ՌԴ-ի համար ՀՀ-ն ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում

ՌԴ-ի համար ՀՀ-ն ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում

ՌԴ-ի համար ՀՀ-ն ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի գիտաշխատող, ամերիկյան Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը կարծում է, որ 2019թ․ հայ-ռուսական հարաբերությունները լի կլինեն բարդություններով, քանի որ տարիներ շարունակ այդ հարաբերությունները հիմնված են եղել հաճախորդ- հովանավոր պարադիգմայի վրա։ "Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ փորձ է արվում այդ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի, վերաիմաստավորել այդ ռազմավարական հարաբերությունները եւ իմ նշած պարադիգման փոխել մեծ գործընկեր-փոքր գործընկեր հարաբերությունների։ Նման ցանկությունը չի կարող միանշանակ ընկալվել ռուսական կողմի համար, որը փաստորեն սովոր էր Հայաստանն ընկալել որպես իր տարածաշրջանային շահերը լուռ սպասարկող պետություն։ Ուստի ես ենթադրում եմ, որ 2019-ը կլինի բարդություններով լի տարի։ Բայց ես լավատես եմ, եւ մենք ի վերջո կտեսնենք նոր, Հայաստանի պետական շահերին առավել ծառայող հայ-ռուսական հարաբերություններ: Որակապես ավելի ակտիվ, ընդգրկուն աստիճան։ Կարծում եմ` ներկայումս մեկուսացող և ռազմաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակում գտնվող Ռուսատանի համար առավել ձեռնտու է հավատարիմ, բայց միեւնույն ժամանակ արտաքին քաղաքականության մեջ առավել ակտիվ Հայաստան, որն իրեն կդրսևորի տարածաշրջանում որպես անկախ որոշումներ կայացնող խաղացող։ Աշխարհը թևակոխել է միջազգային հարաբերությունների մի շրջան, որտեղ մեծ տերությունների արտաքին քաղաքականությունը գնալով ավելի է կախվածություն ձեռք բերում կոնկրետ տարածաշրջաններում ավելի փոքր գործընկերների և դաշնակիցների վարած քաղաքականությունից և այդ տարածաշրջանն իրենց դիրքավորումից։ Ուստի Հայաստանը Ռուսաստանի համար որպես ռազմավարական եզակի զսպանակ (strategic pivot) ավելի մեծ նշանակություն ունի, քան, օրինակ, նույն Ռուսաստանը Հայաստանի համար աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի տեսանկյունից։ Առանց Հայաստանի Ռուսաստանը չի կարողանա հավասարակշռել իր մրցակիցներին ոչ միայն Կովկասում այլև խնդիրներ կունենա Սևծովյան իր ռազմավարությունն էֆեկտիվ ապահովելու մեջ։ Հայկական նորացված քաղաքական էլիտան աստիճանաբար գալիս է այս գիտակցությանը, հետեւաբար՝ քաղաքագիտական տերմինաբանությամբ "հաճախորդ" երկիր կամ, ինչպես ոմանք են նշում, "վասսալային" երկրին բնորոշ Հայաստանի վարքագիծը փոփոխման այլընտրանք չունի, և դա նաև ձեռնտու է նույն Ռուսաստանին , եթե այն ցանկանում է ունենալ արդյունավետ պրիֆերիային գրավիչ ազդեցություն երկարաժամկետ կտրվածքով։ Մեծ տերությունների ռեգիոնալ կամ գլոբալ համակարգային պռոյեկտավորումը իրենց շահերի սպասարկման կամ ազդեցության տարածման համատեքստում դառնում է առավել կախված այդ ռեգիոններում փոքր երկրների վարած արտաքին քաղաքականությունից։ Այսինքն` ոչ միայն փոքր երկրներն են գտնվում կախվածության մեջ մեծերից այլև մեծերը փոքրերից",- նշեց մեր զրուցակիցը։ Մեր դիտարկմանը, որ ՌԴ-ն չի համակերպվում հայաստանյան նոր իրողությունների, նոր իշխանությունների հետ, Էդուարդ Աբրահամյանն արձագանքեց․ «Աշխարհաքաղաքական տեսանկյունից այս բարդացող գլոբալ եւ անկայուն իրավիճակում, որը կարելի է բնորոշել "Հակամարտային Աշխարհակարգ" բնութագրմամբ Մոսկվայի համար կարևոր է իր սահմաններին մոտ նոր գլոբալ պարտություններ չկրելը ուստի Ռուսաստանն ավելի հակված է որևէ բան զիջել, բայց պահպանել այն դաշնակիցների փոքրաթիվ քանակը։ Ռուսական իշխանությանն այլ ճանապարհ չի մնա, քան ընդունելը, որ Հայաստանում կա քաղաքական էլիտա, որը միտված է երկիրը ակտիվ քաղաքականության մեջ ներգրավելու ուղեգծին»։ Չնայած չպետք է մոռանալ նաև, որ ռուսաստանյան քաղաքական էլիտան գնալով ավելի ոչ ադեկվատ է դառնում աշխարհաքաղաքական իրողությունները և իր հետ կապված Արևմուտքի քաղաքականությանը գնահատելու մեջ։ Հետևաբար, Հայաստանը պետք է գործի հստակ, բայց նուրբ և լավ մտածված, չստեղծելով Մոսկվայում տպավորություն, որ Երևանը նույնիսկ եթե դուրս գա ՀԱՊԿից, և բալանսավորի իր արտաքին քաղաքականությունը` խնդիրներ կստեղծի Ռուսաստանի տարածաշրջանային ճարտարապետության համար"։