Արտգործնախարարությունը մանրադիտակի տակ

Արտգործնախարարությունը մանրադիտակի տակ

Մաս 4

Սկիզբը  նախորդ համարում

 

 

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՈՉ ԿԱԴՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ

Աղյուսակ 6-ի ցուցակի զարդը թոշակառու Ա․ Գալոյանը եւ նախաթոշակառու Ա․ Սարգսյանն են (վերջինս ՀՀ ԿԲ նախագահ, վարչապետ, ԱՄՆ-ում դեսպան (բոլորը՝ նախկին),  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկա նախագահ Տիգրան Սարգսյանի եղբայրն է, իսկ նրա դիվանագետ դուստրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի կինն է)։ Առաջինն ԱԳՆ է մտել ԱԺ-ից, երկրորդը, դատելով կենսագրական բաց էջերից՝ ՊՆ-ից։ Երկուսն էլ «աքսորյալների» փաղանգից են։ 
Ավելի վառ կենսագրություն ունի Գալոյանը։ Ըստ մի աղբյուրի, նա Ղարաբաղյան շարժումն ու Ղարաբաղյան պատերազմը դիմավորել եւ ուղեկցել է ԱՄՆ-ում (ճակատագրի հեգնանքով՝ թավշյա հեղափոխության ժամանակ էլ «տեղում չէր»)։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝  1987-88, 1993-97 թթ. է ուսանել, հետազոտել, դասավանդել ԱՄՆ-ում։ Պատգամավորական լիազորությունների ավարտից հետո, 2003-ին ոտք դնելով ԱԳՆ պատերից ներս, դրանցից 13-ը (2006-ից մինչ օրս) անդուլ ու անդադար մաշել է դրսում՝ հաջորդաբար դեսպանավարելով Լեհաստանում, Լիտվայում եւ, արդեն 6-րդ տարին՝ Բրազիլիայում։ 
Արմեն Սարգսյանը փաստացի 20 տարի է «արտասահմաններում» անմնացորդ ծառայել հայրենիքին։ Նախ 9 տարի (1999-2008թթ․) եղել է ռազմական կցորդ ՉԺՀ-ում եւ ԱՄՆ-ում, ապա Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել դեսպան Չինաստանում, իսկ 2016-ից նույն հոգսերի մեջ է Բուլղարիայում։ Արտասահմանում ուսանելու ձգտման մեջ նա չի զիջում իր  գործընկեր Գալոյանին․ ավարտել է Ջ․ Մարշալի անվան Անվտանգության հարցերի հետազոտությունների եվրոպական կենտրոնի ռազմավարական հետազոտությունների եւ պաշտպանական տնտեսության քոլեջը (ԳՖՀ) եւ մասնակցել Հարվարդի համալսարանի  (ԱՄՆ) Սեւծովյան անվտանգության ուսումնական ծրագրին։ Բնականաբար, ծառայել է բանակում եւ շատ երկար։
Առանց կծվության ուզում ենք արձանագրել, որ ոչ կադրայինների այս խմբում կան ավելի վառ անհատականություններ, քան նախորդ երկուսն են։ Այստեղ են Արտաշես Թումանյանը (ԳԽ եւ ԱԺ փոխնախագահ, կառավարության անդամ, ԱԳ փոխնախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար), Արմեն Սմբատյանը (Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, մշակույթի նախարար, ՌԴ-ում դեսպան), Արմեն Մարտիրոսյանը (ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, ԱԳ փոխնախարար, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ, Գերմանիայում դեսպան), մաթեմատիկոս Հրանտ Պողոսյանը։ 
Ոչ կադրային հանճարների շարքում է Էսթերա Մկրտումյանը։ Նա աներեւակայելի երկու ոստյունով ԱԺ աշխատակազմից հայտնվել է Արգենտինայում դեսպանության խորհրդականի բարձր պաշտոնին, ապա, ճակատագրի խաղով, զբաղեցրել իրեն Արգենտինա բերած դեսպան Վահագն Մելիքյանի պաշտոնը։ Ոչ կադրայինների խմբում է նաեւ Գերմանիայում մեր դեսպանության վարչատնտեսական անձնակազմից նույն վայրում դեսպանի պաշտոնին նշանակված Աշոտ Սմբատյանը (ի դեպ՝ նման առաջխաղացում ունեցած միակը)։ Վիկտորյա Բաղդասարյանը ֆրանսիական ինչ-որ ընկերությունում իրավաբանի աշխատանքից հրավիրվել է Իտալիայում ՀՀ դեսպանի պաշտոնին։ Տիգրան Մկրտչյանը 38 տարեկանում դարձել է դեսպան՝ ունենալով ԱԳՆ-ում պաշտոնավարման ընդամենը 6 տարվա փորձառություն։ Եթե ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Սադոյանի նշանակումն արվել է քաղաքական նկատառումներով, ապա Սերգեյ Մինասյանինը՝ հավանաբար, ընկերական-ընտանեկան կապերի զուգորդմամբ։ Այս պարբերության մեջ նշված դեսպանների ճակատագրում, ըստ տարածված լուրերի, որոշիչ է եղել Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի եւ փեսա Միքայել Մինասյանի դերը։ «Դրսից» դեսպաններ նշանակելու գործում Լեւոնի եւ Միքայելի դերակատարությունը, ըստ ամենայնի, եղել է նույնքան խելացի, որքան երրորդ նախագահին տրվող նրանց մյուս խորհուրդները։

 11 ամսում (2018թ․ օգոստոս-2019թ․ մայիս), Փաշինյանի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, հետ է կանչվել քաղաքական նպատակահարմարությամբ Սերժ Սարգսյանի կողմից 2008-18 թթ. նշանակված 10 դեսպան։ Հետկանչվածներից 3-ը կենսաթոշակային տարիքի է, 3-ը՝ նախաթոշակային, 4-ը՝ 41-43 տարեկան։ ԱԳՆ-ում նրանցից ոչ մեկին աշխատանք չի առաջարկվել, թեեւ դիվանագիտական ծառայության մասին օրենքը նման ընթացք նախատեսում է։ Դա՝ այն դեպքում, որ նրանց մեջ կան Ղարաբաղյան շարժման ու պատերազմի տարիներին իրենց գործունեությամբ աչքի ընկած գործիչներ՝ ԼՂՀ վարչապետ, ԳԽ եւ ԱԺ պատգամավորներ, նախարար, մարզպետ, միջազգային իրավունքի բնագավառում բարձրակարգ կրթություն ստացած, բանակցային գործի գիտակ, դեսպանի աշխատանքում հաջողված մասնագետներ։ Այսպիսով, կա՛մ հեղափոխականների իշխանության տեսանկյունից այս մարդիկ «իզգոյներ» են, կա՛մ ԱԳՆ-ում կատարվող փոխատեղում-նշանակում-ազատումներում սոսկական դիտորդ է ոչ միայն նախագահ Ա․ Սարգսյանը, այլեւ վարչապետ Ն․ Փաշինյանը, իսկ միակ ասողը «մեր Զորիկն» է։       
Եզրակացություն 1․ Փաշինյանը պետք է կա՛մ ըստ սահմանման որպես ոչ կադրային ճանաչվածներին հետ կանչի դեսպանի պաշտոնից (տես աղյուսակ 4 եւ 6) եւ աշխատանքից ազատի նման 2 փոխնախարարներին (տես աղյուսակ 2), կա՛մ պետք է հայտարարի, որ նրանք մնում են դիվանագիտական ծառայության մեջ՝ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, եւ հրաժարվի իր 100 նվաճումների շարքում կատարած արձանագրումից, թե վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել։ 
Եզրակացություն 2․ Փաշինյանը պետք է օրենսդրությամբ հիմնավորված բացատրություններ տա 65-71 տարեկան 8 բարձրաստիճան դիվանագետների՝ Շ․ Քոչարյանի, Ա․ Թումանյանի, Վ․ Կարմիրշալյանի, Ջ․ Մովսիսյանի, Հ․ Պողոսյանի, Գ․ Ղարիբջանյանի, Ք․ Տեր-Ստեփանյանի, Ա․ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ, որոնցից 5-ը նշանակվել են իր կամքով։ 
ՀԳ․ Հեղինակը ներողամտություն է հայցում հնարավոր փաստական վրիպակների համար, քանի որ, չնայած ԱԳՆ լրատվական ծառայության ուռճացած կազմին,  այն չի հետեւում եւ օժանդակում, որպեսզի բոլոր դեսպանությունների կայքէջերը լինեն հասանելի, ամբողջական, եւ տեղեկատվությունը կանոնավորապես թարմացվի։