Անխորտակելիները

Անխորտակելիները

Կադրեր կան, որ անփոխարինելի են։ Ավելին՝ նրանք անխորտակելի են բոլոր իշխանությունների օրոք։ Հեղափոխության, նրա բերած արժեքների, այդ արժեքներից բխող կադրային քաղաքականության թեման օր չի լինում, որ չարծարծվի մամուլի էջերում։ Գրեթե օր չի լինում, որ չհիշեցվի նաեւ այդ մարդկանց անցյալը, այն ճանապարհը, որ անցել են նրանք։ Չհիշեցվի, որ հակահեղափոխության իրական սպառնալիք կարող են լինել ոչ թե իշխանությունից կամովին կամ ժողովրդի ճնշման ներքո հեռացած նախկին պաշտոնյաները, այլ նրանք, որոնք, չդավանելով սկզբունքներ եւ արժեքներ, ճիշտ պահին հայտնվում են ճիշտ տեղում եւ պաշտպանում գործող իշխանության «ճիշտ» քաղաքականությունն ու դիրքորոշումը։

Նրանց համար իշխանությունը միշտ ճիշտ է՝ լինի դա Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ավելի հեռուն գնալով՝ նրանց համար «ճիշտ» էր նաեւ սովետական իշխանությունը, որի ժամանակ եւս աչքի են ընկել պիոներական եւ կոմերիտական վառ անցյալով։ Կարելի էր մոռանալ անխորտակելիներին, չհիշեցնել, որ գործող իշխանությունը կարող է սայթաքել հենց նման մարդկանց իր շարքերում ընդգրկելու եւ այդ իսկ պատճառով սկզբունքներ ունեցող մարդկանց վանելու պատճառով, եթե ամեն անգամ չլսեինք հերթական նշանակման կամ ընտրության մասին։ 

Օրերս Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ  ընտրվեց Աիդա Թոփուզյանը։ 
Ըստ Վիքիպեդիայի՝ Աիդա Թոփուզյանը ՀՀ  պետական եւ գիտության գործիչ է, ՀՀ վաստակավոր մանկավարժ։ Սովետի ժամանակ նա եղել է ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի դպրոցի եւ բուհի գծով քարտուղար, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրի տեղակալ։ Իսկ արդեն անկախ Հայաստանում, 1998-2004թթ․,  Աիդա Թոփուզյանն  եղել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ։ Նա դասավանդում է նաեւ Հայաստանի լեզվահասարակագիտական եւ պետական մանկավարժական համալսարաններում։ Եվ հիմա Աիդա Թոփուզյանը, հիշելով սովետական երանելի ժամանակները, իր կարիերան որոշել է շարունակել Հանրային խորհրդում։ 

Մյուս անխորտակելին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն է, որի մասին Վիքիպեդիայում նշված է՝ քաղաքական գործիչ եւ դատավոր։ 90-ականներից սկսած՝ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի, ՀՀ փոխնախագահի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 1996 թվականից սկսած մինչեւ 2018թ․ Սահմանադրական դատարանի նախագահն էր։ 

Դատելով  ԲԴԽ-ում ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող դժգոհություններից՝ կարելի է եզրակացնել, որ Գագիկ Հարությունյանը չի զգում նոր ժամանակների շունչը եւ չի պատրաստվում ինքնակամ հեռանալ։ Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքը նոր Հայաստանում անելիք չունի, եւ ժամանակն ամենեւին իր օգտին չի աշխատում։ 


Երրորդ անխորտակելին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ըստ Վիքիպեդիայի՝ ՀՀ պետական գործիչ Ֆելիքս Ցոլակյանն է։ Ցոլակյանի կենսագրությունն էլ է հարուստ՝ է՛լ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, է՛լ ՀԽՍՀ ՊԱԿ Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, է՛լ ՀԽՍՀ ՊԱԿ Եղեգնաձորի բաժանմունքի պետ։ Անկախ Հայաստանում էլ նա հասցրեց զբաղեցնել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի, ԱԱԾ տնօրենի տեղակալի, Շիրակի մարզպետի պաշտոնները։ 
Այս ֆոնին հարկ է չմոռանալ անկախ Հայաստանում Երեւանի բոլոր քաղաքապետերի օրոք փոխքաղաքապետ աշխատած, իսկ այսօր Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որն այժմ էլ «Իմ քայլը» դաշինքով է ընտրվել պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ, երկարամյա եւ աննկուն ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին,  ուրիշ շատերին, որոնք կարողանում են արագ «կողմնորոշվել»։
Խնդիրն այն է, թե որքան կարող է երկարաձգվել իրական հեղափոխությունը՝ իր շարքերում ունենալով նման կադրերի, ունի՞ հայկական հեղափոխությունն այդքան ռեսուրսներ՝ ոչ հեռու ապագայում ինքնամաքրվելու եւ հեղափոխության արժեքները կյանքի կոչելու, թե՞ ոչ։