Պարզվում է՝ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին այլ հարց էլ են քննարկել

Պարզվում է՝ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին այլ հարց  էլ են քննարկել

Շաբաթ օրը ԱԺ-ում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության 4 ժամյա փակ նիստին, թե ինչ կարևոր հարցեր քննարկվեցին, հանրությունն ամբողջությամբ տեղեկացված լինելու հնարավորություն չունեցավ: Իսկ եթե սրան գումարենք այն, որ այդ նիստի պատճառով լրագրողներին թույլ չտվեցին ԱԺ մուտք գործել, եւ միայն ավելի ուշ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում համառոտ ներկայացրեց, թե՝ զարմանալի ոչ մի բան չկա, տարբեր հարցեր են քննարկվել, խոսել են վարչապետի Դավոս եւ Գերմանիա կատարած այցելությունների ու պարգեւավճարների մասին, կարող ենք ասել, որ լրագրողների  շատ հարցեր անպատասխան  մնացին:

Օրինակ, հասարակությանն ու ԶԼՄ-ներից շատերին այս օրերին հետաքրքրում է Գյումրիում գործող «Շիրակ» հեռուստաընկերության փակման հարցը: Կառավարությունն այս որոշումն ընդունեց վերջին նիստին՝ առանց հարցը քննարկելու: «Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրի փոխանցմամբ «Շիրակ» Հ/Ը-ի լուծարման հարցին փակ նիստին անդրադարձել են, բայց շատ հպանցիկ, քանի որ խմբակցությունն ավելի կարևոր հարցեր է քննարկել: Դժվար է պատկերացնել, թե քառորդդարյա պատմություն ունեցող հեռուստաընկերությունից եւ հանրապետության ամենաաղքատ մարզում շուրջ 60 աշխատողների գործազուրկ դառնալու փաստից զատ, էլ ի՞նչ կարևոր հարցեր կարող էին քննարկել, այդուհանդերձ…. 

Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Նազենի Բաղդասարյանն էլ, անդրադառնալով «Շիրակ» հեռուստաընկերության լուծարմանն ու շաբաթ օրվա փակ նիստին, ֆեյսբուքյան քննարկումներից մեկում նշել է, թե  հարցն իրենց կողմից բարձրացվել է. «Վարչապետն էլ առանձնազրույցում խոսել է հնարավոր լուծման ուղիների մասին։ ՀԸ տնօրինությունը եւս տեղյակ է քննարկման եւ զրույցի մասին»,-գրել է պատգամաորը։Նշենք, որ մեզ հետ զրույցում հեռուստաընկերության արդեն նախկին աշխատողներից մի քանիսն ասացին, որ մտորում են Գյումրիից հեռանալու, կամ երկիրն ընդհանրապես լքելու մասին: Այս օրերին գործընկերների հոգսը  փորձել է մեղմել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը՝ հայտարարություն տարածելով. «ԳԱԼԱ հեռուստաընկերությունն, ի աջակցություն «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության իր գործընկերների, հայտարարում է, որ պատրաստ է աշխատանքի ընդունել լուծարված ընկերության համապատասխան որակավորում ունեցող բոլոր մասնագետներին՝ ԳԱԼԱ-ի Գյումրիի գրասենյակում պահպանելով «Շիրակ» ՀՌԸ-ում նրանց ստացած աշխատավարձի չափը, իսկ ԳԱԼԱ-ի երեւանյան գրասենյակում աշխատանքի անցնելու դեպքում այդ աշխատավարձին կգումարվի 30% հավելավճար»:

«ԳԱԼԱ-ն էլ է Գյումրիում հեռարձակվում անալոգային սիստեմով, ավելին՝ ինքնաֆինանսավորվող է, ինչպես է ստացվում, որ նա կարողանում է բավականաչափ հարկեր մուծել, նորմալ, կայուն աշխատել, դեռ մեզ էլ մեծահոգաբար աշխատանքի վերցնել, իսկ անմիջապես պետական հոգածության տակ գտնվող կառույցը լուծարվում է»,- ասում է «Շիրակ» ՀԸ-ի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունն առ այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է: Ավելացնենք, որ ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդին էր վերապահված Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները։