Մարտից փոխհատուցվող և որոշ խմբերի դեղերը կտրամադրվեն Էլեկտրոնային դեղատոմսով․ ինչ է դա ենթադրում
2024 թվականի մարտից փոխհատուցվող և որոշ խմբերի դեղերը թղթայինի փոխարեն կտրամադրվեն Էլեկտրոնային դեղատոմսով։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Էլեկտրոնային դեղատոմսը ստանալու համար նախ բժիշկն ԱՐՄԵԴ համակարգում լրացնում է էլեկտրոնային դեղատոմսը՝ համակարգում առկա ցանկերից նշելով անհրաժեշտ դեղերն ու լրացնելով առողջության վերաբերյալ այլ տվյալներ, ինչից հետո բուժառուն կամ լիազորված անձը դեղատանը ցույց է տալիս անձը հաստատող փաստաթուղթը, իսկ դեղատան աշխատակիցն ԱՐՄԵԴ համակարգում տեսնում է դեղատոմսն ու անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և դեղը տրամադրում բուժառուին։
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը կարևոր է, քանի որ դրա շնորհիվ բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա, ինքնաբուժության, սխալ կամ ոչ նպատակային դեղերի ընդունման դեպքերը կբացառվեն կամ կնվազեն, դեղ ստանալու համար հերթերից, թղթաբանությունից և ժամանակի կորստից հնարավոր կլինի խուսափել, դեղատոմսի անընթեռնելիությունը, կորցնելը կբացառվի, մեխանիկական սխալներն ու բացթողումները կբացառվեն, կտրվեն ճիշտ քանակով դեղեր, բուժհաստատություններն ու դեղատները ճշգրիտ վիճակագրություն կունենան, բուժման ընթացքի մասին համապարփակ տեղեկատվությունը հասանելի կլինի համակարգում:
Կարծիքներ