Ուկրաինա՝ նոր սկի՞զբ, թե՞ դեգերումների նոր փուլ

Ուկրաինա՝ նոր սկի՞զբ, թե՞ դեգերումների նոր փուլ

Դե ինչ, Մայդանի առաջնորդ Պյոտր Պորոշենկոն 2014թ. էյֆորիկ հաղթանակից 5 տարի անց պարտվեց: Գաղտնիք չկա այս պարտության մեջ: Պորոշենկոն չէր կատարել իր խոստումները՝ Ուկրաինան ԵՄ անդամ չդարձավ, ՆԱՏՕ չմտավ, նա Դոնբասն ու Ղրիմը չվերադարձրեց, նրա ապաշնորհ վարչապետները մեկը մյուսի հետեւից ավելի խորացրին համատարած աղքատությունը, տապալեցին կոռուպցիայի դեմ պայքարը, բարեփոխումները թողեցին անկատար: Պորոշենկոն 5 տարի շարունակ զբաղվեց ոչ յուրային ձեռնարկատերերի հալածանքով եւ յուրայինների բիզնեսը ծաղկեցնելով: Շատ ավելի անփառունակ էր Պորոշենկոյի նախընտրական պայքարը, որի առանցքում Ռուսաստանի հետ սառը-կայուն հարաբերություններ հաստատելու խոստումն էր եւ գազի գնի բարձրացման հիմնավորումը, թե Ուկրաինայում գազը չի կարող ավելի էժան լինել, քան ԵՄ-ում: Ընտրությունների երկրորդ փուլում Արեւմուտքի դրածո Պորոշենկոյի օգտին քվեարկեց ուկրաինացիների ընդամենը 24,5 տոկոսը:

Իսկ առաջադրված 44 թեկնածուներից ո՞վ հաղթեց Պորոշենկոյին: Դերասան Վլադիմիր Զելենսկին ամենեւին էլ Պյոտր Պորոշենկոյին կրնկակոխ հետապնդողներից չէր: Թեկնածուների թվում քիչ չէին փորձառու քաղաքական եւ ռազմական գործիչները, անվտանգության համակարգի ներկայացուցիչները: Քաղաքականություն նոր ոտք դրած կոմիկ դերասան Վլադիմիր Զելենսկու միակ կռվանը թերեւս այն էր, որ նա համարվում էր Պորոշենկոյի հակառակորդ մեկ այլ օլիգարխի՝ Իգոր Կոլոմոյսկու հովանավորյալը: Արդյունքում՝ 73 տոկոս քվե եւ ջախջախիչ հաղթանակ երկրորդ փուլում: Սա ռեկորդ է Ուկրաինայի պատմության մեջ:

Մյուս կողմից էլ՝ անցած նախագահական ընտրությունները ռեկորդային էին մասնակցության ցուցանիշով՝ 63 տոկոս, ինչը եւս վկայում է, որ քաղաքացիների շրջանում իսկապես մեծ է եղել Պորոշենկոյից ազատվելու ցանկությունը: Ուկրաինացիները դրական, ակտիվ, աշխույժ տրամադրության մեջ են: Նրանք հույս ունեն, որ այս ընտրություններով նոր ժամանակներ կսկսվեն, երկրում տեղի կունենան դրական փոփոխություններ: Իր անդրանիկ ելույթում Զելենսկին արդեն խոստացել է փոխել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, գլխավոր դատախազին եւ այլ կարեւոր դեմքերի:

Վլադիմիր Զելենսկուն «Ռուսաստանի մարդ» ներկայացնելու Պորոշենկոյի փորձերն ապարդյուն անցան: Զելենսկին, որ առաջնորդվում էր «ժողովրդին ավելի մոտ» կարգախոսով եւ իր քարոզչությունն իրականացնում էր հիմնականում սոցցանցերով, հեշտությամբ էր չեզոքացնում Պորոշենկոյի «հարձակումներն» ու շատ արագ սկսեց ընկալվել որպես մի գործիչ, ով կարող է երկիրը դուրս բերել ծանր կացությունից, որն այդ վիճակում էր հայտնվել Պորոշենկոյի եւ նրա թիմի ապաշնորհության պատճառով: Արեւմտյան շատ ղեկավարներ եւ կառավարություններ արդեն շնորհավորանքներ են հղել նրան: «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ գործընկերությունը կշարունակվի նորընտիր նախագահ Զելենսկու հետ»,- հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը:

