Փաշինյանի հակահեղափոխական տրամադրությունների պատճառը Սերժ Ազատիչն է

Փաշինյանի հակահեղափոխական տրամադրությունների պատճառը Սերժ Ազատիչն է

Արցախի եւ Հայաստանի իշխանավորների միջեւ հակասություն, լարվածություն չկա, արցախյան մեր աղբյուրների պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արցախյան այցից ստացած «տպավորությունների» գլխավոր «մեղավորը» Սերժ Սարգսյանն է եւ 2020 թվականին սպասվող Արցախի նախագահական ընտրությունները։ Հիշենք, որ եռատոնի առիթով Արցախում մի քանի ժամ անցկացրած Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը հայտարարեց․ «Եթե հանկարծ Արցախում հակահեղափոխությունը գլուխ բարձրացնի, Արցախի ժողովուրդը հեղափոխություն կանի»։ 

Իրականում Նիկոլ Փաշինյանը մտահոգություններ ունի, որ եկող տարվա նախագահական ընտրությունների արդյունքում Արցախում չհաստատվի այնպիսի իշխանություն, որը հակադրության մեջ կմտնի իր իշխանության հետ։ Այդպիսին նա դիտարկում է նախագահական հավակնություններ ունեցող Վիտալի Բալասանյանին, ում հայտարարությունն էլ Փաշինյանը դիտարկել է իբրեւ Արցախում ձեւավորվող «հակահեղափոխական օջախ»։ Բանն այն է, որ եռատոնի ժամանակ աահմանին տիրող լարված իրավիճակին անդրադառնալով` Բալասանյանը, հեգնական տոնով ձեռքով ցույց տալով Փաշինյանին, հայտարարել էր. «Դրա հարցով աշխատե՛ք դիմել վարչապետին, որովհետեւ ինքն է այդ վերելակային բանակցությունները կազմակերպում. ինչո՞ւ վարչապետին չեք դիմում, իրե՛ն դիմեք»: Մեր աղբյուրների պնդմամբ, Փաշինյանի կարծիքով՝ Վիտալի Բալասանյանի շուրթերով խոսում է Սերժ Ազատիչը, եւ Փաշինյանի խնդիրը ոչ թե Բակո Սահակիչն է, այլ Սերժ Սարգսյանը։ Քանի որ նախագահության վերջին ամիսներին Բակո Սահակյանն աշխատում է ակտիվ պահվածք չդրսեւորել, ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը։ Ավելին, տեղեկացանք, որ ներքին կարգով Վիտալի Բալասանյանին խորհուրդ է տրվել զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում․ «Բայց Բալասանյանը խոսելու հետ սեր ունի, եւ լեզվի տակ էլ ոսկոր չկա, նախորդ ընտրությունների ժամանակ էլ Սահակիչի դեմ է աշխատել ու նման հայտարարություններ արել»։ 

Այդուհանդերձ, Փաշինյանի մտահոգությունները, արցախցիների համոզմամբ, տեղին չեն, քանի որ Արցախի նախագահական ընտրություններում հաղթելու համար Բալասանյանն իր շանսերով շեշտակիորեն զիջում է Արայիկ Հարությունյանին։ Բացի այդ, առջեւում դեռ ֆավորիտային այլ թեկնածուներ կհայտնվեն։ Այն մարդիկ, ովքեր մտադիր են առաջադրվել, ակտիվ հանդիպումներ են նախաձեռնում: Մի մասը՝ բաց, հրապարակային, մի մասը՝ փակ՝ կոնսուլտացիաների ձեւով: Այս պահին նման գործընթացների մեջ է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ով դեռ չի խոսել այդ թեմայով, բայց հանրության որոշ զանգվածների մոտ համակրանք է վայելում, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով այսօր էլ ղեկավարում է այն կուսակցությունը, որն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հենարանն էր, Սամվել Բաբայանը, ում հիմնական պլատֆորմը հակափաշինյանական քարոզչությունն ու «միակ տղամարդու» կերպարն է․ վերջինս նաեւ լավ հարաբերություններ է պահպանում Ռոբերտ Քոչարյանի հետ: 

Վիտալի Բալասանյանը, ով «կռված տղու» դասական կերպար է,  նախորդ նախագահական ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, իշխանական կարգավիճակում նվազելու են այդ տոկոսները։