Մանկավարժական ակադեմիայի հեռանկարից` լուծարման վտանգ - 2

Մանկավարժական ակադեմիայի հեռանկարից` լուծարման վտանգ - 2

Կրթության ազգային ինստիտուտի լուծարման վերաբերյալ քննարկումներն սկսվել են դեռեւս 2017-ին: «Հրապարակ» թերթի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի համարում տպված հարցազրույցում ես՝ որպես այդ ինստիտուտի հիմնադիր տնօրեն, փորձել եմ ներկայացնել այդ հաստատության տեղն ու դերը կրթական համակարգում:

Այդ իսկ պատճառով սույն հոդվածում չեմ անդրադառնա ինստիտուտի գործունեությանը, այլ որոշում կայացնողների ուշադրությունը կփորձեմ հրավիրել ինստիտուցիոնալ հիշողություն, շարունակականություն եւ ժառանգություն ապահովել-երաշխավորելու պետական կարեւորագույն գործառույթի վրա: Եվ որպեսզի ասելիքս չստանա խրատական, առավել եւս` ուսուցողական բնույթ, կփորձեմ այն կառուցել կոնկրետ օրինակների վրա, հիմնավորել մերօրյա իրողություններով:
Սկսենք նրանից, որ, ինչպես վկայակոչում է ինստիտուտի գործող տնօրենը, ինստիտուտի կարգավիճակի փոփոխման, լուծարման առաջարկությունը եկել է ՀՀ կառավարությունում գործող բարեփոխումների ռազմավարական խմբից, որն էլ իր հերթին փորձագետ է ներառել եվրոպական ինչ-որ կառույցից: Ստացվել է՝ ինչպես միշտ. բարեփոխումների խումբը շատ լավ գիտի` ինչ է բարեփոխումը, ինչպիսի պահանջներ են ներկայացվում ռազմավարությանը, բյուջեն բեռնաթափելն ունենում է որպես հիմնական նշակետ եւ հանդես է գալիս որպես պատվիրատու: Սակայն ամենախոցելին այս ամենի մեջ այն է, որ թե՛ բարեփոխումների խումբը եւ թե՛ հրավիրված փորձագետը լավ կամ առհասարակ չեն ճանաչում բարեփոխման օբյեկտը, ինչպես նաեւ` հրապարակած ապագայի տեսլականը, հիմնականում անտեսում են կորուստները:

Երկրորդում եմ ասելիքս. իմ խնդիրը ինստիտուտի կարեւորությանը եւս մեկ անգամ անդրադառնալը չէ, այլ շեշտադրում եմ ինստիտուցիոնալ հիշողության եւ շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ որպես պետականաշինության կարեւոր բաղադրիչ:
Օրինակ` պատմությունից: 2000-ականների սկզբին Համաշխարհային բանկի կողմից բարձրագույն կրթության երկաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա) համակարգին նվիրված Բուխարեստի կոնֆերանսում հիմնական զեկուցողն իր խոսքն սկսեց նրանով, որ այն ներկայացվելու է որպես կրթության ապագա, իր յուրահատուկ դրսեւորումն է ունեցել միջնադարյան հայկական մի համալսարանում` ցուցադրելով Թանահաթի վանքը եւ Գլաձորի համալսարանի բակում տեղադրված ուսումնական առարկաներն ու երկաստիճան կրթական համակարգը խորհրդանշող 7 խաչքարերի պատկերները: Մենք գիտենք, թե ինչ եղավ. ունեցանք 5 նմանատիպ դպրոցներ, սակայն ոչ մի շարունակվող գործընթաց: Եվ այսօր այդ «համալսարանները» համալսարան են մեզ համար, ունենալով Սորբոնի, Կրակովի, եվրոպական նմանատիպ շատ համալսարանների նման սկիզբ եւ կրթական որակ՝ այսօր դրանք բարձրագույն կրթության պատմության մեջ ոչ միայն չեն փորձում նշված համալսարանների կողքին լինել, այլեւ նույնիսկ Վիլնյուսի, ավելի ուշ ստեղծված համալսարանների շարքում չկան: Պատճառը մեկն է. չի ապահովվել շարունակականություն, չի ստեղծվել դպրոց:

Դրական օրինակ` մեր օրերից: Երբ 2012 թվականին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում սկսեցինք քննարկել բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի միջազգային հավատարմագրման հարցը, շատերի կողմից այն գնահատվում էր որպես երազանք, ռոմանտիկա: Այսօր, ի պատիվ ՄԱԿ-ի գրասենյակի Զարգացման ծրագրերի աշխատակիցների, ինչպես նաեւ ԾԻԳ-ում ինձ հաջորդած 3 տնօրենների եւ  աշխատակազմի, հաջողվել է ԾԻԳ-ը հավատարմագրել բնապահպանական 2 խոշոր` «Հարմարվողականության» եւ «Կանաչ կլիմայի» ֆոնդերում, որոնցից երկիրը կարող է դրամաշնորհների ձեւով ստանալ 4 մլն «Հարմարվողականության» եւ 10 մլն «Կանաչ կլիմայի» ֆոնդերից: Այդ ամենի հաջողության գրավականը պայմանավորվում էր երկու գործոնով` փորձառություն (ԾԻԳ-ն իրականացրել էր ՀԲ-ի 10.5 մլն դոլարի ծրագիր) եւ պրոֆեսիոնալ աշխատակազմի առկայություն (ԾԻԳ-ը, 3 անգամ փոխելով իր կարգավիճակը, կարողացավ պահել հիմնական աշխատակազմը):

