Ո՞վ կհայտնվի իրավապահ մարմինների ձեռքերում․․․

Ո՞վ կհայտնվի իրավապահ մարմինների  ձեռքերում․․․

Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան գրառումն ինձ մոտ քաղաքական գրառման տպավորություն թողեց։ Գրառումը սեղմ կներկայացնեմ, կարող եք իր էջում ծանոթանալ ամբողջական տեքստի հետ․ «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ   (Դավադրությունների տեսություններ ասելով նկատի ունի «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և այլ արտահայտություններ

․․․ Չենք ուզում, որպեսզի մեր բնակչությունը կորցնի զգոնությունը և եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին»։

Նախարարի ֆեյսբուքյան էջի գրառումներին ծանոթացա մանրամասն, որոնք շատ- շատ էին։ Ինձ մոտ տպավորվեց այն, որ մարդկանց զայրացրել է «իրավապահ մարմիններ» արտահայտությունը։ Այն մարդիկ, որոնք դեռ մնացել են «հեղափոխության ծաղկափոշու մեջ», ոգևորված գրում են՝ բռնել, ձերբակալել, դատել, ուշացնում եք, շուտ արեք և նման բաներ։ Իսկ սթափ դատող մարդիկ, որոնց խոսքի մեջ շատ արժեքավոր հատիկներ կային, իրականությունը դատում են սթափ, ոչ զգացմունքային, իրենց դատողությամբ կարող են օգտակար լինել անգամ  նախարարին․

Գրիգ Շատ ճիշտ որոշում է, տվյալներ փոխանցելիս խնդրում եմ չմոռանալ նաև հետևյալ խոսքերի հեղինակին. «Քանի որ ինքը որպես էդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա…»,
«Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ իրանց ուղարկել դպրոց, որովհետև չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր…»,
«Ասեմ, որ ես ինքս եմ ուղիղ մի շաբաթ առաջ եկել Հարավային Կորեայից, որտեղ էս պահին կա 3500 դեպք և մահվան դեպքեր էլ կան: Եվ ինձ շատ լավ եմ զգում և չեմ պատրաստվում հանձնել թեստ ու ձեզ բոլորիդ հեսա վարակելու եմ…»: Կարծում եմ՝ նշված հատվածները առաջիններից էին, որ մեծապես ազդել են բնակչության զգոնության այսօրվա մակարդակի վրա:

Tigran Barseghyan «Մեզ չի կպնի» - նույնն է՝ ինչ ասել, «Կորոնավիրուսն ում շունն է»
«Այդպիսի հիվանդություն չկա» ֊ նույնն է ինչ ասել՝ «Կորոնավիրուսը սովորական վիրուս է»։
Իմ կարծիքով Ձեզ հայտնի են այս գոհարների հեղինակները․․․
Մնացածը թողնում եմ Ձեր հայեցողությանը։

Armine Avetisyan Ի՞նչ իրավունքով եք սպառնում, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, չկա՞ տարբերություն կարծիքի և պաշտոնական լրատվության միջև), իսկ մարդիկ կասկածում են՝ տեսնելով ձեր վերաբերմունքը, գործելաոճը, արտահայտությունները. ձեր սխալների համար մարդկանց մի մեղադրեք, առավել ևս՝ սպառնացեք

Արմեն Խաչատրյան Չմոռանաք նաև ձեր տվյալները հանձնել իրավապահ մամիններին պարոն Թորոսյան։
" Սա վտանգավոր վիրուս չէ"
" Ես իմ երեխաներին կտանեմ դպրոց,որովհետև չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր"
"Պետք չի հավատալ պանդեմիային"։
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ։

Hakob Sukiasyan Համաձայն ենք, եկեք դիմենք իրավապահներին, թող ձերբակալեն այն պաշտոնյային, ով փետրվարի վերջին հայտարարում էր, որ սա ընդամենը սովորական գրիպ է, որ ինքը նոր է եկել Կորեայից...
Դուք ինքներդ եք սկսել ձեր ասած ԴՏ-ն, բարի եղեք շտկել առանց ուրիշներին սպառնալու

Natasha Jhorjikovna Հավատացողը թող հավատա, չհավատացողն էլ թող չհավատա.... մարդիկ իրենց կարծիքն են հայտնում: Ժամանակին դուք էլ չէիք հավատում նախարար, հիմա հավատու՞մ եք, որ այդ վիրուսը վտանգավոր է

Գոռ Կակոյան Մեկը կար՝ ասում էր, որ սա սովորական վիրուս է , իսկ մյուսը ասում էր՝ դուխով ժողովուրդ ջան, վիրուսը ում շունն ա ։ Հա մեկ էլ չմոռանամ էդ մեկը նաև ասում էր, որ ժողովուրդ ջան ԱՆՆԱԽԱԴԵՊ վարկեր ենք տալու բոլոր գյուղ վարկերը 0 տոկոս։ Ու մինչև այսօր  ձեն- ձուն չկա ։
Հերիքա ստերով կերակրեք ժողովրդին

 

Armine Grigoryan Ամենասկզբից պետք չէր բնակչության զգոնությունը թուլացնել, թե չէ հիմա բավականին ուշ ա։ Քանի ամիս ա չիպավորում են, սպանում են, փողով կորոնա են գրում...ինչի՞ եք հիմա ասում։

Christina Arthur Hakobyan Ձեր սխալների, հոռետեսության, բացթողումների, ոչ պրոֆեսիոնալ հայտարարությունների, իրար հակասող որոշումների, ոչ հեռատես քայլերի և, այո, դավադրության հետևանքների համար պատասխանատվությունը չփորձեք բարդել ժողովրդի վրա։

Abgar Shadoyan Բա ասում էիք կորոնավիրուսը վտանգավոր չի ։
Եթե դավադրություն կա , ապա դավադիրը հենց դուք եք ու դավադրություն է ողջ ազգի հանդեպ ։ Դավադիր եք ։ Չե՞ք զգում որ լյուստրացիաի եք ենթարկվել

Lusin Markosyan Առաջինը ձեր իսկ մասից հաղորդում ներկայացրեք, որ ասում էիք՝ վտանգավոր վիրուս չի

 

Kristina Hekimbashyan Դե դուք ասում էիք վտանգավոր վիրուս չի, մենք էլ մեզ պահում ենք ձեր ասածի համաձայն:)))

Amy Mikaelian Պրն նախարար, վիրուսի վերաբերյալ այլ կարծիքները և կասկածները միայն Հայաստանում չեն, այլ ամբողջ աշխարհում , հիմնված բազմաթիվ բժիշկների տրամաբանական եզրակացությունների և շատ այլ փաստերի վրա, ի՞նչ է, պատրաստվում եք ամբողջ աշխարհին դատի տա՞լ:
Ձեր այսպիսի դիրքորոշմամբ, դուք վնասում եք Նոր Հայաստանին, նախ և առաջ Վարչապետին, իսկ դա արդեն լուրջ մտահոգության առիթ է տալիս:
Սա ձեր ԿՌԻՎԸ չի, ինչու՞ եք այսչափ ակտիվ մասնակցում դրան:
Այնինչ, պրն նախարար, ես շա՜տ կուզենայի, որ սպառնալու փոխարեն, դուք բարի խորհուրդներ տայիք ձեր ժողովրդին, այն մասին, որ ցանկացած հիվանդության, վիրուսի դեմ ամենաարդյունավետ հակահարվածը մարդու բարձր ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ է, որի համար պետք է պայքարի յուրաքանչյուր ոք, առատորեն մաքուր օդ շնչի, առավոտյան և վաղ երեկոյան արևի ճառագայթներ ստանա, վիտամիններ խմի, ճիշտ սնվի, պահպանի տարրական հիգիենայի կանոնները և այլն:
Ա՛յ դա կլիներ ազնիվ և հոգատար պաշտոնյայի, ժողովրդի նվիրյալի իրական քայլ:

Gohar Aghababyan Իսկ միգուցե սկսեք սեփական օրինակի՞ց։ Հենց դուք՝ կառավարությունը և ազգային ժողովը օրինակ ծառայեք սպասվելիք պահվածքի, փոխանակ՝ ժողովրդին սպառնալու։ 100 հոգով ազգային ժողովում ժամերով հավաքվում են, առանց դիմակների, սոցիալական դիստանցիայի մասին էլ չեմ խոսում։ Ձեր զգուշավորությունը պիտի վստահության գրավական լինի։ Թե՞ ձեզ էլ, որպես "լավ մարդ" կորոնան չի կպնի։

Гаяне Авагян Պարոն Թորոսյան,ժողովրդավարական երկիր է, ինչու՞ եք ըմբոստանում մարդկանց կարծիքների վրա։Այո՛, կա կասկած,որ այս ամենը ուռճացված է, որովհետև ինչ հայտնվել է կորոնավիրուսը, վերացել են ամեն տեսակ հիվանդությունները։Երեխան ջերմում է, կարծես առաջին անգամ է ջերմում, բոլորը խառնվում են իրար, վախենում են շտապ օգնության դիմել, որ հանկարծ սովորական մրսածությունը չվերագրեն կորոնավիրուս։ Ամբողջ աշխարհում ժողովրդին սարքել են թելով կապված տիկնիկներ,ոնց ուզում, խաղացնում են։ Հիմա ժողովրդի մոտ covid-19 ի վտանգ չի, այլ փողիկ֊20 ի վտանգ է, չենք կարողանում օրվա հաց վաստակենք, ուր մնաց դիմակ ու ձեռնոց գնենք։Հանեք անվճար բաժանեք, թող դնեն ժողովուրդը։ Այդ դիմակի ու ձեռնոցի փոխարեն, մի հատ հաց ու մակարոն կգնեմ,երեխաներս կուտեն։Այս իրավիճակում շուտով մարդիկ ինֆարկտից կմահանան, դուք ել կգրեք, ճիշտ է սիրտը վարդի պես բացվել էր, բայց մահացավ կորոնավիրուսից։

 

Vardan Gregoryan Արսեն Թորոսյան, Դուք ասացիք, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, այնպես որ մենք չենք պատրաստվում համարժեք և ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, այժմ կա երկու վարկած, կամ դա իրականում վտանգավոր չէ, և դուք ինչ-որ բան եք թաքցնում, և չափազանցում, չգիտեմ, թե ինչու, կամ իսկապես դա շատ վտանգավոր է, և մենք սպասում ենք քաոսի, և որ դուք չեք կարողացել վերահսկել, դուք պետք է ժողովրդին ասեք և հիանալի գիտեք, որ անօգուտ է և ոչինչ չեք կարող անել։

 

ՀԳ Մնում է ընդամենը  եզրահանգում անել՝ ո՞վ կհայտնվի իրավապահ մարմինների  ձեռքերում՝ ՀՀ քաղաքացինե՞րը, թե՞ առողջապահության ողջ համակարգի պատասխանատուն։ Ո՞վ է թուլացրել ժողովրդի զգոնությունը։