«Իմ քայլ»-ում կլաններ չկան, դրանք ընկերական «թևեր» են

«Իմ քայլ»-ում կլաններ չկան, դրանք ընկերական «թևեր» են
Հրաչյա Հակոբյան

Շուտով կլրանա յոթերորդ գումարման խորհրդարանի մեկամսյակը, սակայն, որքան էլ զարմանալի է, 88 հոգանոց իշխանական խմբակցությունում դեռեւս օրենսդրական նոր նախագծեր չեն ծնվում, չնայած այն հայտարարություններին, թե նախկինից ծանր համակարգ են ժառանգել, այդուհանդերձ, իմքայլականներն այդ «ծանր» ժառանգությունը թեթեւացնելու օրենսդրական լուծումներ չեն պատրաստում։ Որոշ տեղեկություններով, 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցության նիստերն անցնում են ապակառուցողական մթնոլորտում, պատգամավորներից որեւէ մեկը եթե համարձակվում է որեւէ առաջարկով հանդես գալ, ընդդիմախոսների խումբն այնպես է հարձակվում եւ նրան «սխալ հանում», որ ցանկացած նախաձեռնություն «բնում» խեղդում են, եւ հեղինակը ձեռք է քաշում այդ մտքից։ Խմբակցությունում ընթացող աշխատանքային քննարկումների մասին զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։

- Հաջորդ շաբաթ ԱԺ-ում կառավարության ծրագիրն է քննարկվելու, այսինքն՝ խորհրդարանն անցնում է բնականոն աշխատանքային ռեժիմի, իշխող խմբակցությունն ունի արդեն նախագծեր, իդեաներ, որոնք պատրաստվում է օրենքի տեսքով կյանքի կոչել։ Ձեր թիմում քննարկե՞լ եք առաջնահերթությունները, որոնք պետք է իրագործել հանրության կյանքը բարելավելու, փոխելու համար։

- Ծրագրին ծանոթ չեմ, այն դեռ չի ուղարկվել խորհրդարան, իսկ ԱԺ-ին պատրաստվում եմ ներկայացնել իմ հեղինակած նախագիծը՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների մասին, որը նախորդ ԱԺ-ում ներկայացրեցի, հիմա փոփոխված տարբերակով եմ ներկայացնելու։

- Խոսքը նոր նախագծերի մասին է, նոր թիմի, նորաթուխ պատգամավորների կողմից մշակված։

- Քննարկումներ շատ են եղել, հիմա չեմ կարող առանձնացնել, հիմնականում բազմաբովանդակ քննարկումներ են տեղի ունեցել թե՛, ասենք, Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված, թե՛… տարբեր քննարկումներ եղել են, բայց հիմա չեմ կարող առանձնացնել։

- ԱԺ-ում երբեւէ այսքան մեծ խմբակցություն ներկայացված չի եղել, սա նշանակում է, որ դուք ունեք բոլոր հնարավորությունները ե՛ւ խնդիրը ձեւակերպելու, ե՛ւ դրան լուծում տալու․ հիմա ձեր թիմում որեւէ խնդիր չի՞ ձեւակերպվել։

- Էլի եմ ասում՝ եղել են, բայց չեմ կարող մտաբերել։ Թերեւս Հարկային օրենսգրքի մասին եմ հիշում, որը վերջին քննարկման ժամանակ բուռն անցավ, բայց էլի առաջնահերթ հարցեր են եղել, որոնք չեմ հիշում։

- Հարկային օրենսգիրքը կառավարությունն է ներկայացնում, իսկ խմբակցությո՞ւնը։

- Հասկանում եմ, ուղղակի չեմ կարող մտաբերել։

- Լուրեր են պտտվում, որ ձեր խմբակցության նիստերն անցնում են ոչ այնքան կառուցողական մթնոլորտում, մեկը մյուսի առաջարկը չի ընդունում, եթե որեւէ պատգամավոր ինչ-որ առաջարկ է անում, անմիջապես քննադատների բանակ է ձեւավորվում, ու առաջարկը տեղում «խեղդվում» է։ Այդպե՞ս է։

