Ըստ դատախազի՝ Մարտի 1-ի մասով վարչապետի ասածը հաշի՞վ չէ

Ըստ դատախազի՝ Մարտի 1-ի մասով վարչապետի ասածը հաշի՞վ չէ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործն, ըստ էության, բացահայտված է։
«Քրեական գործի մասին դուք տեղեկություն ունեք արդեն, նախաքննության ավարտ է հայտարարված որոշ մեղադրյալների մասով, նրանք հիմա ծանոթանում են գործի նյութերին։ Դրան կհետևեն, բնականաբար, քննիչի գործողությունները մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելը, դրան կհաջորդի դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելը կամ չհաստատելը, հետո դատարան և այլն»,-ասաց Արթուր Դավթյանը՝ այդպես էլ չասելով, թե արդյոք բացահայտվա՞ծ է  Մարտի 1-ի գործը։

Hraparak.am-ը հետաքրքրվեց նրանից, թե իր համար ի՞նչ ասել է՝ «Մարտի 1-ի գործը բացահայտված է»։ Դատախազը, սակայն, նորից հարցին ուղիղ պատասխան չտվեց։

«Ուրեմն, Դուք հիմա հարցը տալիս եք գլխավոր դատախազին։ Գլխավոր դատախազը պարզաբանեց, թե նախաքննությունն ինչ փուլում է գտնվում։ Բացահայտված-չբացահայտվածը ընդհանուր տեսական մեկնաբանության մեջ կարող եմ ասել, երբ որ գործի հանգամանքները բացահայտված են, արարքին տրված է իրավական գնահատական, կոնկրետ անձին մեղսագրված է այդ արարքի կատարումը, սա վկայում է բացահայտվածության մասին»,-ասաց նա։

-Այսինքն՝ միայն այն, որ ապացուցվի՝ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգ է տապալել 300.1 հոդվածով, դրանով կհամարեն գործը լիարժեք բացահայտվա՞ծ։

-Իհարկե, ոչ։ Քրեադատավարական առումով, նորից եմ ասում, դեպքի բոլոր հանգամանքների պարզում, այդ հանգամանքները իրավական գնահատականի արժանացնել են կոնկրետ անձի մասով։

-Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ասածն ի՞նչ է նշանակում։

-Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չի, Նիկոլ Փաշինյանի գնահատականը բերել կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ, դա ճիշտ չի։ 

-Բայց երկրի վարչապետն է նման հայտարարություն անում։

-Երկրի վարչապետը քրեադատավարական գործունեության սուբյեկտ չէ։ Երբ որ Դուք երկրի դատախազից, քննիչից կլսեք էդպիսի հարցը, ուրեմն էդ դեպքում դուք կկարողանաք ներկայացնել հակափաստարկները։

Հ․Գ․ Գլխավոր դատախազի այս պնդումն առնվազն տարակուսելի է։ Ստացվում է՝ երկրի վարչապետը հայտարարում է մի բան, որին, ինչպես կարելի է եզրակացնել դատախազի խոսքերից, առանձնապես պետք չէ լուրջ վերաբերվել, քանզի նա «քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չի»։ Այ, որ իրենք՝ իրավապահները, նման բան հայտարարեին, դա արդեն արժեր լուրջ ընդունել, իսկ էս դեպքում՝ «դե, հիմա, վարչապետ է, մի բան է, ասել է՝ շատ լուրջ մի ընդունեք»։

Հետաքրքիր է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը համաձա՞յն է Արթուր Դավթյանի հետ այս հարցում։ Մյուս կողմից՝ ի վերջո խոսքը երկրի վարչապետի մասին է, որը տիրապետում է կոնկրետ ինֆորմացիայի եւ պետք է առավելագույն ճշգրիտ լինի իր խոսքում, և եթե նա հայտարարում է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ենթադրաբար ունի (պետք է ունենան) հստակ ինֆորմացիա կամ էլ նրան սխալ տեղեկություն են հաղորդել, և նրանք պետք է պատժվեն։ Հակառակ պարագայում ստացվում է՝ վարչապետը հանիրավի, առանց հստակ տեղեկության ու փաստերի, օդի մեջ ինչ-որ հայտարարություն է արել՝ փորձելով ավելի շատ դրանով էմոցիոնալ ֆոն ստեղծել։ Եվ հիմա իրավապահներն ընկել են կրակը նրա այդ հայտարարության ձեռքը եւ ամեն ինչ անում են, որ հաստատեն-ապացուցեն նրա պնդումների իրական լինելը։