ԼՂ հարցում առաջընթաց չի լինի․ միջազգայնագետ

ԼՂ հարցում առաջընթաց չի լինի․ միջազգայնագետ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Անցյալ տարի ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո այս հանդիպումը թվով չորրորդն է։ 

Դեռ տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստեղծվել է նոր իրավիճակ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ 2019թ․ այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել։ 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին է հայտարարել, որ Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու՝ Բաքվի փորձերը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ նման հանդիպումներն ինքնանպատակ չեն, դրանք կազմակերպվում են, երբ ինչ-որ հարցեր  կան քննարկելու։ Ըստ նրա՝ նախարարների հանդիպման ժամանակ կձեւավորվի մի օրակարգ, որը կներկայացվի այլ պետությունների ղեկավարներին։ 

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ առաջընթաց չի լինի, բայց ինչ-ինչ հարցերի շուրջ կհստակեցվեն մոտեցումները, կլինեն ճշգրտումներ, կհասկանանք, թե ինչ ապագա կունենա գործընթացը։

Մեր հարցին, թե չկա՞ն ճնշումներ, որպեսզի ԼՂ հակամարտությունը շուտով կարգավորվի, Սուրեն Սարգսյանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, թե ճնշումներ կան կողմերի վրա՝ խնդրի շուտափույթ կարգավորման հասնելու։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում են, որ պետք է ակտիվացնել բանակցային գործընթացը, պետք է խնդրի կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով, կողմերի ընդհանուր շահերը հաշվի առնելով։ Դա բարդ է, ես մոտ ապագայում խնդրի կարգավորում չեմ ակնկալում»։