- Քննարկումները, այո, հետաքրքիր քննարկումներ են անցնում, բայց որ այդպես մեկը մի բան ասի, բոլորով հարձակվեն տեղում, չկա նման բան։ Իրականում ոչ մեկը մյուսից ո՛չ նեղանում է, բոլորն ազատ են, ուղղակի պիտի հասկանանք։ Նոր թիմ է, 88 հոգի, բայց շատ կառուցողական քննարկում ենք ունենում։ Օրինակ, իմ նախագիծը 9 հոգանոց ֆրակցիայում բոլորովին այլ կերպ էր ընկալվում, 88 հոգանոցում՝ այլ։ Այստեղ նախկին լրագրողներ կան եւ, օրինակ, իմ նախագծի հետ կապված ասում են, որ կայքերի հետ կապված խնդիր կլինի, կան իրավաբաններ, որոնք այլ խնդիրներ են ասպարեզ բերում։ Ես այդ  դիտողություններից ոչ թե նեղացա, այլ ընդունեցի ի գիտություն եւ  խմբագրումներ կանեմ, եւ այդպես չէ, որ ամեն ինչ օդում կանխեն։

- Կա փաստ, որ նախագծեր չկան, դուք էլ չեք հիշում առաջնահերթ հարցերը, որոնք քննարկել եք, ստացվում է, որ Հայաստանի առջեւ ծառացած միակ խնդիրը խաղամոլությունն է, որի դեմ է Ձեր նախագիծը։

- Կներեք, բայց դեռ հանձնաժողովների նիստեր չեն գումարվել, որ տեսնենք՝ ով ինչ օրենք է ներկայացնում։ Մի քիչ համբերեք, ու ամեն ինչ պարզ կլինի։ Իհարկե, այնպես չէ, որ ամենակարեւոր խնդիրը խաղամոլության դեմ պայքարն է, դրանք նախորդ գումարման ժամանակ արդեն շրջանառված նախագծեր են։

- Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ 88 հոգանոց խմբակցությունում ի՞նչ պետք է անել, որ արագ եւ արդյունավետ աշխատանքներ ծավալեք։

- Գիտեք, մեր ֆրակցիան նոր ձեւավորված ֆրակցիա է, մարդիկ դեռ նոր են իրար ճանաչում, դժվարություն չեմ ասի, թե ներկայացնում է այսպիսի թվաքանակը, բայց դեռ ծանոթանում ենք իրար, ընտելանում ենք։

- Իսկ կարո՞ղ է ընտելանալու այդ պրոցեսը ձգվի մինչեւ հաջորդ ընտրություններ։

- Չէ, նման բան չի լինի, մենք արդեն մոտավորապես ընտելացել ենք։

- Բայց տեղեկությունները հակասական են, որ ձեր ֆրակցիայում արդեն թեւերի են բաժանվել, ազդեցիկ պատգամավորներից յուրաքանչյուրն իր շրջապատն է ձեւավորում․ սա չի՞ խանգարի օրենսդրական արդյունավետ գործունեություն ծավալելուն։

- Ես կարծում եմ՝ «Իմ քայլ»-ում պարզապես ընկերական թեւեր կլինեն, մարդիկ, որոնք իրար հետ ավելի մտերիմ են, բայց դա չի ազդի աշխատանքի վրա։ Օրինակ՝ եթե մի խումբ պատգամավորների տեսնեք սրճարանում սրճելիս, պետք չէ մտածել, որ նրանք առանձին խումբ են, նրանք ուղղակի կարող են ընկերանալ իրար հետ, դա չի ազդի մեր ֆրակցիայի գործունեության վրա, ոչ մի թեւեր, ոչ մի կլաններ չկան։

- Այսինքն` դուք միասնական եք, չկան թիմեր։

- Հիմա չեմ տեսնում մրցակցություն, թիմեր եւ հույս ունեմ՝ չի էլ լինի։