Գիտության կոմիտեն կոռուպցիոն մարմին է, ո՞ւմ է պետք այն

Գիտության կոմիտեն կոռուպցիոն մարմին է, ո՞ւմ է պետք այն
Մովսես Արիստակեսյան

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը թեեւ ծանոթ չէ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, սակայն օպտիմալացումը համարում է անհրաժեշտ։ 

«Թող գնան, բիզնեսով զբաղվեն։ Նախկին պաշտոնյաների մի մասը կոռումպացվա՞ծ են, չէ՞, նախարարներ, տեղակալներ, վարչության պետեր։ Նրանք մեզ խորհուրդներ էին տալիս, չէ՞, թող հիմա գնան, բիզնեսով զբաղվեն։ Թող աշխատեցնեն ուղեղները, հերիք է պետական բյուջեից սնվեն »,- նշեց նա մեզ հետ զրույցում։
Հնարավո՞ր է, որ երկար տարիներ պետական ապարատում աշխատած մարդը կարողանա բիզնեսով զբաղվել, կա՞ն դրա համար նախադրյալներ։

«Իրենք իրենց ծանոթ-բարեկամներին պաշտոնների էին նշանակում քրեաօլիգարխիկ համակարգում։ Ե՛վ աշխատավարձ էին ստանում, եւ՛ արտերկրյա ճամփորդությունների մեկնում, եւ՛ որակավորման կուրսերի մասնակցում, եւ՛ կաշառք վերցնում, հիմա թող գնան, աշխատեն, ոչ թե նստեն պետության վզին։ Մեր փոքր երկրի համար 17 նախարարությունը ճոխություն էր։ Եվ ոչ միայն 17 նախարարությունը, այլեւ նրանց կից 20  կազմակերպությունները, կոմիտեները։ Գիտության կոմիտեն, օրինակ, կոռուպցիոն մարմին է, այդ սկզբունքով մրցույթներ է անցկացնում։ Ո՞ւմ է պետք այդ կոմիտեն, բավարար էր կրթության եւ գիտության նախարարությունում մի վարչության գոյությունը, որը կմշակեր գիտությանը վերաբերող քաղաքականությունը։ Կամ՝ ո՞ւմ է պետք զբոսաշրջության կոմիտեն, բոլոր տուրօպերատորները մասնավոր են, կարող էր տնտեսական զարգացման նախարարությունում մնալ մի բաժնի կարգավիճակով»,- թվարկում է տնտեսագետը։
Մեր զրույցի ժամանակ Մովսես Արիստակեսյանն անդրադարձավ նաեւ Հանրային խորհրդին։ 
«Վազգեն Մանուկյանը տասը տարի շարունակ ծառայել է քրեաօլիգարխիկ համակարգին, Սերժ Սարգսյանն ինչ ասել է՝ կատարել են»,- նշեց նա։

Օպտիմալացման հետ մեկտեղ Մովսես Արիստակեսյանը կարեւորում է նաեւ կադրային քաղաքականությունը։
Մովսես Արիստակեսյանի կարծիքով՝ «այդ կադրերով, որոնց նշանակել է վարչապետը, առաջ գնալ հնարավոր չէ։ Դավիթ Սանասարյանն ինչպե՞ս կարող է լինել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ Դավիթ Սանասարյանի նման պաշտոնյային պետք է հեռու պահել կառավարման ոլորտից։ Նա չունի կառավարման փորձ, տղայական պահվածք ունի»։ 

Մեր դիտարկմանը, թե ինչ սկզբունքով առաջնորդվի երկրի ղեկավարը կադրեր ընտրելիս, երբ փորձ ունեցողների մասին ասում են, որ նրանք կոռումպացված են, չունեցողների մասին ասում են, թե նրանց չպետք է մոտ թողնել կառավարման համակարգին, Մովսես Արիստակեսյանն արձագանքեց․ «Իհարկե, կան մարդիկ, որոնք կոռումպացված են, եւ նրանց չպետք է մոտ թողնել կառավարման համակարգին։ Բայց կան նաեւ ազնիվ մարդիկ, որոնց գիտելիքներն ու փորձը կարելի է օգտագործել»։