Ցուլին հաղթում են կարմիր շորով

Ցուլին հաղթում են կարմիր շորով

2020 թվականի փետրվարին, երբ արդեն կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրվել և Հայաստանը հայտնվել էր արհավիրքի մեջ, Արթուր Ալեքսանյանը մասնակցում էր Հռոմում անցկացված առաջնությանը։ Զազրելի էր թուրք մարզիկի պահվածքը, երբ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով կանգնեց հայկական դրոշին։ Իբր արհամարհում է։ Երբ մենք հաղթած երկիր էինք, դա չէր ազդի Հայաստանի վրա, գուցե և չհիշեինք այդ դեպքը։ Բայց այսօր հիշում ենք ու սոցիալական ցանցերում ցավոտ գրառումների ենք հանդիպում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Այն Նիկոլ Փաշինյանին, ով դրոշը իբր լավ չպահպանելու համար ցուցադրաբար մարդ էր ազատել աշխատանքից։ Այն Նիկոլ Փաշինյանին, ով նոր՝ պարտված Հայոց պատմություն է ստեղծում, որ թշնամու սրտով լինի։ Այն Նիկոլ Փաշինյանին, ում օրոք հանձնվեց Արցախը ու Հայաստանի պետականությունը վտանգի տակ է։ Այն Նիկոլ Փաշինյանին, որ մեր գերբն ու զինանշանը, մեր պատմությունն ու գրականությունը, մեր հոգևոր արժեքները փոխելուց է խոսում։ Ով հայկական խաչերը հայի ձեռքով հանել է տալիս, մեր հերոսներին նսեմացնում։

Օգտատերերը գրում են՝ հիշու՞մ ես Նիկոլ․․․ երբ Հայոց դրոշը բազում անգամ փողփողացրած Արթուր Ալեքսանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի երկրպագուների և թուրք մարզիկի դրոշից մեջքով շրջվելու պահվածքին, ասաց․ « Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: Այնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»։ 

Մարզական հաղթանակների վերջին շքերթը վկայում է, որ հայը ցուլից չի փախչում կամ շորը չի փոխում։ Նա կանգնում, ճակատ է տալիս ու բարձր է պահում Հայաստանի պատիվը։ Հայի ոգին չի կոտրվել, ցուլին հաղթում են կարմիր շորով։