Փոփոխություններ կարող են անել աշխարհայացք ունեցող , ռեֆորմների հարցում մոտիվացված մարդիկ

Փոփոխություններ կարող են անել աշխարհայացք ունեցող , ռեֆորմների հարցում մոտիվացված մարդիկ

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը։

-Նորընտիր ԱԺ-ն արդեն հրավիրել է իր առաջին նիստերը։ Դատելով ԱԺ պատգամավորների հրապարակային գործունեությունից, ելույթներից՝ ո՞ր ուժը կլինի ընդդիմություն։

-Ինչի՞ն ընդդիմադիր։ Ընդդիմադիր լինելն ինքնանպատակ չի լինում։ Ընդդիմություն ձևավորվելու համար նախ անհրաժեշտ է, որ հասկանալի լինեն  «իշխանություն» կոչվող ուժի քաղաքականությունը, աշխարհայացքը և նպատակները։ Եթե դրանք հայտնի չեն, կամ հասկանալի չեն, ապա դրանց «ընդդիմանալ» էլ չի ստացվի։ Մյուս կողմից «ընդդիմություն» կոչվող ուժը նույնպես պետք է ունենա նպատակներ ու աշխարհայացք, որովհետև ըմդդիմանալն էլ ինքնանպատակ չի լինում։ Իմ տեսակետից, «կլասիկ» իմաստով, մենք ոչ իշխանություն ունենք, ոչ էլ ընդդիմություն։ Ուղղակի կա իշխող ինչ-որ ամորֆ մի կազմակերպություն և Դե յուրե ինչ-որ կազմակերպություններ, որոնք հանգամանքների բերումով պետք է լինեն ընդդիմադիր։

-Ինչպես ԱԺ-ի  «Իմ քայլը» դաշինքում, այնպես էլ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում, ներկայացված են շատ տարբեր ոլորտներից քաղաքականություն մուտք գործած անձինք, պատկերը խայտաբղետ է։ Հնարավո՞ր են պառակտումներ, բաժանումներ։

-Ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց տվյալ պահին այդ հնարավոր պառակտումների հիմքը կարող է ոչ թե քաղաքական, այլ անձնական բնույթ ունենալ։ Անձնական կամ խմբակային շահերն են տվյալ պահին առաջնային, քանի որ քաղաքականություն, որպես այդպիսին, դեռ գոյություն չունի։

-Արտաքին քաղաքական խնդիրները սպասարկելու համար ներկա խորհրդարանն ունի՞ բավարար ներուժ։

-Արտաքին քաղաքականության ներուժ ունենալու համար, պետք է ունենալ արտաքին  քաղաքականության հայեցակարգ։ Վերջին ութ  ամիսները ցույց են տալիս, որ որևէ հայեցակարգ, կամ անգամ իմաստավորված մոտեցումներ գոյություն չունեն։ Կատարվում են  չհամակարգված, չտածված պահի ազդեցությամբ վարվող ինչ-որ քայլեր։ Դրա վառ օրինակն է ՀԱՊԿ-ի քարտուղարի շուրջ տեղի ունեցած գործընթացը։ Արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է նոր դաշնակիցներ ձեռք բերելը, սակայն մեր հարաբերությունները գնալով բարդանում են՝ բոլոր ուղղություններով։ Ինչ վերաբերում է ներուժին, ապա եթե այդ հարցում հստակություն լինի, ներուժ էլ կունենանք։

-Քաղաքական ճանապարհ անցած, փորձ ու գիտելիքներ ունեցող շատ անհատներ այսօր ԱԺ-ում չեն։ Ի՞նչ կարող են անել նրանք խորհրդարանից դուրս, որքանո՞վ կարող են ազդել գործընթացների վրա։

-Այն, որ քաղաքական ճանապարհ անցած, փորձ ու գիտելիքներ ունեցող բավական թվով անհատներ այսօր ԱԺ-ում չեն, դրա մեջ նաև դրական կողմեր կան։ Թող այդ մարդիկ նոր քաղաքական դաշտ ձևավորեն, խորհրդարանի պատերից դուրս և արդեն կայացած, պատրաստի ծրագրերով ու կադրային բազայով պատրաստվեն իշխանության համար մղվող պայքարին։ Այս խորհրդարանից ես մեծ սպասելիքներ չունեն, մեղմ ասած։

-Կան պնդումներ, որ ԱԺ-ն պետք է առաջնահերթ փոխի գործող Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը, նշանակի նոր ընտրություններ։ Որքանո՞վ է դա իրատեսական, ի՞նչ կարող է տալ դա մեր երկրին։

-Թե դա ինչ կտա մեր երկրին, կարծում եմ,  պարզ է։ Դա տեղի ունեցած իշխանափոխությանը իմաստ կհաղորդի և արդյունքում իշխանափոխությունը կվերածվի հեղափոխության, այսինքն՝ կհեղափոխվեն արժեքներն ու կառավարման համակարգը։ Բայց,  կարծում եմ, որ դա ձեռնտու չի իշխող կազմակերպությանը, որովհետև այդ փոփոխությունները կսահմանափակեն նրանց իշխանական լծակները։ Նման փոփոխություններ կարող են անել աշխարհայացք ունեցող , ռեֆորմների հարցում մոտիվացված մարդիկ։ Նման մարդկանց քանակը «Իմ քայլը» դաշինքում սահմանափակ է, և նրանք լուրջ ազդեցություն չունեն։