Զրույցներ Սեմյուել Բեքեթի եւ Բրամ Վան Վելդեի հետ

Զրույցներ Սեմյուել Բեքեթի եւ Բրամ Վան Վելդեի հետ

Սեմյուել Բեքեթը հարցազրույցներ չի տվել, ժամանակի ընթացքում դրանք պատրաստվել են, վերցվել մերձավորների հետ փոխշփումների արդյունքում հնչեցված բեքեթյան խոսքի ժուժկալ պատառիկներից, հիշողություններից, զուսպ պատահարից ծնված մեջբերումներից ու եզրահանգումներից, ապա ամփոփվել տարբեր ժողովածուներում: 

Ահա․ ֆրանսիացի բանաստեղծ, վիպասան Շառլ Ժուլյեի «Զրույցներ Սեմյուել Բեքեթի եւ Բրամ Վան Վելդեի հետ» գիրքը դրանցից մեկն է: 1964 եւ 1977 թվականներին երիտասարդ գրողը Փարիզում հանդիպել է եւ զրույցի փորձեր ձեռնարկել Բեքեթի հետ: Նրա հերոսը ոչ միայն Բեքեթն է, այլ նաեւ իռլանդացու մերձավորն ու գաղափարական արվեստակիցը՝ գեղանկարիչ Բրամ Վան Վելդեն: Գրքի անգլերեն հրատարակությունն առաջին անգամ լույս է տեսել 1996 թվականին (“Conversations with Samuel Beckett and Bram Van Velde”, Academic Press Leiden, 173p.): 

Անգամ մեծ ցանկության դեպքում բավականին բարդ է այս զրույցների շուրջ մինչեւ իսկ հետեւողականորեն մտածելը, ո՛չ Վան Վելդեն, ո՛չ էլ, առավելապես, Բեքեթը չեն պատմում, չեն սահմանում, չեն փոխանցում, այն, ինչ ասվում է, հպանցիկ է՝ բացառապես խոսքի աշխատանք, ուր չկան կարեւորումներ, ուր կարծես մտքի անուղղակի քողազերծում է, մտքի հանդեպ մի տեսակ լեզվական անվստահություն, որ բնորոշ է Բեքեթի երկրորդ շրջանի վեպերի, պիեսների հերոսներին: 
Բեքեթ՝ «Գրելը լռեցրեց ինձ» (ստորեւ անգլերենից թարգմանությունը՝ Ա. Պ.), «Այդ ակադեմիական ցնդաբանությունը…», «Մոլլոյը գրեցի այն օրը, երբ հասկացա, թե որքան հիմար եմ: Դրանից հետո սկսեցի գրառել այն, ինչ զգում եմ», «Գնալով՝ կարճառոտ ու կարճառոտ եմ գրում», «Հիվանդությունն ինձ շատ օգնեց», «Ընդունում եմ՝ ես Օբլոմովն էի», «Երբ լսում ես ինքդ քեզ, այդտեղ գրականությունը բացակա է»:

Այսօրինակ տողերն ասես ոչ թե Բեքեթից են ելնում, այլ իր հեղինակած տեքստերը պատմողի: Տպավորություն է, թե Բեքեթը բացում է իր գրքերից մեկը եւ ընթերցում իմաստներ ու ասելիքներ փլուզող նախադասությունների սայթաքուն ու կարճ հեւքեր, որից հետո ներողություն խնդրելով՝ անհետանում է սրճարանից՝ սեղանին թողնելով գրքի բացված էջը: 
Շառլ Ժուլյեն նույնիսկ հարցեր չի տալիս. դրանք հարցերի էլ նման չեն՝ ի՞նչ հարցնել մի մարդու, որը պատասխաններ չունի, առհասարակ, միտված չէ իմանալու պատասխանի ինչը, պատասխանելու ինչպեսը: 

Այս՝ «Զրույցներ…» տիտղոսված բնագրում Ժուլյեն միայն դեպքից դեպք է հայտնվում (մտքով երբեք չէր անցել, թե գրող է դառնալու), (ժպտում է ու փախցնում հայացքը), (նա չգիտեր՝ ինչպես շարունակի), (նրան դուր է գալիս, որ գնալով ավելի քիչ է գրում): Այսպես, Ժուլյեն փորձառում է Բեքեթին եւ այդքանը: Ինչ-որ պահից սկսած՝ ոչ միայն չքանում են զրույցի կողմերը, զուգընթաց չքանում է նաեւ հանդիպման ամբողջ կենսապայմանը, որից հետո ուղղակի ձայներ են լսվում՝ այն նույն լեզվական հոգեվարքը, Բեքեթի լռության նախօրեն: