Ճշմարտությունից կես քայլ հեռավորության վրա

Ճշմարտությունից կես քայլ հեռավորության վրա

Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւն ավելի քան տասը տարի առաջ եղել է Արցախում: Բաքու վերադառնալով՝ հեղինակել է «Ղարաբաղյան օրագիր» հոդվածաշարը, որտեղ Խոջալուի մասին արել է հետեւյալ ուշագրավ դիտարկումը. «Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին. կատարյալ վստահությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին մտայնությունները հիմքից զուրկ են: Միջանցք իրականում եղել է, այլապես լիովին շրջապատված եւ աշխարհից կտրված խոջալուցիները ոչ մի կերպ չէին կարող շեղքել օղակները եւ դուրս գալ շրջապատումից: Բայց Կառկառ գետից այն կողմ փախստականների շարանը բաժանվել է, եւ չգիտես ինչու խոջալուցիների մի մասն ուղղվել է դեպի Նախիջեւանիկ: Երեւում է, որ ԱԺՃ գումարտակները ձգտել են ոչ թե խոջալուցիների ազատմանը, այլ՝ Մութալիբովի տապալման ճանապարհին մեծ արյան»:https://gisher.org/eynulla-fatullaev-karabaxskiy-dnevnik-t12884.html Այսօր նույն հեղինակի մոտ կարդում ենք.«Չէ՞ որ Խոջալուն գրոհելիս հայկական բանակը մարտի է նետել ընդամենը 447 մարտիկ: Իսկ այդ նույն ժամանակ Աղդամում ԱԺՃ-ի դաշտային հրամանատարների վերահսկողության տակ կար 12 Տ-72 տանկ,  4 մարտական մեքենա, համազարկային կրակի 4 ռեակտիվ կայանք, 40 թնդանոթ եւ 2 500 զինվոր.. Ինչու՞ ամբողջ բանակը հետ կանչեցին Բաքու՝ Մութալիբովի տապալմանը՝ Ղարաբաղում անզեն ադրբեջանցիներին դեմ առ դեմ թողնելով հակառակորդի հարձակվող բանակի դեմ»:https://haqqin.az/news/145724 Շեշտադրումներն, ինչպես տեսնում ենք, փոխված են:

Փոխվել են ժամանակներն ու հանգամանքները: Նախկին այլախոհ Ֆաթուլլաեւն այսօր ալիեւյան ռեժիմի հիմնական խոսափողներից մեկն է: Բայց դրանից ոչինչ չի փոխվում կամ քիչ բան է փոխվում: Եթե համադրենք նրա ավելի քան տասնամյա վաղեմության եւ այսօրվա դիտարկումները, ապա Ադրբեջանի ժողովրդական ճակատին ուղղված հարցադրումների շարքը պետք է այսպես ամփոփենք. «Ինչու՞ Խոջալուի խաղաղ բնակիները գնդակահարվեցին Աղդամի մատույցներում՝ ադրբեջանական դիրքերից ոչ ավելի, քան 5-700 մետր հեռավորության վրա»: Պետք է հուսալ, որ վաղվա Ադրբեջանում այս հարցը հնչեցվելու է: Հանուն ադրբեջանական ժողովրդի գիտակցության առասպելազերծման: Հանուն ճշմարտության, որից ընդամենը կես քայլ է այսօր հեռու լրագրող Ֆաթուլլաեւը: