Մեր վերջնական նպատակը սիրո և համերաշխության հեղափոխությունն է

Մեր վերջնական նպատակը սիրո և համերաշխության հեղափոխությունն է

«Ուրախ եմ, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ»,-ասում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանն ու վերհիշում ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը․ «Նոր բան էր պետք, նոր հարաբերություններ, նոր շարժում, նոր հոգեբանություն, կարճ ասած՝ կյանքի նոր ձեւ։ Այնպես որ՝ անվերապահորեն կողմնակից եմ դրան, թեեւ կան բաներ, որ կուզեի ավելի լավ լինեին։ Ես միանգամայն կողմնակից եմ «սիրո եւ համերաշխության» բառերին, դա հենց այն է, որի համար ապրում ենք, պայքարում ենք, բայց իրականում էլ այդ սերն ու համերաշխությունը պետք է լինեն, մինչդեռ մենք երազում ենք այդ սերն ու համերաշխությունը, իսկ շոշափելի որեւէ արդյունք՝ սիրո եւ համերաշխության, չկա։ Հույս ունեմ, որ կլինի, որովհետեւ սկզբունքորեն կողմ եմ այն ամենին, ինչ լինում է։ Գիծը ճիշտ է, ընթացքում թերություններ, սխալներ նույնպես կան, հավանաբար, անխուսափելի է այդ ամենը, բայց մեր վերջնական նպատակը սիրո եւ համերաշխության հեղափոխությունն է, որովհետեւ մեր ազգը, ժողովուրդը դրա կարիքն ունի»։  

Մշակութային հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր է․ բանաստեղծը ցանկություն է հայտնում, որ այն ամենը, ինչ կատարվեց, մեր մշակութային կյանքի վրա ավելի մեծ ազդեցություն ունենա․ «Որպեսզի ժողովուրդն ընդհանուր տգիտության ոլորտից դուրս գա, կրթության վրա ուշադրություն դարձվի, ժողովուրդը լավ կրթություն եւ լավ դաստիարակություն ստանա, ինքնագիտակցությունը, լեզվամտածողությունը թարմացվեն եւ խորացվեն։ Այս բոլոր բաները, իհարկե, միանգամից չեն լինում, ժամանակ են պահանջում,  շարժում է պետք դեպի դա։ Մեկ տարին շատ ժամանակ չէ, բայց քիչ ժամանակ էլ չէ, մեկ տարվա մեջ ահագին բան կարելի է անել, ես սպասում էի, որ ավելին կլինի, բայց կարծում եմ, որ կամաց-կամաց տեղը կընկնի ամեն ինչ, որովհետեւ շատ բան կա լուծելու, չափազանց շատ էր «ժառանգությունը», հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի»։ 

Ապրիլի 27-ին առաջին անգամ նշվելու է ՀՀ քաղաքացու օրը, որի համար կառավարությունը հատկացրել է 124 մլն դրամ։ «Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում այդ քաղաքացու օրը, ինձ թվում է՝ առանց դրա էլ մենք կարող էինք ապրել, չեմ կարծում, որ մեծ բան կտա մեզ, 124 մլն-ն մեծ գումար է եւ արժեր ավելի ռացիոնալ ծախսել»։     

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն իր խոսքում ընդգծում է՝ բոլորս ուրախացանք, երբ հեղափոխությունը եղավ, ու իշխանության եկան ազնիվ մարդիկ, որոնք ուզում էին երկիր կառուցել․ «Այդ ամեն ինչը շատ ուրախալի է։ Ուրախացանք նաեւ, որ Հայաստանը թալանողների մի մասը կալանքի տակ է, չնայած չգիտենք, թե ինչ կլինի հետո, բայց, համենայնդեպս, շատ մեծ քայլ արվեց, այդպիսի բան ո՞վ կմտածեր, որ պաշտոնյային կարելի է բռնել, ձերբակալել։ Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, բայց 20 տարի թալանվել է երկիրը, դրա համար մենք իրավունք չունենք մի տարում Նիկոլ Փաշինյանից եւ նոր իշխանություններից, նոր Ազգային ժողովից պահանջել անմիջապես այս ամեն ինչն ուղղել։ Կարծում եմ՝ ժամանակ է պետք, եւ այդ ժամանակի մեջ մենք կտեսնենք շատ-շատ բաներ»։ 

Թոքմաջյանը լավատեսորեն է տրամադրված, չնայած փաստում է, որ արվեստը երկրորդ, երրորդ պլան է մղվել․ «Բայց ոչինչ, այդպես էլ է լինում, երկիրը, գաղափարախոսությունը փոխվում են, մարդկանց մտածելակերպն է փոխվում։ Մարդիկ դժգոհ են, ես էլ շատ բաներից դժգոհ եմ, տեսնում եմ, որ ինչ-որ բաներ թանկանում են, բայց մենք ամեն ինչը սկսել ենք զրոյից։ Ամեն օր ինչ-որ լավ բաների ենք սպասում, ես չգիտեմ՝ կտեսնե՞մ, թե՞ չեմ տեսնի, բայց իմ թոռները, ծոռները, կարծում եմ, կտեսնեն երջանիկ Հայաստանը, իսկ դրա համար ժամանակ է պետք եւ համբերություն»։

«Մշակութային հեղափոխությանը ես չեմ հավատում, որովհետեւ դա այնպիսի մի ասպարեզ է, որ անհատ սուբյեկտներից է կախված, օրինակ՝ ինձ ի՞նչ պիտի անեն, որ ես վերափոխվեմ, ես իմ գործը պետք է անեմ, եւ բոլորս պետք է մեր գործը շատ լավ անենք, նվիրված՝ ակնկալիքներ չունենալով։ Օրինակ, երբ Սիլվա Կապուտիկյանի դպրոցի կոլեկտիվը խնդրեց ինձ, որ նրա 100-ամյակի առիթով դպրոցի դիմացը դրվի նրա քանդակը, ես սիրով ողջունեցի, առանց հետաքրքրվելու՝ կվճարե՞ն դրա համար, թե՞ ոչ։ Ես նվեր արեցի եւ պիտի ուրախանամ դրանով, որ իմ գործի մեջ բարեգործություն եմ անում։ Մեր մեջ մի կաթիլ բարություն պետք է լինի՝ Կարաբալայի նման։ Այ, էդ մի կաթիլ բարությունն ինչ-որ ժամանակ է ուզում»,- ասում է քանդակագործն ու դրան զուգահեռ անկեղծորեն զարմանում, թե ինչու է պետությունը 124 մլն հատկացրել Քաղաքացու տոնը նշելու համար․ «Դա զավեշտ է, եւ ի՞նչ պիտի անեն, ժողովրդին պետք է գրկեն, մա՞ն գան։ Նման անհասկանալի բաները դեռ լուծված չեն․ երբ ես այդքան գումար իմ թոշակի ու կոպեկների հաշվին նվիրատվություն եմ անում՝ արձան եմ դնում, հանկարծ կողքից միլիոնավոր դոլարներ տալիս են չես հասկանում թե ինչի, սա ինձ համար անհասկանալի է։ Հասկացանք՝ Քաղաքացու օր, բայց մի քիչ էլ զուսպ պետք է լինել»։