Nikol & Company

Nikol & Company

Հետաքրքիր է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնագրով կամ ինչ-որ ներքին պայմանավորվածությամբ, կարգազանցներին պատժելու որեւէ մեխանիզմ գործո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե գործում է, ապա ինչո՞ւ մինչ այս պահը ոչ մեկին չեն հեռացրել կուսակցությունից կամ կուսակցական տույժ չեն տվել, իսկ եթե նման նորմեր չկան, ապա ի՞նչ է քննարկում մամուլը Սասուն Միքայելյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի լեզվակռվի կապակցությամբ: Ասացեք, խնդրեմ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը «խալխումը» քննադատել է իր կուսակից Ռոմանոս Պետրոսյանին:

Ոչ ոք չի ասում` եկեք մի հատ տեսնենք` Սասուն Միքայելյանը կամ մեկ ուրիշը ՔՊ-ից իրավունք չունի՞ մեկ այլ ՔՊ-ականի քննադատելու: Ես, օրինակ, մտածում եմ, որ որեւէ երկու ՔՊ-ական միմյանց նկատմամբ  այնպիսի պարտավորություններ չունեն, որ նրանց կխանգարի միմյանց քննադատել, ծեծել, շատ ներողություն` հայհոյել: Եվ, առհասարակ, այդ ՔՊ-ն շատ նման է աշխատանքային պայմանագրի, որը կա՛մ գործում է, երբ առկա է կողմերի համաձայնությունը, կա՛մ չի գործում, երբ կողմերից մեկը հրաժարվում է դրանից` այն համարելով ոչ ձեռնտու: Ո՞ւր է այնտեղ կուսակցություն, որ մի հատ էլ քննարկում են, թե ով ում հավին քշա ասաց: Իրենց թույլտվությամբ ես այդ կազմակերպությունը կանվանեի N&C`Nikol & Company: Ի՞նչ կա որ, մի կողմում Նիկոլն է, մյուս կողմում` նրա «company»-ն` քաղաքացիների այն խումբը, որն իրեն համարում է Փաշինյանի հետեւորդ:

ՔՊ-ն ինձ հիշեցնում է իսլամիստ ընդդիմադիր քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որի անդամներին բնութագրում են մեկ բառով` գյուլենականներ: Դիցուք` Սասուն Միքայելյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին ինչն է միավորում, եթե ոչ նիկոլական լինելը: Եթե մեջտեղում որեւէ գաղափարախոսություն լիներ, կասեինք, որ նրանք այդ գաղափարի շուրջ են միավորվել: Նիկոլ Փաշինյանը, որքան հասկանում ենք, կենդանի մարդ է, ոչ թե գաղափար: Ուստի կարելի է մածել, որ նիկոլականությունն իր պայմանագիրը կնքել է միայն Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ շարքայինների միջեւ անհատական պայմանագրեր չեն գործում: Գյուլենի կազմակերպությունում էլ նույն վիճակն է, այնտեղ էլ Գյուլենն է անքննելի, իսկ մյուսներն ազատ են միմյանց հետ հարաբերություններում:

ՔՊ-ից ոմանք լրագրողներին հավատացնում են, թե ՔՊ վարչությունում քննելու են Սասուն Միքայելյանի հայտարարությունները Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ոչ ադեկվատ պահվածքի, ինչպես նաեւ վերջինիս թեկնածուի օգտին չքվեարկելու մասին: Կարելի է մտածել` ՔՊ վարչությունը մի տեղ է, որտեղ նիկոլականների բուրդը դնում, բամբակ են գզում: Սասուն Միքայելյանն այդ նույն վարչության նախագահը չէ՞ր 2,5 տարի, Սասունի ժամանակ չէ՞ր, որ ՔՊ-ն դարձավ իշխանություն: Դե հիմա ինձ ասեք` այդ ո՞ր կուսակցությունում են հաղթող առաջնորդին դատում: Սա չի՞ նշանակում, որ Սասունը կուսակցության ղեկավար կամ առաջնորդ չի եղել, որ ՔՊ վարչություն ասվածն ընդամենը Նիկոլ Փաշինյանի կուսակցական աշխատասենյակի նախասրահն է, որտեղ ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը` մնա՞լ կուսակցությունում, թե՞ չմնալ, աշխատե՞լ, թե՞ գլուխ պահել:

Իմ կողմից շատ հարգված Հովիկ Աղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում մոտավորապես այն միտքն էր զարգացրել, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն միմյանց հետ կապ չունեցող երեւույթներ են: Նա նշել էր, որ ներկուսակցական այս գզվռտոցներից Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ավելի քիչ է տուժում, քան ՔՊ-ի վարկանիշը: Լիովին համաձայն ենք պարոն Աղազարյանի հետ, բայց մի վերապահում ունենք: Նիկոլականությունն ինքնին վարկանիշ չունի եւ չէր էլ կարող ունենալ: Բանն այն է, որ վարկանիշի մասին պատրանքներ նիկոլականության մեջ առաջացել են բացառապես հեղափոխությունից հետո, երբ արդեն նիկոլականության առանձին ներկայացուցիչներ դարձան նախարարներ, մանդատներ ստացան, պաշտոններ ձեռք գցեցին եւ այլն: ՔՊ-ն, այո, այսօր Փաշինյանի բալաստն է եւ իր մեծ անկումներով «մի թեթեւ» (ըստ Աղազարյանի`շատ քիչ) ազդում է նաեւ Փաշինյանի վարկանիշի վրա:

Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան վեճ կլինե՞ր, արդյոք, եթե հաղթեր Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուն: Հազիվ թե: Այդ հաղթանակը եւս պետք է վերագրեին Նիկոլ Փաշինյանի անսխալականությանն ու ծափահարեին: Դժվարը պարտությունն ասպետավարի ընդունելն է: ՔՊ-ից շնորհավորե՞լ են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին: Մարզպետ Ռոմանոսը հաստատ չի շնորհավորել: Դեռ մի բան էլ հաթաթա է տվել, որ հետեւելու է Գեւորգյանի աշխատանքին, ու եթե մի բան այնպես չլինի... Եվ այս մարդը շարունակում է պաշտոնավարել: Սա եւս մի ապացույց է, որ ՔՊ-ն շատ էլ կապ չունի Փաշինյանի հետ եւ թողնված է ինքնահոսի: