Այս մի ակնթարթի չափ կյանքում ինչու եք մարդկությունը կորցնում...  

Այս մի ակնթարթի չափ կյանքում ինչու եք մարդկությունը կորցնում...  

Այն ինչ գրվելու է, գրվելու է այն մարդկանց մասին, ովքեր ինչպես ասում են, չեն տեսել պատից կախ և ինչ որ պահի տեսել են իրենց ճակտից կախ ու ստեղծված հնարավորություներն օգտագործել են ի շահ իրենց, մշտապես ոտնահարելով հանրային շահը: Այդ ճանապարհին նրանք ոչնչի առջև կանգ չեն առնում և հանգիստ խղճով անցնում են բազմապիսի մեղքերի շղթայով՝ մշտապես ազատվելով պատասխանատվությունից՝ ջրից չոր դուրս գալով: Կարծում եմ, իմաստ ունի բարձրաձայնել այդ մեղքերից գոնե մի քանիսի մասին. շահամոլություն,  եսասիրություն, հպարտություն, գողություն, ուրիշներից բարձր երևալու մոլուցք և այսպես շարունակ: Գուցեև, պատահականություն է, որ այս նուրբ թեման շոշափելը համընկնում է ծանրագույն մի ժամանակահատվածի հետ, երբ ողջ աշխարհն ամեն ինչ թողած, մեկ մարդու նման, ուժերի գերագույն լարումով պայքարում է հրեշավոր վիրուսի դեմ, որի հետևանքով արդեն զոհերի թիվը գերազանցում է 200 000-ը, որոնցից ամեն մեկն անկրկնելի մի աշխարհ է: 

Չափազանց զարմանալի է, որ այս հրեշավոր պանդեմիայի պայմաններում անգամ, երբ ամեն մեկը՝ ամեն վայրկյան կարող է այդ վարակի զոհը դառնալ, նրանք շարունակում են նույն գործելակերպը, չվախենալով անգամ Տիրոջ պատժից: Իսկ դա հնարավոր է մի դեպքում միայն, որ ագահության և եսասիրության մոլուցքն այնքան է տիրել նրանց, որ կորցրել են նույնիսկ մահվան նկատմամբ վախի ինստինկտը: Այս պարագայում, այլ բան, քան հերթական զգոնացման կոչն է, կարծես չկա և եթե նրանց մեջ վերջնականապես չեն մահացել մարդկային բոլոր հատկանիշները, գուցե և, մի պահ զգոնանան ու փորձեն փոխել իրենց մոտեցումները, մաքրեն հոգու վրա քաշված՝ կոշտացած փառը, արթնացնեն մեռած խիղճն ու շարունակեն ապրել այդ հատկանիշներով: Իրականում, այդ մարդիկ շատ մեղք են, քանզի փրկության մի շանս ունեն. պետք է վայրկյան շուտ գիտակցեն  իրավիճակի լրջությունը և կտրուկ քայլեր անեն իրենց վարքագիծը լիովին փոխելով, որպեսզի արժանանան Տիրոջ գթասրտությանը և փրկվեն նրա պատժից: Իհարկե, անհնար է ախտորոշել, թե այս ամենը Տիրոջ պատիժն է հենց այդ տեսակի մարդկանց գործած մեղքերի համար, թե ընդամենը բնության հերթական արհավիրք, որին պետք է փորձենք դիմակայել, ամեն մեկս պատվով կրելով մեր բաժին խաչը: Իսկ դա հնարավոր է, եթե նման ինքնասիրահարված մարդիկ՝ գոնե փորձության այս ժամին գիտակցեն, որ եթե շարունակեն ապրելու նույն կերպը՝ մշտապես  գտնվելով բազմապիսի մեղքերի մեջ, ի վերջո, այդ ամենի համար մի օր պատասխան են տալու: 

Չգիտեմ անգամ, ինչպես դիմեմ այդ մարդկանց. մարդ արարածներ, եթե դուք դեռևս չեք հասկացել, որ պատմության ընթացքում, աշխարհում եղել են ու այսօր էլ կան եզակի խոշոր անհատականություններ, ինչպիսիք են՝ Մակեդոնացին, Ստալինը, Հիտլերը, Չինգիզ և Բաթու Խանը, Սադամ Հուսեյնը, Քադաֆին, ովքեր բառիս բուն իմաստով տիրակալներ են եղել, սակայն անցել են պատմությանը գիրկը եւ մոռացվել, դուք ո՞վ եք..., ի՞նչ է, չլինի՞ կարծում եք, թե այդ մարդկանցից ավելի հզոր եք ու խելոք, որ կարող եք մանրագույն մանյովրներ անելով ու ոչնչի առջև կանգ չառնելով, ամեն գնով հասնել ձեր կեղտոտ նպատակներին ու անպատիժ մնալ: 
Եւ դեռ հույս եք պահում, որ ձեր վերջն այլ տեղո՞ւմ է լինելու: Իհարկե, ոչ...: Եթե բախտի բերմամբ (ոչ՝ խելքի, քանզի էս երկրում ձեզանից խելոքներ շատ-շատ կան) այսօր գրավում եք որոշակի պաշտոններ կամ ունեք որոշակի կարողություններ, ապա դա բնավ չի նշանակում, որ դուք հավերժ ու անմահ եք և կարող եք մարդկանց հետ այդկերպ վարվել։ Մի մոռացեք, որ դուք ընդամենը կյանքի մի չնչին մասնիկ եք ու իրական կյանքը ձեզանից լրիվ դուրս է: Նման վարքագծով, դուք ընդամենը շրջապատի կողմից ատելություն եք սերմանում Ձեր նկատմամբ: Կարծում եմ, արժե ևս մեկ անգամ հիշեցնել. մարդու ապրած կյանքն ակնթարթ է՝ թիթեռի կյանք, իսկ նրա թողած անունը՝ հավերժական: Այնպես որ, սթափվեք... Բնավ նպատակ չունենալով դույզն անգամ վիրավորել ձեզ, ուղղակի փորձեցի հիշեցնել ձեզ ապագայի մասին, որ  զգոնանաք ու վերջապես հասկանաք, որ ընդամենը մոլորված եք և շարունակելով ապրելու նույն կերպը, կարող եք ժամանակից շուտ հայտնվել ձեր մշտական «բնակավայրում» ...

Սակայն մեր Տերը գթառատ է և ձեզ կների մի դեպքում միայն, եթե փորձեք ձեր մեջ վերականգնել իրականության զգացումը և սկսեք մարդավարի ապրել ...  
Այսքանը ...
                    
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