Ազատվենք կաղապարներից

Ազատվենք կաղապարներից

Այս տարիներին շատ ամուր կլիշեներ՝ կաղապարներ են ձեւավորվել մեր գիտակցության մեջ։ Բացասական եւ դրական ընկալվող հասկացություններ եւ երեւույթներ, որոնց մեջ խորանալիս շատ հնարավոր է պարզվի, որ դրանք խիստ չափազանցված են կամ մեր ընկալման մեջ գլխիվայր շուռ եկած։

Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ։ Ի՞նչ զգացում եք ունենում, ասենք, մասոնների ու մասոնականության մասին լսելիս։ 100-ից 90 մարդ կասի՝ խիստ բացասական, բայց երբ հարցնես՝ ի՞նչ է մասոնականությունը եւ ինչո՞վ է վատ կամ վնասակար, 100-ից 10-ն էլ չի կարողանա հստակ բացատրել իր նեգատիվ վերաբերմունքի պատճառները եւ հիմնավորել այն։ Կամ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ջորջ Սորոսին, նրա հիմնադրամներին ու աշխարհով մեկ սորոսականների ծավալած գործունեությանը։

Այս պարագայում գուցե բացասական տրամադրվածների քանակն ավելի մեծ լինի, եւ այս նեգատիվ վերաբերմունքի մեջ մեծ չափաբաժին ունի, իհարկե, առաջին հերթին քարոզչությունը, ավելի ճիշտ՝ հակաքարոզչությունը, ապա նոր միայն՝ սորոսական գրանտակերների վարքն ու բարքը, գործունեությունը Հայաստանում։ Այդպես խիստ բացասական է վերաբերմունքը նաեւ, երբ հնչում են «աղանդ» ու «աղանդավոր» բառերը, թեեւ խոսքով՝ կրոնական ազատությանը եւ Հայ առաքելական եկեղեցուց դուրս այլ կրոնական կազմակերպությունների գոյությանը, վստահ եմ, շատ քչերը դեմ կլինեն։

Խղճի ազատությանը դեմ են, բայց անգամ չեն գիտակցում, որ հենց «Կյանքի խոսք» եւ մյուս եկեղեցիների հետնորդներին են շատերն աղանդավոր կոչում։ Կասեք՝ մամուլը մեծ դերակատարում ունի այս կաղապարների ձեւավորման հարցում, կհամաձայնեմ։ Բայց հասարակությանը կրթելը, հասկացությունների ու գաղափարների ճիշտ ընկալում սերմանելը, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելը պետության հոգսն է, ո՛չ մամուլի։