Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաներն են առաջիկայում այցելելու Հայաստան

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաներն են առաջիկայում այցելելու Հայաստան

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մամուլի ասուլիսին մասնակցում էին նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, որոնք ուսումնասիրում են դիվանագիտություն։ Այդ իսկ պատճառով էլ խոսնակը խորհուրդ տվեց լրագրողներին չզարմանալ։

Աննա Նաղդալյանն ասաց, որ ԱԳՆ-ն իր հաշիվն է բացել ֆիքր հարթակում, որտեղ շատ օպերատիվ կերպով տեղադրելու են պաշտոնական հանդիպումներին վերաբերող լուսանկարները՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձեւաչափով։ Հետո նա ասաց, որ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի մեկամսյակը, որի ընթացքում Երեւանում եւ Հայաստանի մարզերում տեղի են ունենալու 600 միջոցառումներ, իսկ այսօր էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է։ 

Մարտի 11-15-ը Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության շրջանակներում Հայաստանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի շաբաթը, եղել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։ Նա հիշեցրեց, որ մարտի 11-12-ը Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչեկը հանդիպումներ է ունեցել նաեւ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ Արցախի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այդ ընթացքում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունների միջեւ, նաեւ՝ Իսրայելում տեղի են ունեցել հայ-իսրայելական խորհրդակցություններ եւ հայ-բելառուսական խորհրդակցություններ։ 

Առաջիկայում սպասվելիք մի շարք միջոցառումների մասին էլ նշեց Աննա Նաղդալյանը։ Տեղի են ունենալու հայ-ուկրանական խորհրդակցություններ երկու երկրների միջեւ, որոնց կմասնակցի հայկական պատվիրակությունը՝ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ։ 
Մարտի 20-22-ը Հայաստան է այցելելու  Շվեդիայի թագավորության միջազգային համագործակցության հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությունը, տեղի են ունենալու հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մարտի վերջին Հայաստան է այցելելու նաեւ ԵԽԽՎ նախագահ Լիլիա Մորի Պասկեն։ 

Ապրիլի 2-ից էլ ՀՀ արտգործնախարարը մեկնարկում է իր պաշտոնական այցը աֆրիկյան տարածաշրջան, մասնավորապես՝ Եթովպիա եւ Ռուանդա։ Ռուանդայում արտգործնախարարը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը։ Հայտնի է, որ Հայաստանը եւ Ռուանդան միջազգային հարթակներում համագործակցում են ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման շուրջ։