Հայ-ռուսական հարաբերությունների նոր «փայլատակում»

Հայ-ռուսական հարաբերությունների նոր «փայլատակում»

Չնայած Նիկոլ Փաշինյանը պատեհ առիթներով չի վարանում հայտարարել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «փայլուն» են, եւ հակառակի մասին պնդումները սոսկ քաղաքական շահարկումներ են, այդուհանդերձ, «ռեալ պոլիտիկան» ճիշտ հակառակի մասին է ապացուցում։ Դեռ չէր մարել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանից ԱԳՆ-ի մակարդակով «ատչյոտ» պահանջելու շուրջ բարձրացած աղմուկը, երբ հայ-ռուսական հարաբերություններում նոր «փայլատակում» գրանցվեց։ Այս անգամ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները դեմ են քվեարկել կամ չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձնելու որոշման քվեարկությանը։

ՌԴ պատվիրակները ԵԽԽՎ-ի աշխատանքներին չեն մասնակցում 2014թ․-ից, երբ ԵԽԽՎ-ն Ղրիմի «անեքսիայի» պատճառով զրկեց նրանց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից։
Ուշագրավ է, որ ԵԽԽՎ մեր պատվիրակության քվեարկության իրավունք ունեցող ընդդիմադիր 2 պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը, կողմ են քվեարկել, իսկ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ դեմ, Հովհաննես Իգիթյանն էլ անհայտ պատճառներով չի մասնակցել քվեարկությանը։ Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 24-ին։

Երեկ, երբ աղմուկ բարձրացավ, ու տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստվում է բողոքի նոտա հղել մեր ԱԳՆ-ին՝ իր ռազմավարական դաշնակցին, նման պահվածքի համար, ԵԽԽՎ-ից լուր «եկավ», որ Ռուբեն Ռուբինյանը սխալմամբ է դեմ քվեարկել։ Իր քվեարկությունից մեկ օր անց՝ երեկ, Ռուբինյանը վարման կարգով ելույթ է ունեցել եւ հայտարարել, թե մեկ օր առաջ թյուրիմացություն է տեղի ունեցել, եւ ինքը պատահաբար դեմ է քվեարկել, իրականում կողմ է եղել: Սակայն գնացքը գնացել է, եւ ԵԽԽՎ նախագահությունից հայտնել են, որ ուղղել հնարավոր չէ, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգը նման մեխանիզմ չի նախատեսում, ուստի կազմվել է արձանագրություն: Ռուբինյանը, որպես սրտահովանք, օրվա ընթացքում ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ լուսանկար տեղադրեց Ֆեյսբուքում՝ գրելով․ «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը եւ վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաեւ ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր, հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։ Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր եւ մեր ռուս գործընկերների հետ բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»։

Խոսվում է, որ Ռուբինյանն իրականում չի շփոթվել, դեմ քվեարկելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի մակարդակով՝ որպես պատասխան ՌԴ դեսպանի՝ Քոչարյանին հանդիպելու նախաձեռնության, բայց երբ հասկացել են, որ իրենց քայլը կարող է սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, անցել են «կռուտիտի» ժանրին։

Ի դեպ, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից եւ այլ երկրներից մի խումբ պատգամավորներ վիճարկել են Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերականգնելու որոշումը, քվեարկությունից հետո մոտ 50 պատվիրակ, կանոնակարգով սահմանված ընթացակարգով, ոտքի է կանգնել՝ ի նշան բողոքի, ինչը պատճառ է դարձել, որ ԵԽԽՎ ղեկավարությունը չհաստատի որոշումը։ Այսօր օրվա երկրորդ կեսին հարցը կքննարկվի Մոնիթորինգի հանձնաժողովում, նոր միայն պարզ կդառնա՝ Ռուսաստանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ, թե՞ ոչ։ Այդ հանձնաժողովում հայաստանյան պատվիրակությունից ներկայացված է միայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Երեկ նա ԵԽԽՎ-ից մեզ փոխանցեց, որ իրենք՝ պատվիրակությունն ամբողջությամբ, կողմ արտահայտվելու դիրքորոշում ունեն։ Ավելին, Մարուքյանը վստահեցրեց, որ Ռուբինյանի քվեարկությունն էլ «տեխնիկական» խնդրի արդյունք է։

Մարուքյանից հետաքրքրվեցինք Հովհաննես Իգիթյանի չմասնակցելու մասին։ Ասաց, որ իրեն հայտնի չէ պատճառը։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մեր զրույցում չէր բացառել, որ Իգիթյանը միգուցե վատառողջ է եղել, իրեն լավ չի զգացել։ Մարուքյանից հետաքրքրվեցինք Իգիթյանի առողջությամբ։ «Ես չգիտեմ, կարող է վատառողջ է, ես չեմ տեսել, չեմ հարցրել, իմ գործը չէ»,- ասաց նա։ Ընդդիմադիր պատգամավորը նաեւ վստահեցրեց, որ ճնշման ներքո Ռուբինյանը չի փոխել որոշումը․ «Պատվիրակությունն ի սկզբանե որոշում է ունեցել, որ բոլորը կողմ քվեարկեն, պարզապես տեխնիկական խնդիր է առաջացել»։ Հետաքրքրվեցինք՝ այդքան բա՞րդ է քվեարկության գործընթացը, որ պատվիրակության ղեկավարը չի կարողացել ճիշտ քվեարկել կամ գոնե անմիջապես տեղում ուղղել սխալը։ «Ոչ, բարդ չէ, մեր պառլամենտի պես, բայց բոլոր պառլամենտներում էլ լինում է՝ քվեարկում ես, ձայնդ այլ կերպ է գրանցվում, կամ այլ կոճակ ես սեղմում»։