«Պարոն Օսիպյան, դուք ոստիկանապե՞տ եք». ավագանու անդամն ահազանգում է (տեսանյութ)

«Պարոն Օսիպյան, դուք ոստիկանապե՞տ եք». ավագանու անդամն ահազանգում է (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Աղբյուր Սերոբի 11/2 հասցեի բնակարաններից մեկում են, որտեղից ոստիկանները ընտանիքի են վտարում։


Նա ուղիղ եթեր է մտել, որին կից գրել է.

«Շտաաապ

Ոստիկանության աշխատակիցները թքած ունեն օրենքի վրա։

Հարգելի լրատվամիջոցներ, այս պահին ոստիկանությունն անօրինական գործողություններ է իրականացնում

Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք

Աղբյուր Սերոբ 11/2»։

Ավելի վաղ ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել խնդրի  վերաբերյալ. «Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը այսօր իր էջում հրապարակել է գրառում՝ Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում ոստիկանության ծառայողների իբրև ապօրինի գործունեության և լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է`
չհրապարակելով բնակարանի հասցեն, դրա սեփականատիրոջ, ինչպես նաև այնտեղ առանց օրինական հիմքերի գտնվող անձանց անձնական տվյալները, հարկ ենք համարում պարզաբանել ոստիկանների գործողությունների վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ, առաջին հերթին՝ իրավական հարթությունում և գործի փաստական հանգամանքների հետ աղերս չունեցող ապատեղեկատվությունը:
Կոնկրետ դեպքում, ղեկավարվելով գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝​ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշման պահանջներով, ոստիկանության ծառայողները, անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումի, այնուհետև՝ սահմանված կարգով տրված լիազորագրի համաձայն պարզել են գույքի տարածքում անձանց բնակության օրինական հիմքերի բացակայությունը և տրամադրել ողջամիտ ժամկետ ներխուժումը կամովին վերացնելու  համար, մինչդեռ վերջիններս փաստացի չեն կատարել ոստիկանության օրինական պահանջները և հրաժարվել են ազատել գույքի տարածքը: Ի դեպ, նշված գործողությունների ընթացքը սահմանված կարգով փաստաթղթավորվել է, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողների վարչարարության իրավաչափությունը ստուգվել է վերադասության կարգով ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի շրջանակում: Ինչ վերաբերում է օգտատիրոջ այն դիտարկմանը, թե վտարում կարող էր արվել միայն դատարանի վճռի հիման վրա՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, ապա պարզաբանում ենք, որ դատական կարգով վտարումը և ներխուժման վերացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված երկու ինքնուրույն և միմյանց չբացառող իրավական ռեժիմներ (իրավական գործիքներ) են, որոնց ընտրությունը օրենսդրությամբ վերապահված է գույքի օրինական տիրապետողին: Առաջին դեպքում խոսքը գնում է հայցային վարույթի կարգով դատարան ներկայացվող վտարման պահանջի, իսկ երկրորդ դեպքում՝ ներխուժումը վերացնելու նպատակով ոստիկանությանն ուղղակիորեն (արտադատական կարգով) լիազորելու գույքի օրինական տիրապետողի իրավունքի մասին:  
Հաստատապես հորդորում ենք զերծ մնալ ոստիկանության գործողություններին իրավական դաշտում անհիմն և հուզական գնահատականներ տալուց, և վերջնական եզրահանգումներ կատարել միայն ոլորտի օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո»: