գործի մասին նշվել է, բայց գործը չի արվել»:

Հավանաբար, Սանասարյանը նման արձագանքի չէր սպասում: Իր գրառմանը ծափահարողներ չկան, իսկ «զոհն» էլ, խնդրեմ, սպառնում է պատասխանատվության ենթարկել իրեն: Ի՞նչ անի Սանասարյանը... Էլ երկար-բարակ չի մտածել, վերցրել ու մի նոր ստատուս է գրել ՖԲ-ում՝ իրեն դնելով Նիկոլ Փաշինյանի տեղը. «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»: «Սիրում եմ բոլորիդ» արտահայտության և կետադրական նշանների բացակայությունից կարելի է ենթադրել, որ Սանասարյանը աճապարել է սաստիկ և, ըստ էության, ոչ թե պատասխանել է մայր բուհի ռեկտորի հայտարարություններին, այլ հանդես է եկել սպառնալիքով, որ ՊՎԾ գործառույթը չէ բնավ:

ՊՎԾ-ն ես եմ՝ մոտավորապես այսպիսի բան է ասել Սանասարյանը: Ես կուզենայի, որ վերը շարադրվածից տպավորություն չստեղծվեր, թե մեր կարծիքով՝ ԵՊՀ-ում չարաշահումների և խախտումների վրա պետք է աչք փակել: Բնավ, երբեք: Բայց ես դեմ եմ, որ Դավիթ Սանասարյանի նման դուսպրծուկ պաշտոնյան ԵՊՀ-ի մասին, խոսի նման տոնով և այն էլ իր ՖԲ էջում, որ ՊՎԾ-ի հետ կապ ունի ճիշտ այնքան, որքան ՖԲ ցանկացած օգտատիրոջ էջ: Մարդը թվեր է հրապարակում, ավանսով վարկաբեկում պետական հաստատությունը, սպառնում՝ առանց հասկանալու, որ ԵՊՀն միայն Արամ Սիմոնյանը չէ: