Ցուցարարների հայտարարություններում տեսնում ենք լուրջ էմոցիոնալ ֆոն

Ցուցարարների հայտարարություններում տեսնում ենք լուրջ էմոցիոնալ ֆոն

Երեւի դժվար էր պատկերացնելը, թե հունիսի 20-ին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում նստած  ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչ բուռն հակազդեցություն կառաջացնի վրացիների շրջանում եւ ինչպես բազմաթիվ մարդիկ դուրս կգան բողոքի ցույցերի։ Թբիլիսիում Գավրիլովի այդ քայլն ընկալվեց որպես վրացական պետականության նվաստացում։ Ցույցերին ու ոստիկանների հետ բախումներին հաջորդեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։

Այս օրերին Հայաստանում էլ ակնդետ հետեւում են Վրաստանում զարգացող իրադարձություններին, քանի որ դրանք այս կամ այն չափով իրենց հետքն են թողնելու տարածաշրջանի երկրների վրա։

Վրաստանի «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը նկատում է, որ ներքաղաքական զարգացումներն ուղեկցվեցին անվտանգության ուժերի, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներով, իսկ դրա հետւանքով հաջորդ օրն ավելի շատ ցուցարարներ հավաքվեցին Թբիլիսիում։ Բողոքի ցույցերը շարունակվել են մինչեւ ուշ գիշեր։  Արսեն Խառատյանը հիշեցնում է, որ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է ցուցարարների պահանջներից մեկին ընդառաջելու մասին, այն է՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունները 2020թ․ կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով։ 
«Այդ կերպ գործող իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է առաջիկայում բոլոր ուժերին ներգրավվելու ինստիտուցիոնալ կառույցներում, ինչպես նաեւ խորհրդարանում, երկխոսության մեջ։ Կարծում եմ, մեզ համար չափազանց կարեւոր է Վրաստանում կայունությունը։ Եվ հաշվի առնելով, որ այս ամենի խորքում ռուս-վրացական հարաբերություններն են, մեզ համար ցանկալի չէ որեւէ հարաբերությունների դեգրադացիա»,- նշեց Արսեն Խառատյանը։

Մեր դիտարկմանը, թե սա Վրաստանի կողմից իր ազատությունը, անկախությունը վերանվաճելու հերթական փորձ չէ՞, հերթական անգամ գլուխ չե՞ն բարձրացրել ռուս-վրացական կնճռոտ խնդիրները,  Արսեն Խառատյանը պատասխանեց․ «Խնդիրը անկախության նվաճումը չէ, խնդիրն ավելի շատ էմոցիոնալ ֆոնն է։ Եթե ծանոթանաք ցուցարարների հայտարարություններին, ապա կտեսնեք լուրջ էմոցիոնալ ֆոն։ Անկախ ամեն ինչից՝ Վրաստան-Ռուսաստան  հարաբերությունները եւ՛ տնտեսական իմաստով, եւ՛ երկկողմ հարաբերությունների, կոմունիկացիաների  իմաստով, գոյություն են ունեցել։ Մի փուլում դա դրսեւորվել է պակաս չափով, մեկ այլ փուլում՝ մի քիչ ավելի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս տարիներ առաջ Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վերացրել էր վիզային ռեժիմը։

Մինչդեռ՝ Ռուսատանը Վրաստանի քաղաքացիների համար ոչ միայն չի  վերացրել վիզային ռեժիմը, այլ  այն բավականին դժվար է ստանալը, քանի որ Վրաստանում չի գործում ՌԴ-ի դեսպանություն։ Վրաստանը դադարեցրել է նաեւ իր անդամակցությունը ԱՊՀ երկրների հետ, ինչի արդյունքում ԱՊՀ երկրների, մասնավորապես ՌԴ-ի հետ, ձեւավորվել է հարաբերությունների ուրիշ ձեւաչափ։ Շատ հարցեր կային, որտեղ կար ռուս-վրացական բանակցային գործընթաց, որտեղ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով Ժնեւում հանդիպում էին պարբերաբար, քննարկում էին ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներ, այնպես էլ հակամարտությանը վերաբերող հարցեր։ Բայց հիմա հայտարարություններ են հնչում՝ կապված վրացական ապրանքների արտահանման հետ, դեպի Վրաստան թռիչքների արգելքն է ավելացել։ Այսինքն՝ այս առումով ցանկալի չէ բացասական լրացուցիչ զարգացումներ տեսնել, քանի որ կարող ենք դրանցից տուժել նաեւ մենք»։