«Ես նախագահ Զելենսկուն կոչ եմ անում՝ շարունակել անհրաժեշտ բարեփոխումները, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը թերեւս ամենալավատեսն է. «Ուկրաինայի ազատ ընտրությունները եւ իշխանության խաղաղ փոխանցումն արդյունք են ուկրաինական ուժեղ ժողովրդավարության»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Twitter-ում գրել է. «Ուկրաինան համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գնահատելի դաշնակիցը: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության շարունակմանը»:

Զելենսկուն շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՄԲ, Կանադայի, Լիտվայի, Գերմանիայի, Ճապոնիայի կառավարությունները, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը, նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում հատկապես ՌԴ արձագանքը: Կրեմլից պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, չնայած ՌԴ քաղաքական շրջանակները բավականին ակտիվ էին Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի քննարկումներում: Դատելով ռուսական լրատվամիջոցների հրապարակումներից՝ Ռուսաստանում ուրախ են Պորոշենկոյի պարտության համար: ՌԴ խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը, օրինակ, Պորոշենկոյի պարտությունը մեկնաբանել է այսպես․ «Ուկրաինացիները շատ երկար չէին մտածում՝ ում ընտրել, միայն թե չհաղթեր Զելենսկու մրցակից Պորոշենկոն»: Պետդումայում որոշել են սպասել Զելենսկու առաջին քայլերին՝ տեսնելու, թե նա, արդյոք, ուկրաինացի ժողովրդի ծառա՞ն է, թե՞ շարունակում է «վաշինգտոնյան մարզպետի» քաղաքականությունը: «Այս նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան կարող է «վերաբեռնում» իրականացնել»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Պուտինը տակավին չի ծրագրում շնորհավորել Զելենսկուն: Ըստ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվայում դեռ չգիտեն՝ լեգիտի՞մ են, արդյոք, Ուկրաինայի ընտրությունները, թե՞ ոչ, քանի որ դրանց չեն մասնակցել Ռուսաստանում բնակվող 3 միլիոնից ավելի ուկրաինացիները: Մասնագետները, սակայն, նշում են, որ Կրեմլի կողմից շնորհավորանքի ուշացումը քրոնիկ բնույթ է կրում: 2004թ. Վիկտոր Յուշչենկոյին Կրեմլը շնորհավորել է ԿԸՀ պաշտոնական հայտարարությունից 16 օր հետո: Վիկտոր Յանուկովիչին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ԿԸՀ արդյունքների հրապարակումից 2, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 7 օր անց: Պյոտր Պորոշենկոյին որպես Ուկրաինայի նախագահ Կրեմլը ճանաչել է ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից 18 օր անց:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Պյոտր Պորոշենկոն գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության եկած հերթական ղեկավարն էր, որ համոզիչ կերպով «մերժվեց» ժողովրդից՝ իր «հեղափոխական» խոստումները չկատարելու համար: Ավելի վաղ նրա ճակատագրին էր արժանացել նաեւ Վրաստանի Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին, որն այսօր դատական հետապնդումների է ենթարկվում սեփական երկրի իրավապահների կողմից: Ի՞նչ է սպասվում Պորոշենկոյին՝ դժվար է ասել: Նրա թիմի շատ ներկայացուցիչներ արդեն հեռացել են Ուկրաինայից: Զելենսկին սպառնում է փոխել գլխավոր դատախազին, ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ դա նշանակում է, որ «նախկինների» նկատմամբ քրեական գործերի հարուցումը չի ուշանալու:

Ինչ կանխատեսումներ էլ անենք Ուկրաինայի փոփոխությունների շուրջ, միեւնույն է, այդ երկրի ճակատագիրը մեծապես կախված է լինելու, թե ինչ քաղաքականություն կվարեն նորընտիր նախագահը եւ նրա ձեւավորած իշխանությունը: Մեկ տարի անց տեղի են ունենալու Գերագույն ռադայի ընտրություններ, որոնք թույլ կտան ունենալ նաեւ ուժեղ խորհրդարան, որտեղ, անշուշտ, մեծամասնություն կկազմեն նորընտիր նախագահ Զելենսկու կողմնակիցները: Զելենսկին, կարծում ենք, շատ արագ կձերբազատվի դերասանի կոչումից եւ կփորձի երկրի կառավարության եւ օրենսդիր մարմնի սինխրոն աշխատանքով կարգավորել երկրի արտաքին քաղաքական կուրսը, ինչպես նաեւ լուծումներ գտնել բնական ռեսուրսներով Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկի՝ Ուկրաինայի տնտեսական դժվարությունների հաղթահարման համար: