Ինչպե՞ս հասկանանք

Ինչպե՞ս հասկանանք

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն այցելել է Հարավային Օսեթիա, որտեղ հանդիպումներ է ունեցել մասնակիորեն ճանաչված այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այդ առթիվ տարածված տեղեկություններից մեկը, թե Արցախի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հարավային Օսեթիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը, «Արցախպրես» լրատվական գործակալությանը մղել է հարցում անել ԱՀ ԱԳՆ-ին, որտեղից ստացվել է հետեւյալ պատասխանը. «Առաջին հերթին անհրաժեշտ է ընդգծել, որ Հարավային Օսիայի մեր գործընկերների հետ բազմաթիվ երկկողմ հանդիպումների ընթացքում հարավօսական կողմից Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարց չի բարձրացվել: Միեւնույն ժամանակ, տեղին է նշել, որ Արցախի եւ Հարավային Օսիայի միջեւ ձեւավորվել են սերտ եւ վստահելի հարաբերություններ, եւ քննարկման համար փակ թեմաներ չկան»:

Արցախի ԱԳՆ-ն կարող էր բավարվել կարճ հերքումով, որ Հարավային Օսեթիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարց չի քննարկվել: Մինչդեռ նշված է, որ հարավօսական կողմն այդ կապակցությամբ աջակցության հարց չի բարձրացրել: Այսինքն՝ Հարավային Օսեթիան պաշտոնապես չի խնդրել, որ Արցախը ճանաչի Հարավային Օսեթիայի ժողովրդի ցեղասպանությունը: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Արցախի ԱԳՆ հայտարարության շարունակությունը, թե կողմերի միջեւ փակ թեմաներ չկան: Նշանակու՞մ է դա, արդյոք, որ թեման, այնուամենայնիվ, շոշափվել է: Բայց ի՞նչ կտրվածքով: Սա շատ զգայուն խնդիր է, եթե նկատի ունենանք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ դրանից ածանցվող ակնկալիքները: Կարի՞ք կար նման իրավիճակում տեղիք տալ տեղեկատվական նման տարընթերցումների: