ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարկային օրենսգրքի 2017թ տարեվերջյան փոփոխությունների արդյունքում էականորեն բարձրանում են հանրային սննդի ոլորտի հարկերը: Մասնավորապես, 2018թ. հուլիսի 1-ից արտոնագրային վճարի փոխարեն ոլորտի մասնակիցները սկսեցին վճարել շրջանառության հարկ՝ շրջանառության 6%-ի չափով, որը 01.01.2019թ. դարձել է 8%, իսկ 01.01.2020թ. դառնում է 10%: 

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում վերոնշյալ դրույթները թողնված են նույնը՝ արդյունքում առաջացնելով էական խոչընդոտներ ոլորտի զարգացման համար:

Մասնավորապես՝
• Անընդունելի է 3 տարվա ընթացքում ոլորտի համար ունենալ 4 հարկային ռեժիմ կամ դրույքաչափ,
• Նախորդ իշխանությունների կողմից հարկերը բարձրացնելու և ամեն գնով բյուջե լցնելու հարկային քաղաքականությունը որոշ դեպքերում «լուռ համաձայնությամբ» շարունակվում է նոր կառավարության կողմից,
• Հարկային ռեժիմի փոփոխության արդյունքում արդեն մի քանի անգամ ավելացել են ոլորտի հարկային մուտքերը,
• Օրենսգրքով սահմանված ծախսերի նվազեցման հնարավորությունը հնարավոր չէ ամբողջությամբ կիրառել, քանի որ ոլորտի ձեռքբերումների մեծ մասը գյուղատնտեսական արտադրանք է, որի ծախսագրումը նորմալ կարգավորված չէ և առաջացնում է ռիսկեր,
• Ոլորտը համարվում է զարգացող, որտեղ ներգրավված են մի քանի հազար ընկերություններ՝ մոտ 20.000 աշխատակիցներով,
• Ոլորտը նաև համարվում է արտահանող, տուրիզմը խթանող, քանի որ հանրային սննդի ծառայություններից օգտվում են նաև  արտասահմանցիները, իսկ նման դեպքերում հարկերը էականորեն ցածր են լինում:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է առնվազն չխանգարել պետական որևէ աջակցություն, արտոնություն չստացած և չպահանջող ոլորտին:
 
Կառավարության կողմից Ազգային ժողով Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ներկայացնելուց հետո պատրաստվում եմ ներկայացնել առաջարկ հանրային սննդի ոլորտի շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման դրույթները ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ՝  պահպանելով մինչև 01.01.2019թ գործող 6% դրույքաչափը:

Մանե Թանդիլյան