Ինչ է ասել Վստրեչի Ապերն իրեն հայտնաբերած ոստիկաններին․ պաշտպանը մանրամասներ է հայտնում

Ինչ է ասել Վստրեչի Ապերն իրեն հայտնաբերած ոստիկաններին․ պաշտպանը մանրամասներ է հայտնում

Արամ Վադանյանին (հայտնի է որպես Վստրեչի Ապեր) յուրաքանչյուր դեպքում, երբ հրավիրել են վարույթն իրականացնող մարմին, նա ներկայացել է, նաեւ բոլոր դատական նիստերին, որոնք կայացել են՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս։ Այս մասին մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Վարդանյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործին։

Նա նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված 4 մեղադրանքներից 3-ով դատարանը արձանագրել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ․ «Մեկ մեղադրանքով գտավ, որ առկա է, սակայն պատճառաբանություն չներկայացվեց եւ ընտրեց կալանքը որպես խափանման միջոց։ Այդ որոշումը մեր կողմից բողոքարկվեց եւ վաղը այս բողոքի քննությունով նիստ կա։ Այս ամբողջը մենք բարձրաձայնել ենք, որ, եթե Արամ Վարդանյանի հետ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտություն կա, մենք կներկայանանք, մենք հայտարարել ենք, որ նա պատրաստակամ է ներկայանալ բոլոր նիստերին։  Ոստիկանությունն երեկ տեղեկություն էր հրապարակել, որ Արամ Վարդանյանին հայտնաբերել են Արցախի փողոցի տներից մեկում, սակայն նրանք չէին ասել, որ նա գտնվել է իր սեփական տանը։ Երբ եկել են, ասել է՝ եկել եք, լավ եք արել, ի՞նչ եք ուզում ինձնից։ Հիմա էլ իբրեւ թե հետախուզվող անձի են հայտնաբերել։ Կգա ժամանակը կիմանաք՝ ովքեր են այն կազմակերպիչները, որոնք սրա հետեւում են կանգնած»։

Անդրադառնալով նաեւ ոստիկանության գործողություններին, մասնավորապես՝ բռնի կերպով բերման ենթարկելուն, պաշտպանը նշեց․ «Ոստիկանությունն իր շոուի շրջանակում է դա կազմակերպել։ Եթե նկարահանում է, տարածում է, դա արդեն  իրավունքի խախում։ Դա անում է երկրի ոստիկանությունը, որը կոչված է անձանց իրավունքները պաշտպանելուն»։

Նշենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանությունը հայտնաբերել էր Արամ Վարդանյանին հենց իր բնակարանում։ 
Մեր տեղեկություններով, նա երկարատեւ բացակայությունից հետո եկել էր թոռանը տեսնելու։ Բնակարան ներխուժած ոստիկանները տեսանյութ էին տարածել, թե ինչպես են անզեն մարդու թեւերը ոլորելով տանում ոստիկանություն։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ: Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։