Ում անունից ու շահերից է խոսում Սամվել Բաբայանը՝ ռուսական մանդատի մասին

Ում անունից ու շահերից է խոսում Սամվել Բաբայանը՝ ռուսական մանդատի մասին
Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աղմկհարույց հայտարությունը մեծ աղմուկ է առաջացրել Հայաստանում, Ադրբեջանում։ Իշխող կուսակցությունից, բնականաբար, չեն արձագանքել, բայց բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել գաղափարի անընդունելի լինելու վերաբերյալ ։
 Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Hraparak.am ի հետ զրույցում ասաց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն այս տարիներին մշտապես ձգտել է Արցախում ոչ միայն քաղաքական, այլ ռազմական ուղղակի և առանձին  ներկայության։

«Ընդհանրապես անընդունելի է որևէ առանձին մանդատի տակ լինելու հանգամանքը, լինի ռուսական, թե այլ։ Շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը քաղաքական ներկայություն, քան  համանախագահող մյուս երկրներն, ավելի շատ ունի, բայց առանձին ռուսական մանդատի տակ լինելու հանգմանքն ունի տարբեր վտանգներ և Ռուաստանը տարբեր առիթներ է որոնել իր քաղաքական ու ռազմական ներկայությունը ապահովելու համար այստեղ՝ Ղարաբաղում՝ տարբեր անվանումների տակ․ «խաղաղապահներ»-ի , միջնորդական առաքելության»,-ասում է Դավիթ Իշխանյանը։ 

Պատասխանելով հարցին, թե այս առաջարկում տեսնու՞մ է ռուսական լոբբինգ, արցախցի դաշնակցականն ասում է, որ նման լոբբինգ միշտ էլ եղել է, բայց եթե այն արվում է մեր ձեռքով, այստեղ տեսնում է վտանգ։ 
«Մեր ձեռքով մեր ունեցած լիազորությունները սեղմելու, խեղդելու առումով»,-ամփոփեց Դավիթ Իշխանյանը։ 
Հիշեցնեմ, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ իր Facebook-յան էջում մեկնաբանելով Բաբայանի հայտարարությունը գրել է․«Հիշում եք՝ Սամվել Բաբայանը 2016-ին վերադառնալով Մոսկվայից, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում քառօրյա պատերազմը որակեց որպես լայմանասշտաբ դիվերսիա, ոչ՝ պատերազմ։ Դիվերսիան միջազգային պատասխանատվություն չի ենթադրում, իսկ պատերազմը՝ այո։ Հիմա Բաբայանը խոսում է Արցախը ՌԴ մանդատի տակ փոխանցելու մասին։  Գաղափար, որը մշակվել է Ռուսաստանում 2008-ին և որպես հայեցակարգ ներկայացվել 2012-2013 թթ՝ իր էության մեջ ունենալով  ՌԴ ռազմական ներկայությունը Արցախում։ Այն, ինչ կատարվեց Աբխազիայում, Հարավային Օսեթիայում և Մերձդնեստրում։ Սա միակ բանն էր, որին ընդդիմանում էր անգամ Սերժ Սարգսյանը»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ  Էդմոն Մարուքյանն էլ ՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է ընդունելի Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո, ասել է «Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել: Կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի: Դա աբսուրդ է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նշել էինք, պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»։