Բանավոր քննություններ չեն լինի

Բանավոր քննություններ չեն լինի

Ընդունելության կարգում կատարված փոփոխության համաձայն, այս տարվանից սկսած՝ ընդունելության քննության տեսակներ են համարվում միասնական եւ ներբուհական քննությունները` ի տարբերություն նախկին կարգավորման, երբ սահմանված էին միասնական, ներբուհական եւ կենտրոնացված (բանավոր) քննություններ։

Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս ընդունելությունը կկազմակերպվի «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով: Այսինքն` հայտագրման ժամանակ դիմորդը կկարողանա ընտրել միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն` վճարովի եւ անվճար համակարգով: Ընդունելության քննությունների ավարտից եւ ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրում, որին կարող են մասնակցել հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած այն դիմորդները, որոնք ընդունելության քննություններից դրական միավորներ են ստացել:

Բուհերի ընդունելության համար նախկինում կազմակերպվող բանավոր քննություններն այլեւս չեն լինելու` դրանք չեղարկվել կամ փոխարինվել են գրավոր քննություններով: «Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի եւ օտար լեզուների բանավոր քննություններ։ Բանավոր քննություններ այլեւս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաեւ «Լրագրություն» մասնագիտության «Ստեղծագործական աշխատանք» եւ «Բանավոր խոսքի հմտություններ» առարկաների քննություններից»,- նախօրեին տեղեկացրել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։