Քամելեոններն իշխանափոխության հո՞տ են առել

Քամելեոններն իշխանափոխության հո՞տ են առել

Վերջին օրերին, ընդդիմադիրների մեծ հավաքից հետո, երբ հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր կուսակիցներով, ապա Ազատության հրապարակում նստացույց սկսեց Արթուր Վանեցյանը, համացանցում յուրահատուկ իրարարանցում է սկսվել՝ «Անառակ որդու վերադարձը» «խորագրով»…

2018-ից հետո շատ ՀՀԿ-ականներ դարձել էին մոլի «հակասերժականներ», իրենց ֆեյսբուքյան էջերից հեռացրել էին իրենց՝ ՀՀԿ-ական լինելու մասին վկայող բոլոր «փաստերը»՝ լուսանկարներն ու գրառումները, հանդես էին գալիս «հակասերժական» հայացքներով, չնայած այն բանին, որ Սերժ Սարգսյանի օրոք «յուղալի» բարձր պաշտոններ էին զբաղեցնում, օգտվում էին իշխանական «կերակրատաշտից»: Նրանցից շատերի համար կուսակցափոխ լինելը շապիկ փոխելու նման սովորական բան է. շատերը ժամանակին եղել են լեւոնա-վանոյական, հետո՝ քոչարյանական, 2008-ի հանրահավաքներին՝ ընդդիմադիր, այնուհետեւ, մի կարճ ժամանակահատված  Ծառուկյանին էին համարում ազգի փրկիչ, վերջում հանգրվանել էին ՀՀԿ-ի տաքուկ «գրկում»:

2018-ի իշխանափոխությունից հետո նրանցից շատերը դարձան «թունդ հեղափոխական», Նիկոլ էին գովում-գովաբանում: Ամեն ինչ անում էին, որ «դուխով» Փաշինյանն իրենց նկատի՝ հույս ունենալով, որ հիմա էլ նա մի լավ գործի կնշանակի, մի տաքուկ տեղ կտեղավորի: Վերջին օրերին այս մարդիկ քաղաքական նոստալգիայի մեջ են. հիշել են իրենց ՀՀԿ-ական անցյալը, նորից  լուսանկարներ են տարածում Սերժ Սարգսյանի հետ, հիշում են նրա հետ կիսած աղն ու հացը, նրա հետ ունեցած մտերմիկ զրույցները, հարցուպատասխանները: Հավանաբար, այս մարդիկ մտածում են, որ Հայաստանում կարող է դարձյալ իշխանափոխություն լինել, եւ նորից «վլաստի» գան ՀՀԿ-ականները՝ կուսակցության առաջնորդի հետ միասին, ու, սովորության համաձայն, փորձում են հարմար տեղավորվել կուսակցության առաջին շարքերում:

Բայց արդյո՞ք ՀՀԿ-ն կրկին իր շարքերը կընդունի նման քաղաքական քամելեոններին, որոնց առատությունը կուսակցության շարքերում այն դարձրել էր մի անհասկանալի մարդակույտ, որտեղ հանգրվանում էին գաղափարական ոչ մի սկզբունք չունեցող անձինք՝ արժեզրկելով կուսակցության ակունքային գաղափարախոսությունը: Այս չորս տարին կուսակցության համար փորձությունների տարի էր, եւ կուսակցությանն ինքնամաքրվելու հնարավորություն է տրվել: Չէ՞ որ այնտեղ կան նաեւ այնպիսիք, ովքեր, չնայելով քաղաքական հալածանքներին, քրեական հետապնդումներին ու հասարակության կողմից ամենադաժան վերաբերմունքին, չլքեցին կուսակցության շարքերն ու իրենց առաջնորդին՝ անկախ նրա լավ կամ վատ լինելուց:

Նրանց անունները բոլորը գիտեն, նրանք կուսակցությունում այդքան էլ շատ չեն: Այդ մարդիկ, որոնք քամուց չեն ճոճվում եւ ըստ քաղաքական նպատակահարմարության գույն չեն փոխում, յուրաքանչյուր կուսակցությունում շատ չեն, եւ ապագա ունի այն կուսակցությունը, որտեղ գնահատում են նման մարդկանց։ Եվ երբ կուսակցությունը գալիս է իշխանության, նրանք նոր դերակատարում են ստանձնում կուսակցական եւ, առհասարակ, հայաստանյան քաղաքական կյանքում։ Քաղաքական «մարմնավաճառները» պետք է մերժվեն բոլորի կողմից…