Թավշյա կառավարությունը  մարտի 1-ի զոհերի հարազատներին կտրամադրի փոխհատուցում 

Թավշյա կառավարությունը  մարտի 1-ի զոհերի հարազատներին կտրամադրի փոխհատուցում 
Սարգիս Քլոյան

ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել  «2008թ․ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղ ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 
Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, տեղյակ էր, որ կա նման օրենքի նախագիծ։ 
«Շատ լավ քայլ են անում, շնորհակալ եմ իրենցից»,- նշեց նա։

Սարգիս Քլոյանը հիշում է, որ նախկին իշխանությունները միայն փոխհատուցել են մարտի 1-2-ին զոհված ոստիկան Համլետ Թադեւոսյանին, այրված ավտոմեքենաների տերերին, սակայն  զոհերին ոչ մի լումա չեն տվել։ 
«Հիմա եկել է նոր կառավարություն, բոլորը գիտեն, որ թավշյա հեղափոխությունը մարտի 1-ի շարունակությունն է, եւ՛ վարչապետն է այն ժամանակ տուժել, եւ՛ այլ մարդիկ։ Այն ժամանակ, երբ վարչապետը դեռ ԱԺ պատգամավոր էր, այդ հարցն արծարծում էր, ՀՀԿ-ականները մերժեցին։

Հիմա բնական է, որ այդ գործընթացը կշարունակվի, կտրամադրվի արժանավայել փոխհատուցում»,- ասաց նա։
Սարգիս Քլոյանը նշեց նաեւ, որ, ի տարբերություն մարտի 1-ի ինը զոհերի, իր  տեղեկություններով՝ զոհված ոստիկան Համլետ Թադեւոսյանի հարազատներին  նախկին իշխանությունները տրամադրել են երեք սենյականոց բնակարան, զոհվածի գերեզմանն են կառուցել, արժանավայել թոշակ են նշանակել։