Բացասական օրինակ: Երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը հայտարարել էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման մրցույթ: Ներկայացված պայմաններն այնպիսին էին, որ ի սկզբանե արդեն իսկ պարզ էր, որ ազգային, տեղական որեւէ կազմակերպություն չի կարող բավարարել մրցույթի պահանջները: Չկար համակարգում գեթ մեկ կազմակերպություն, որն ունենար երկարամյա փորձառություն, պահանջվող ծավալները բավարարող ծառայություն, ֆինանսական բավարար միջոցներ՝ պայմանագրի ապահովագրման եւ համակարգային ներդրումների համար: Դա արդյունքն էր այն բանի, որ տարիներ շարունակ մեր ջրամատակարար ընկերությունները մենք կա՛մ լուծարել էինք, կա՛մ վերակառուցել ու վերակազմակերպել, կա՛մ էլ, լավագույն դեպքում, հանձնել պայմանագրային կառավարման արտասահմանյան որեւէ կազմակերպության: Այսօր Հայաստանի ջրամատակարարման ողջ ծառայությունն իրականացնում է ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը` առանց ազգային մասնակցության: Այս վիճակը կրկնվելու միտում ունի, քանզի մենք արդեն իսկ ինստիտուցիոնալ առումով կորցրել ենք մասնագիտական հիշողությունն ու ժառանգությունը: Նման կորուստները պետականության բաղադրիչների կորուստներ են եւ տնտեսությունը պահում են շարունակական կախվածության մեջ:
Բացասական օրինակ, որը կարող է կանխվել:

Եթե 15 հոգանոց աշխատակազմով ընդամենը 10 տարվա գործունեություն ունեցող բնապահպանության ԾԻԳ-ից կարելի է ստանալ այն, ինչ այսօր ունենք, ապա ինչ կարելի է ստանալ հանրապետական ցանց ունեցող, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադիր, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման պայմանագրերի կողմ, 10 անուն ամսագրերի հիմնադիր եւ հրատարակիչ, տարաբնույթ դասագրքերի, ձեռնարկների, ուղեցույցների հեղինակային իրավունքի կրող, Համաշխարհային բանկի, միջազգային տարբեր կառույցների ծրագրեր իրականացրած, 34 մասնագիտական խորհուրդների աշխատանքները համակարգող, պրոֆեսիոնալ մեծ ներուժ ունեցող Կրթության ազգային ինստիտուտից: Այս ամենի տակ կա ժառանգություն, ինստիտուցիոնալ հիշողություն: Լուծարելով ինստիտուտը` մենք կորցնում ենք այս կապը եւ կրկին սկսում ենք աշակերտել:

ՀԳ 1. 2017 թ․ հարցազրույցում ես նշել էի, որ «ցավալին այն է, որ ԿԱԻ-ն սպասում է, որ դրսից հրավիրված ինչ-որ փորձագետ ասի, թե ինչով է զբաղվելու ինստիտուտը, ինչ կառուցվածք է ունենալու, ինչ հաստիքակազմ եւ այլն: Սա նշանակում է, որ ինստիտուտը կորցրել է ոլորտի վերլուծման, արժեւորման, միտումների ու կարիքների գնահատման որակները, նույնիսկ իր տեղը համակարգում չի գիտակցում: Այս ամենի մեջ թերեւս ամենատխուրը սա է. ասողը լսող է դարձել, խորհրդատուն ուրիշին է ականջ կախել»: Այս ձեւակերպումը եւ հարցազրույցը՝ ամբողջությամբ, նեղացրել էր ինստիտուտի ղեկավարությանը, ինձ մեղադրում էին համակարգից կտրված լինելու մեջ, թե 12 տարի համակարգում չեմ, մնացել եմ նույն կետում, իսկ իրենք առաջ են անցել: Դա այդպես է, միայն այն տարբերությամբ, որ ես պահպանել եմ հավատն ինստիտուտի ապագայի նկատմամբ, իսկ նրանք առաջ են գնացել, ավաղ, մինչեւ վերջ՝ դեպի լուծարում: Ճիշտ գործելակերպը նախաձեռնություն ցուցաբերել է, նախարարությանն օժանդակելը՝ արդյունավետ որոշում կայացնել. կառավարման անարդյունավետության պատասխանը լուծարումը չէ:

ՀԳ 2. Լուծարման պատճառներից մեկը համարվում է ինստիտուտի բաժնետիրական ընկերություն, շահույթ հետապնդող կազմակերպություն լինելը: Հիշեցնենք, ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ շահույթը կարող է տնօրինվել միայն համակարգի զարգացման նպատակով: Այդ իրավակազմակերպման ձեւը ժամանակին ընտրվել է ֆինանսների սղության պատճառով, այս խնդիրն այսօր առավել հրատապ է:

ՀԳ 3. ԿԱԻ-ի անմիջական մասնակցությամբ, ներդրումների արդյունքում են ձեւավորվել Լիցենզավորման ծառայությունը, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, Կրթության տեսչությունը։ Ի սկզբանե ԿԱԻ-ն էր իրականացնում Եվրախորհրդի IV դեպարտամենտում (կրթություն, գիտություն, մշակույթ) ՀՀ-ի ներկայացուցչի, Բոլոնիայի գործընթացին անդամակցվելու նախապատրաստման աշխատանքները: Անկախ ստեղծված եւ ստեղծվելիք կառույցներից` ԿԱԻ-ն համակարգի առանցքը պահող դերակատարում է ունեցել:

Վիկտոր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